Հայերեն   English   Русский  

Ընթանում է Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը


  
դիտումներ: 313

Այսօր՝ հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Ինչպես նախորդ նիստերին, այսօր ևս Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատական նիստին: Ըստ պաշտպանների՝ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս, որ Գրիգորյանը ներկա գտնվի դատարանի դահլիճում:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքն ու գրավի միջնորդությունը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: