Հայերեն   English   Русский  

Էրդողանն ասել է, որ Իմամօղլուն չի կարող պաշտոնավարել առանց ներողություն խնդրելու Օրդուի նահանգապետից


  
դիտումներ: 483

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 23-ին Ստամբուլում կայանալիք քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է արել:

Նա նշել է, որ ընդդիմադիր թեկնածուն եթե նույնիսկ ընտրվի, միևնույն է չի զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը:

Իշխանության թեկնածու Բինալի Յըլդըրըմի հետ հիմնական մրցապայքարի մեջ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն է: Ըստ Էրդողանի՝ ընտրվելու դեպքում Իմամօղլուն նախ պետք է ներողություն խնդրի Օրդուի նահանգապետից:

«Օրդուի շրջանի նահանգապետին «շուն» է անվանում: Քանի դեռ իմ ժողովրդից, մասնավորապես Օրդուի նահանգապետից ներողություն չի խնդրել, էլ ի՞նչ թեկնածության մասին է խոսքը: Նա այդպիսի պաշտոնի չի կարող անցնել»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Ինչ վերաբերում է մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններից հետո Իմամօղլուի` 18-օրյա քաղաքապետի լիազորությունների կատարմանը, Էրդողանը պնդել է, որ այդ ժամկետում ընդդիմադիր քաղաքական գործիչը ցանկացել է պատճենել Ստամբուլի քաղաքապետարանի տվյալները:

Էրդողանը տվյալների պատճենումը նմանեցրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող Ֆեթուլլահական կազմակերպության (գյուլենական համայնք) ձեռագրին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: