Հայերեն   English   Русский  

Տաշած քարը գետնին չի մնա. բացահայտում ենք Ապարանի քանդակագործության միջազգային սիմպոզիումի մասնակիցներին


  
դիտումներ: 3400

Հունիսի 1-ից Ապարանում մեկնարկել է Քանդակագործության միջազգային 2-րդ սիմպոզիումը:

Քաղաքի «Վերածնունդ» պուրակը 17 երկրից ժամանած ավելի քան 21 արվեստագետների շնորհիվ վերածվել է իսկական արվեստանոցի: Պուրակում 17 երկրի մշակույթներն ու լեզուները միախառնվել ու մշակութային խաչմերուկ են ստեղծել: Քարից, մետաղից, փայտից պատրաստված քանդակները լցրել են այգին:

Ապարանցիներն էլ հասցրել են ծանոթանալ ու ընկերանալ իրենց քաղաքում հյուրընկալված միջոցառման մասնակիցների հետ: Կանադայից ժամանած Լուսնակը, որ իր անվանը համաձայն ամեն տեղ լույս ու ժպիտ է տարածում, ասում է՝ ապարանցիները հաճախ են իրեն սուրճի ու զրույցի հրավիրում:

Ապարան Սիմպոզիում

Լուսնակին հանդիպեցինք «Վերածնունդ» պուրակից փոքր-ինչ հեռու: Նա այս անգամ մնացածի նման քանդակի վրա չի աշխատում: Տեղացիներին իր մեկ այլ շնորհով է զարմացնում:

«Սիմպոզիումի շրջանակներում ցանկանում ենք փորձարկել նաև պատերին արված նկարները, դրա համար որոշեցինք, որ այս տարի ես ոչ թե քանդակներ եմ անելու, այլ՝ պատին նկար: Որոշեցի Արագածի 4 գագաթների նման նկարել 4 Կոմիտասներին. հոգևոր Կոմիտասին, մարդ Կոմիտասին, երգահան Կոմիտասին ու Կոմիտասի Կոմիտասին»:

Լուսնակը նշում է, որ առանց իր փոքրիկ օգնականի դժվարությամբ գործը գլուխ կբերեր: 12-ամյա Կառլենը Երևանից է: Ասում է, որ իր կյանքի երազանքը կատարվեց սիմպոզիումի շնորհիվ. «Միշտ երազել եմ պատին նկարել ու հիմա օգնելով Լուսնակին իրականացնում եմ երազանքս»,-հետո մեծ ոգևորությամբ պատմում է, թե աշխատանքում կոնկրետ ինչ է ինքը անում,-«Եթե նկարի վրա փոքր չներկված տեղեր, անցքեր են մնում ես եմ դրանք լցնում»,-ասում է ու հպարտ կանգնում Լուսնակի կողքին:

Հետաքրքրվում եմ, թե ինչ շինություն է, որի պատին նկարում են.«Սա ապարանցի Իվանի շենքն է, նա մեծ ուրախությամբ թույլ տվեց, որ այստեղ աշխատենք»:

«Ինչու՞ չպետք է համաձայնեի, պատն այսպես ավելի գեղեցիկ է»,-ասում է Իվանը, որ այդ պահին միացավ մեր խոսակցությանը:

Հրաժեշտ ենք տալիս Լուսնակին ու առաջ շարժվում: Քիչ հեռու՝ դարբնոցում, ապարանցի դարբին Համբարձումի հետ աշխատում է Բելգիայից ժամանած Արա Բադալյանը:

Ապարան Սիմպոզիում

Նրա քանդակի մի մասի վրա դարբնոցում են աշխատում, մյուս՝ քարե հատվածն արդեն պուրակում է, որտեղ աշխատում են մյուս մասնակիցները:

«Ձեր քանդակը տարբերվում է մյուսներից, այստեղ գույները շատ են, Ի՞նչ եք ցանկացել ասել քանդակով»,-հարցնում եմ ես:

«Ցանկացել եմ՝մարդկանց ծանոթացնել երկնքի հետ: Մարդիկ հիմնականում կամ ներքև են նայում, կամ առաջ, էսպես գոնե մեկ-մեկ վերև էլ կնայեն: Հատուկ ներկեր ենք օգտագործում: Գույնը շուտ չի խամրի: Հիմնականում վառ երանգներ ենք ընտրում, փորձում ենք խուսափել սևից ու սպիտակից, որ հաճախ են օգտագործվում»,-ասում է Արան ու հետո ինքն էլ իր օգնականին է ներկայացնում,-« Կարծում եմ, որ Համբարձումը սիմպոզիումի լիարժեք մասնակիցն է և քանդակիս տակ գրելու եմ նաև նրա անունը: Ապարանցիք հրաշալի մարդիկ են: Իրենք անում են ամեն ինչ, որ իրենց Ապարանը դառնա ժամանակակից արվեստի քաղաք: Ես ուրախ եմ, որ Ապարանում նման ընկերներ եմ ձեռք բերել, նրանք ինձ էնպիսի արժեքներ են սովորեցնում, որ դժվար գտնեմ Եվրոպայում»:

Ապարան Սիմպոզիում

Արա Բադալյանը սիմպոզիումի կազմակերպիչներից է: Նշում է, որ իրենց բուն նպատակը՝ Հայաստանը հնարավորին չափ ժամանակակից արվեստի դաշտ մտցնելն ու Ապարանը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելն է:

Արային ու Համբարձումին դարբնոցում թողնելով բարձրանում ենք դեպի պուրակ, որտեղ հավաքվել են արվեստագետներ, քանդակագործներ ու փոշու մեջ կորած մաքրամաքուր արվեստի կոթողներ են ստեղծում:

Հայտնի քանդակագործ, ոսկերիչ, դիզայներ Արման Նուռը, որ սիմպոզիումի ստեղծագործական մասի ոգեշնչողն ու կազմակերպիչներից է, ասում է, որ նման մասշտաբների սիմպոզիում առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:

Ապարան Սիմպոզիում

«Երկրների նման բազմազանություն, նման որակի ու հայտնիության քանդակագործներ առաջին անգամ են հավաքվել Հայաստանում։ Այս սիմպոզիումին ընդհանուր առմամբ եղել է մասնակցության 94 հայտ, բայց ընտրվել են 17-ը: Նրանց միացել են նաև մի քանի հայ քանդակագործներ, ովքեր իրենց քանդակների վրա են աշխատում։ Ընդհանուր առմամբ 21 արվեստագետ է աշխատում սիմպոզիումի շրջանակներում»,-ասում է Նուռը։

Իտալիայից Հայաստան ժամանած Ֆեդերիկոն Հայաստանով, Ապարանով հիացած ասում է, որ չնայած սա իր առաջին այցն էր Հայաստան, բայց միանշանակ շարունակական կլինի, հետո պատմում է քարից կերտած իր քանդակի մասին, որն իր նվերը կլինի Ապարանին ու ապարանցիներին. «Քանդակս մի իրավիճակ է ներկայացնում, երբ մարդ ինչ-որ բան է ուզում, դժվարությամբ հասնում է դրան, հանկարծ սկսում է վանել դա իրենից»:

Ապարան ՍիմպոզիումՄիայն ուրախ եմ, որ Հայաստանում եմ գտնվումու այս մեծթիմի հետեմ աշխատում: Իսկապես հրաշալի միջոցառում է»:

Նման տպավորություններ ունի նաև ռուս քանդակագործ Եգորը:

«Հիանալի սիմպոզիում է, ամենակարևորը գաղափարն է շատ լավը. հավաքել այստեղ արվեստագետների ու թույլ տալ աշխատել ինչպես իրենք են ուզում, դա ուղակի փայլուն մտահաղացում է: Անգամ պատկերացնելն է դժվար, թե ինչպես հնարավոր կլիներ մի տեղում հավաքել այսքան երկրից արվեստագետներ՝ Չիլիից, Պերուից, Քուվեյթից, Կանադայից, Ավստրալիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, սա ֆանտաստիկ է, բայց կազմակերպիչները կարողացել են»,-ասում է Եգորը:

Սիմպոզիումի շրջանակներում մասնակիցները հասցրել են լինել Հայաստանի տարբեր մշակութային կենտրոններում: Երբ հետաքրքրվում ենք, թե ինչն է ամենից շատ դուր եկել նրանց, առաջին տեղում նշում են Փարաջանովի թանգարանը, երկրորդ տեղում Գաֆեսճյան թանգարանը, Մատենադարանը, բայց նաև չեն մոռանում Արագածի փեշին կերած խաշի մասին:

«Հայստանում ու հենց Ապարանում միայն բարի ու ընկերասեր մարդկանց ենք հանդիպում: Ապարանի բնությունն ինձ շատ է դուր եկել, իսկ Արագածը հորիզոնում ուղակի ապշեցուցիչ է»,-ասում է Ֆատեմեհ Օրաեն Իրանից:

Ապարան Սիմպոզիում

Օրաեն մենակ չի եկել մեր հարևան երկրից: Սիմպոզիումին Իրանից ևս մեկ ներկայացուցիչ կա՝ Բեհնամ Աքարբին:

Բեհնամը Պարսկաստանից իրենց արևն է բերել ու իր քանդակով փորձում է արևածագն ու արևամուտը ցույց տալ:

«Ես նաև Ադրբեջանում եմ եղել, բայց Հայաստանում ավելի շատ ընկերներ եմ ձեռք բերել»,-ասում է Բեհնամ Աքարբին:

Քուվեյթից Հայաստան եկած Ֆահադ Ալհաջրին հույս ունի, որ սա իր վերջին այցը չի լինելու Հայաստան. «Ես մեծ հույս ունեմ, որ այս սիմպոզիումը կշարունակվի երկար տարիներ:Ես սիրեցի Հայաստանը, սիրեցի Ապարանը, սիրեցի հայերին, սիրեցի ձեր գեղեցիկ բնությունը»:

Սիմպոզիումի Մալազիացի մասնակիցը հայերին առաջին իսկ զրույցի ընթացքում զարմացրել է իր անունով: Անի Մադիանը գիտի, որ հայկական անուն ունի ու արդեն սովորական է դարձել, թե ամեն անգամ ներկայանալիս զրուցակիցը ինչ արձագանք է տալու, երբ լսի իր անունը:

Ապարան Սիմպոզիում

«Լավ թիմ է հավաքվել: Սիմպոզիումը կօգնի, որ ավելի շատ մարդիկ գան Հայաստան, գան ձեր հրաշալի երկիրը: Ես աշխատել եմ փայտի վրա, բայց այս սիմպոզիումի ընթացքում աշխատում եմ քարի վրա, որովհետև կարծում եմ, որ Հայաստանը քարի երկիր է»,-ասում է Անին:

Իր քանդակում նա Մալազիային հատուկ տրադիցիոն ու ազգային տարրեր է օգտագերծել՝ փորձելով իր երկրին հատուկ ազգային նախշերով զարմացնել ապարանցիներին:

Մոտենում եմ քանդակագործներից մեկին ու փորձում անգլերենով ողջունել. «Բարև Ձեզ, ես հայ եմ, ապարանցի»,-ասում է Ջոնի Շահինյանը:

Հարազատ քաղաքում նման սիմպոզիումի մասնակցելը Ջոնիի համար իսկական տոն է:

«Այս միջոցառումը մեծ փոփոխություն է մտցնում մարդկանց կյանքում, ճանապարհով անցնողները կանգնում են հետաքրքրվում, թե ինչ ենք անում, հետաքրքրվում, թե որ քանդակը որտեղ պետք է դրվի: Վստահ եմ, որ սիմպոզիումը կօգնի Ապարանը վերածել արվեստի կենտրոնի, կխթանենք զբոսաշրջությունը: Մեր մեծերն են ասել՝ «Տաշած քարը գետնին չի մնա», չնայած մեր մոտ քարերն առանց տաշելու էլ են լավը, բայց այստեղ հավաքված արվեստագետների շնորհիվ դրանք հաստատ կգտնեն իրենց տեղն ու կկարողանանք հիանալի պուրակ ստանալ»:

Ապարան Սիմպոզիում

Հայաստանի մյուս մասնակից Արեգ Պետրոսյանը փորձում է Քարահունջի հուշարձանների նմանության քանդակ ստեղծել.

« Ինչպես Քարահունջի քարաշեն աստղադիտարանը՝ կարծում եմ իմ քանդակն էլ թույլ կտա մարդկանց մտածել աստղերին նայելու ու դեպի տիեզերք, դեպի միստիկա գնալու մասին»,-ասում է Արեգն ու նշում, որ սիմպոզիումը արվեստագետներին հնարավորություն է տալիս միմյանց հետ շփվելու, շատ բաներ միմյանցից սովորելու ու ընկերանալու:

«Սա աննկարագրելի փորձ է, հրաշալի մարդիկ են, ֆանտաստիկ սիմպոզիում է, ընկերական աննկարագրելի միջավայր: Սա մեծ գաղափար է՝ ապագայում Ապարանը հրաշալի վայր դարձնելու համար»,-մեծ ոգևորությամբ ասում է ավստրալացի Ջոյ Հելլենը:

Նա փորձում է իր քանդակով ցույց տալ, որ հայերն են եղել աշխարհի առաջին պետությունը, որ ընդունել են Քրիստոնեությունը: «Ես չեմ ցանկանում հետ գնալ, իսկապես չեմ ցանկանում բաժանվել այս միջավայրից»,-ասում է Ջոյը:

Գերմանացի Մայքլ Ռոֆկան ու բելառուսցի Կիրիլ Կրոխոլևը նույնպես շատ են հավանել Հայաստանը, նրանք մեծ ոգևորությամբ են պատմում, թե տեղացիները ինչպիսի ջերմ վերաբերմունք են ցուցաբերում:

Ապարանում հունիսի 20-ին տեղի կունենա Քանդակագործության միջազգային 2-րդ սիմպոզիումի փակման հանդիսավոր արարողությունը:


Նկարները՝ Րաֆֆի Յուրեդջիանի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: