Հայերեն   English   Русский  

Այս անձը կատարում է պատվեր. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը Վերաքննիչ դատարանի դատավորի մասին


  
դիտումներ: 570

«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ սա նախապես պլանավորված գործողություն էր: Դատավորը մի քանի անգամ պարոն Խուդոյանին հարցրեց՝ ի՞նչ եք պատրաստվում անել, հետո ի՞նչ եք պատրաստվում անել: Այդ պահին ես Ալումյանի ականջին շշնջացի, որ էստեղ մի բան կա: Բայց ես չէի պատկերացնում, որ այս աստիճանի լկտիություն կլինի Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի կողմից: Ես համոզվեցի, որ նա նախապես էր պատրաստել այս գործընթացը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը անսպասելի կերպով ավարտելու ու խորհրդակցական սենյակ հեռանալու որոշմանը:

Ըստ նրա՝ թեև Դանիելյանը լավ է տիրապետում իր մասնագիտությանը, սակայն միշտ փորձում է դատախազների կողմը պաշտպանել: Սահակյանը նաև նշում է, որ նախապես ամեն ինչ պլանավորված լինելու մասին խոսում է այն հանգամանքը, որ դատավոր Դանիելյանն արդեն իսկ պատրաստել էր իր վերջնական ելույթի տեքստը:

«Այս անձնավորությունը կատարում է պատվեր: Գուցե նրան անմիջապես չեն զանգել, հրահանգներ չեն տվել, բայց նրա բնույթն այնպիսին է, որ բավական է զգա, թե ինչ տեսակետ ունեն դատախազները, մեղադրող կողմը, և ըստ այդմ ինքն էլ նույն վերաբերմունքը կունենա։ Իր որոշումը հայտնելուց առաջ նա մի քանի րոպե դադար վերցրեց, մի երկու շարժում արեց տեղում նստած, հետո սկսեց կարդալ նախապես պատրաստած տեքստը: Ե՞րբ էր գրել այդ տեքստը, ու՞մ հետ էր գրել, հարց է: Ես իհարկե ունեմ սեփական տեսակետ, բայց չեմ կարող բարձրաձայնել»,-ասաց Սահակյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով մեղավոր ճանաչելուն՝ Ռուբեն Սահակյանը նշում է, որ դա հակասում է ՄԻԵԴ-ի նախադեպային որոշմանը:

«ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել, որ անձը, այս դեպքում Ռոբերտ Քոչարյանը, չի կարող մեղավոր ճանաչվել մի հանցանքի համար, որը կատարման պահին գործող օրենսդրությամբ հանցանք չի համարվել: Այն հոդվածը, որով մեղադրանք են առաջադրել Քոչարյանին, 2008 թվականին գոյություն չի ունեցել, այն ուժի մեջ է մտել 2009 թվականից: Այս որոշման մասին գիտեր Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, և այդ պատճառով նա գործը կասեցրեց ու ուղարկեց Սահմանադրական դատարան: Հարց է առաջանում՝ ո՞վ իրավունք տվեց դատախազներին դատարանի այս որոշումը բողոքարկելու, ո՞վ իրավունք տվեց դատավոր Դանիելյանին այս բողոքը Վերաքննիչի վարույթ ընդունելու համար»:

Ըստ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեվանյանի՝ ոչ մի դատարան իրավունք չունի մյուս դատարանի կողմից գործը կասեցնելու ու Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման վերաբերյալ բողոքները վարույթ ընդունելու. «Դատարանի կողմից գործի կասեցումն ու Սահմանադրական դատարան ուղարկելը ինքնին բողոքարկման ենթակա ակտ չէ: Այն չի կարող նույնացվել ցանկացած այլ տեսակի գործի կասեցման երևույթի հետ: Եվ ես, իհարկե, մեծ ցավ եմ ապրում, որ այս հարցը նախագահող դատավորի կողմից քննության առարկա չդարձավ»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ նշում է, որ իրենց համար հենց սկզբում էր անհասկանլի, թե ինչպես կարող է Վերաքննիչ քրական դատարանում միևնույն դատավորը քննի 2 տարբեր բողոքներ: Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպան Հայկ Ալումյանն էլ ասում է, որ դատավորի երեկվա գործողություններն աննախադեպ էին:

«Սա աննախադեպ երևույթ է, որ պաշտպանական կողմին թույլ չեն տալիս միջնորդություններ ներկայացնել։ Ես չեմ կարողանում հիշել եվրոպական դատարանի մի վճիռ, որը սրա նման լինի, կարողանանք համեմատություններ անել։ Երբ դատավորից խնդրում էինք թույլ տալ միջնորդություններ ներկայացնել, ասում էր, որ կգա պատեհ պահը և ինքը հնարավորություն կտա մեզ միջնորդություն ներկայացնել։ Բայց տեսանք, թե ինչ կատարվեց, ու դատավորը պաշտպանական կողմի միջնորդություն ներկայացնելու փաստը համարեց իրավունքի չարաշահում: Սրան իրավաբանական գնահատական չենք կարող տալ, բժշկական գնահատական տալ գուցե հնարավոր լինի»

Ըստ Ալումյանի՝ գործը վարույթ ընդունելուց հետո 9-20 օրվա ընթացքում հնարավոր չէ 85 հատոր նյութերին ծանոթանալ, հետևաբար դատավոր Դանիելյանը ամբողջությամբ չի տիրապետում գործին. «Կարող ենք պնդել, որ էդպիսի դատարանը դատարան չի ու այնտեղ կայացրած ցանկացած ակտ ապօրինի է»։

Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ իրենք արդեն իսկ հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունների վերաբերյալ, որոնք Ռոբերտ Քոչարյանի գործին էին առնչվում:

«Օրեր առաջ Գագիկ Ջհանգիրյանի արած հայտարարությունների վերաբերյալ մենք հաղորդում ներկայացրինք, քանի որ նա գիտեր, արդեն իսկ կանխատեսել էր այս ամենը: Նա գիտեր, որ ՍԴ-ն պետք է երկարացնի գործի քննությունը, որ Վերաքննիչը բողոքների քննությունը պետք է այնպես տանի, որ ուղղի Առաջին ատյանի դատարանի սխալները: Սա նշանակում է, որ արդեն նախապես որոշված է՝ ինչ են անելու դատարանները»:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությունից հետո դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործողություններին ու ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարրությանը՝ պաշտպանները նշում են. «Դատարանների վրա աննախադեպ ճնշումներ են գործադրվում ու դրանք գնալով դառնում են ավելի բիրտ: Վահե Գրիգորյանը ընտրվելուց հետո իրեն հռչակեց ՍԴ-ի նախագահ: Չենք զարմանա, եթե շուտով Սահմանադարական դատարանի դռներն այնպես փակեն, որ Հրայր Թովմասյանը կամ ՍԴ-ի մյուս անդամները չկարողանան մտնել դատարան»:

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ անսպասելի որոշում կայացրեց դատական նիստն ավարտել ու հեռանալ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Նախագահող դատավորը չլսեց Քոչարյանի պաշտպանների առարկություններն ու միջնորդությունները՝ ասելով, որ նրանք անտեղի ձգձգում են դատական նիստը։

Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը Վերաքննիչ քրեական դատարան բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ ընտրված անձնական երաշխավորությունը և նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ։

Երեւանի Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: