Տիգրան Կիրակոսյան. «Հպարտ եմ, որ պատիվ ունեմ իմ հաղթանակներով ուրախություն պարգևել հայ ժողովրդին»
Հայ մարզիկը 52 կգ քաշային կարգում մեկը մյուսից տպավորիչ հաղթանակներ տոնեց. Տիգրանը պայքարը սկսեց վ ուկրաինացի Ռոման Բրատչենկոյի նկատմամբ 7։0 հաշվով վստահ հաղթանակով, որին հաջորդեց ռուսաստանցի Անդրեյ Կուբարկովի հետ պայքարում ձեռք բերած հաջողությունը։
Եզրափակիչ` վճռորոշ գոտեմարտում հայ մարզիկը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Աղասիֆ Սամադովի հետ, 4։0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ` նվաճելով ոսկե մեդալ:
Անկախի հետ զրույցում Եվրոպայի քառակի ու աշխարհի կրկնակի, եվրոպական խաղերի նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով` հաջողության հասնելու ճանապարհին կարևորելով ուրաքանչյուր հաղթանակ:
-Շնորհավորում ենք Եվրոպական խաղերում պատվաբեր հաղթանակներ տանելու և առաջինը ճանաչվելու կապակցությամբ:
-Շնորհակալ եմ: Հրաշալի նախապատրաստական շրջան էի անցել: Թե ՛ ֆիզիկապես և թե ՛ հոգեպես լիարժեք
պատրաստ էի այս խաղերին: Վճռական տրամադրվածությամբ մեկնեցի Մինսկ և կարողացա արդարցնել բոլորի սպասելիքները:
-Ձեր հաղթանակն անսպասելի չէր. տարիներ շարունակ լավագույններից եք 52 կգ քաշային կարգում: Ձեռքբերումն առանձնահատուկ է նրանով, որ եզրափակչում հաղթեցիք ադրբեջանցի մարզիկին:
- Ադրբեջանի ներկայացուցիչ Աղասիվ Սամադովին բազմիցս հաղթել եմ: Վստահ էի, որ այս խաղերում էլ եմ հաղթելու: Իմ առջև նպատակ դրեցի ամեն գնով հաղթել նրան:
-Ի՞նչ է տալիս հաղթանակը. ոգևորու՞մ, թե՞ պարտավորեցնում է:
-Իսկական հաղթանակները հեշտ չեն տրվում և նրանցից յուրաքանչյուրը պարտավորեցնում է էլ ավելի լավ ներկայանալ հաջորդ խաղերում:
-Ձեր հաղթանակն ուրախության րոպեներ և մեծ ոգևորություն պարգևեց ոչ միայն մարզասեր հասարակությանը, այլև ողջ ժաղովրդին: Ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք հայոց եռագույնը միջազգային հարթակներում:
-Հպարտությանս չափ չկա, երբ հաղթանակներիս շնորհիվ, աշխարհի տարբեր անկյուններում բարձրանում է հայոց եռագույնն ու հնչում «Մեր հայրենիքը»: Օտար հողի վրա մեզնից յուրաքանչյուրը մի փոքրիկ Հայաստան է, այնտեղ մենք ենք մեր երկրի դեմքը։ Հայաստանին ճանաչում է բերում իր ժողովուրդը, և հպարտ եմ, որ պատիվ ունեմ Հայաստանը ներկայացնել բազում հարթակներում և իմ հաղթանակներով ուրախացնել հայ ժողովրդին:
Շնորհակալ եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին` մեր կողքին լինելու և մեզ քաջալերելու համար, շնորհակալ եմ իմ անձնական մարզիչ Աղաս Գալստյանին և բոլոր նրանց, որոնք իմ կողքին են, թե՛ հաղթանակներիս և թե՛պարտություններիս ժամանակ: Շնորհակալ եմ բոլորից շնորհավորանքների համար