Նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
բավարարեց «Ղազարյանն ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը:
Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: Սահմանված չափով գումարը վճարելուց և դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո Արսեն Դավթյանը կազատվի կալանքից:
Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։
Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ:
Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հիշյալ բնագավառում հնարավոր կոռուպցիոն այլ դրսևորումները և դրանց առնչակից բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին, ապա բերման էր ենթարկել Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին։