Հայերեն   English   Русский  

ՍԴ դատավորը հայտարարել է, որ Քոչարյանի և մյուսների գործով դատարանը որոշում է կայացրել, այն կհրապարակվի այսօր


  
դիտումներ: 323

Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը լրատվամիջոցներին փոխանցել է, որ

ՍԴ-ն արդեն որոշում է կայացրել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումի նախնական ուսումնասիրման վերաբերյալ, որն էլ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում` այսօր։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։

Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

Սահմանադրական դատարանը հունիսի 11-ին հաղորդել էր, որ առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»:

Երեկ լրացել էր որոշում կայացնելու ժամկետը, բայց մինչև այս պահը հայտնի չէ, թե ի՞նչ է որոշել Բարձր դատարանը՝ վարույթ ընդունե՞լ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը, թե՞՝ ոչ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: