Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու զոհված զինծառայողի հոգեվիճակը. Դավիթ Տոնոյան
«Սահմանին՝ որոշ հատվածներում կան լարվածություններ, բայց անհանգստանալու խնդիր չունենք: Զուտ ինժեներական աշխատանքներ են կատարվում, երկկողմանի փորձում են դադարեցնել: Նախիջևանից կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաեւ կապ է հաստատված Նախիջեւանի Հանրապետության հարեւանների հետ, որ չկրկնվեն այդ դեպքերը»,-ասաց Տոնոյանը:
Նախարարը հստակեցրեց, որ կապ հաստատելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած օպերատիվ կապի միջոցով է. «Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Սա միջնորդված կապ է, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Այսինքն նորմալ, շատ դրական գործընթաց է»,-ընդգծեց Դավիթ Տոնոյանը:
Խոսելով զինված ուժերի ներկա վիճակի մասին Տոնոյանն ասաց, որ տարվա կտրվածքով միջադեպերի նվազում կա:
«Այս դեպքում վիճակագրությունն ամենաանշնորհակալ մոտեցումն է, որ կարելի է ցուցաբերել, որովհետեւ ցանկացած մեկ զինծառայողի, գործընկերոջ մահը անվերականգնելի է եւ բարոյապես բոլորի վրա ազդում է: Կարող եմ ասել, որ ունենք որոշակի նվազում, բայց նաեւ ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու տվյալ զինծառայողի հոգեվիճակը: Պետք էր շատ ավելի աշխատել, հանձնարարությունները տրված են, ավելին չեմ կարող ասել, քանի որ նախաքննություն է ընթանում»,-ասաց Տոնոյանը: