Երբ դանակը ոսկորին հասավ. Ակնայի(Աղդամի) ազատագրումը
Այսօր Ակնայի (Աղդամի) ազատագրման օրն է
Ոչ միայն Ստեփանակերտի, այլև Աղդամին հարևան բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով ղարաբաղյան զինված ուժերի առջև խնդիր դրվեց վերացնել Աղդամի ռազմական հենակետերը, որտեղից թշնամու հեռահար հրետանիներն ու «Գրադ» կայանքները շարունակ ավերածությունների էին ենթարկում հայկական շեները: Իսկ Շուշվա պարտությունից հետո թշնամին ավելի սանձարձակ դարձավ: Կրկին հարձակման թիրախ դարձան Ստեփանակերտն ու Ասկերանի շրջանի գյուղերը:
Ասկերանի շրջանի Նախիջևանիկը, Վարդաձորը (Փրջամալ), Վարազաբունը (Արանզամին) և Սառնաղբյուրը (Աղբուլախ) հարևան գյուղեր են եղել և պատերազմի ժամանակ գրեթե նույն դառնություններն են ճաշակել:
Վարդաձորը, որ նախկինում Վարդեր է կոչվել, 1905 թ. թաթարները հրդեհել ու ավերել են: Այն վերականգնվել է միայն 1918 թ. և երկու տարի անց կրկին հարձակման թիրախ դարձել: Այս պատերազմում ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աղդամից շարունակ ռմբակոծել են այդ գյուղերը, քարե կարկուտ տեղացել բնակիչների գլխին, սակայն պատվախնդիր գյուղացիք երբեք իրենց տներից դուրս չեն եկել:
Բայց երբ Շուշիի պարտությունից կատաղած թշնամին 1992 թ. մայիսի 12-ին «ասպատակեց» այդ գյուղերը, նոր միայն բնակչները թողեցին իրենց տները: Գյուղերում մնացին կռվող տղաներն ու մեծահասակ կանայք:
Արանզամինում չորս մարդ զոհվեց, սպանեցին նաև Զինային, որ «մոսինը» ձեռքին կռվեց թուրքի դեմ: Գերեվարեցին տասը կնոջ: Թուրքի հարձակումը կանխելու ժամանակ գյուղի պաշտպաններին օգնության հասած ուժերին հաջողվեց Նախիջևանիկի մատույցներում շարքից հանել թշնամու տանկը: Գերված կանանցից մեկին` Նազիկ Հակոբյանին, որ Արանզամինի հրամանատարի մայրն էր, սպանում են, իսկ Երանիկ Սարգսյանին հաջորդ օրը բաց թողնում մի պայմանով. նրա միջոցով առաջարկում են գերիներին փոխանակել տանկի անձնակազմի երեք դիակների հետ: Սակայն փոխանակում չի լինում, քանի որ տանկի հրդեհվելուց դիակները մոխրացել էին: Պաշտպաններին հաջողվում է նույն օրը թշնամուն հետ շպրտել: Այնուհետև մեկ ամիս անց երկու օր տևած լայնածավալ հարձակումների հետևանքով հուլիսի 12-ին այդ գյուղերն ընկնում են: Լավ է, որ կորուստը շատ կարճ է տևում: Արդեն սեպտեմբերի 4-ին մերոնց հաջողվում է հետ վերցնել կորսվածը:
Հրադադարից տարիներ անց եմ եղել այդ գյուղերում, սեփական աչքով տեսել ավերակ այդ շենքերը, սեփական ականջով շատ բան լսել, բայց ավելի լավ է մեջբերեմ ռուս գրող Վալենտին Օսկոցկու հետևյալ գրառումը. «Ես ամենամոտիկ բարձունքից հեռադիտակով նայում էի արդեն պաշարված, բայց դեռ չգրավված Աղդամին` հաստատ իմանալով, որ հեռու չէ քաղաքի հանձնման օրը: Ղարաբաղի ժողովրդաազատագրական բանակը գրավել է ոչ թե քաղաքը, այլ կրակակետերը, որտեղից հեռահար հրետանին գրեթե ամեն օր հրետակոծում էր Ղարաբաղի տարածքը: Նրա սահմաններին կիպ կպած մարտական սահմանագիծը հենադաշտ է ծառայում նորանոր հարձակումների համար, որոնց հաջողության դեպքում ադրբեջանական տանկերը երկու ժամում կարող են Ստեփանակերտ մտնել: Նույն բանն է Քելբաջարը, Ֆիզուլին, հատկապես Լաչինը: Չգրավել Աղդամը, նշանակում է սեփական ձեռքերով կամովին ձգել վզին հագցված պարանի օղակը»:
Եթե օտարն է դա գիտակցում, հասկանում, ապա մեր անհանդուժողականությունը լիովին արդարացված է: Եվ սա դեռ ամենը չէ: Հարգարժան Վալենտին Օսկոցկին հավանաբար տեղյակ չէր, որ երբ 88-ի փետրվարյան հանրահավաքով բացվեցին հայ ժողովրդի փակ աչքերը, Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը «քառատրոփ» Աղդամ հասավ, հանրահավաք կազմակերպեց և ժողովրդին հրահրեց հայության դեմ: Կատաղած ամբոխն էլ Ասկերան արշավեց, ու արյուն հեղվեց… Եվ ոչ միայն. Ադրբեջանի «հեղինակությունների» որջը համարվող Աղդամում, որ գտնվում էր Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Հադրութ տանող ճանապարհահանգույցում, այդ բաշիբոզուկներն էին «կարգավորում» հայերիս անցուդարձը: Այլ կերպ ասած` մեր ծոցում օձ էինք տաքացնում: Եվ ահա 18 տարի առաջ` հուլիսի 23-ին, մեկընդմիշտ լռեցին ռազմավարական հզոր որջ հիշեցնող Աղդամի կրակակետերը, որն առաջին հերթին զենք-զինամթերքի հարուստ զինանոց (ռազմական ինքնաթիռներ, տանկեր, հրանոթներ, տարատեսակ զենքեր) էր հիշեցնում:
Ուշագրավ մի փաստ. եթե խորհրդային տարիներին Անդրկովկասյան ռազմական կայազորի կենտրոնը Թբիլիսիում էր, ապա շտաբը` Աղդամում: Ահա թե որտեղ էր թաքնված շան գլուխը, որով էլ, ի դեպ, պարծենում էին, իրենց հույս տալիս ու հայերին ահաբեկում, որ շուտով կկոտրեն հայերի մեջքը, որովհետև ինքնաթիռներ, տանկեր ունեն… Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Մենք մեր «մոսիներով», որսորդական հրացաններով կոտրեցինք թշնամու մեջքն անգամ իր անառիկ ամրոց համարվող Աղդամում ու մեր ծոցում տաքացրած օձին վերջապես դուրս շպրտեցինք:
… Աշնանացանի օրեր էին, երբ գյուղ գնացի: Գյուղի մարդիկ` մեծից փոքր, դաշտում էին: Խնդիրներն ու պահանջներն, ինչպես Արցախի այլ գյուղերում, այստեղ էլ շատ են: Գյուղն առանց հոգսի չի լինում, մանավանդ որ պատերազմ, ավեր է տեսել: Գյուղապետի ու գյուղացիների հետ իմ խոսքն ու զրույցը հաճախ ընդհատվում էին քիչ հեռվում աշխատող տրակտորի հռնդյունից: Ցորենի հնձած արտերը սևին էին տալիս: Այս հողը հերկվել է նաև պատերազմի օրերին: Հաց էր պետք և՛ զինվորին, և՛ Արցախի հող ու ջրին ամուր կառչած հայ մարդուն: Քիչ հեռվում Աղդամի փլատակներն էին…
Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ