Ոռոգում չկա, ջուրը հոսում է Ադրբեջան
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը նշում է՝ տարածաշրջանում շատ գյուղեր խորհրդային տարիներին օգտվում էին ջրային մեծ պաշարներից, բայց հակամարտությունը այժմ արգելք է այդ առումով.
- Խորհրդային տարիներին հսկայական ներդրում կատարվեց Ջողազի ջրամբարի կառուցման համար, և դրանով հսկայական տարածքներ ոռոգվում էին թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Հիմա կարող ենք միայն հեռվից դիտել, ափին մոտենալ չենք կարող:
Նոյեմբերյանը սահմանի երկայնքով շուրջ 127 հա վարելահող ունի, այսօր ոչ մի հա չի մշակվում: Հողը չի մշակվում, առաջ է գալիս անապատացման խնդիր, եթե համարձակվում մշակում են՝ վտանգի տակ է մշակողի կյանքը: Քիչ չեն եղել դեպքերը, երբ դաշտում աշխատող գյուղացին դարձել է հակառակորդի համար թիրախ: Մարդիկ ստիպված մշակում են տնամերձ հատվածները, որ դաշտերն էլ մշակվել են՝ կամ կարկուտն է վնասել, կամ երաշտն է չորացրել:
- Այս տարի բերքը բավականին վատ է ստացվել, նույնիսկ ծառերի բերքը, որ բռնել է, քանի որ չի ջրվում, բերքը թափվում է: Արտերը վատ են եղել, որովհետև ոռոգում չկա: Մեզ մոտ հա-ից լինում էր մինչև 2 տոննա ցորեն, այս տարի մաքսիմում 800 կգ է եղել, - ասում է Աբազյանն ու հավելում, նույնիսկ անձրևը ժամանակին չի տեղացել, որ գոնե բնական ոռոգում ապահովվեր:
Երբ ոռոգման ջուրը չի բավարարում, մարդիկ խմելու ջուրն են օգտագործում, բոլոր վայրերում է այդպես, սակայն այս տարածաշրջանում խմելու ջուրն անգամ այս տարի խնդրահարույց է: Համայնքի ղեկավարը օրինակ է բերում սահմանային Բաղանիս գյուղը, որտեղ 2015-16 թվականներին ջրամբարներ են կառուցվել, ջրի մատակարարումը լավացել է, մարդիկ ամեն օր ջուր են ունեցել, բայց այս տարի տաք եղանակի և տեղումների պակասի պատճառով ջուրը բնակչին է հասնում 3 օրը մեկ:
- 3 օրում ջրամբարում մոտ 60 տոննա ջուր է լցվում, իսկ այն ժամանակ 1 օրում 70 տոննա էր լցվում, - ասում է համայնքապետը:
- 2017 թվականին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին դիմեցինք՝ ջրաչափեր տվեցին: Կարողացանք ջրի կառավարումը բերել նորմալ մակարդակի: Բայց եղած ջրի քանակը շատ քիչ է, դիմել ենք մարզպետարան, հնարավորության դեպքում մասնագետների կողմից կատարվի ուսումնասիրություն արտեզյան ջրերին պոմպակայան դնելու համար, որովհետև եթե այսպես շարունակվի լուրջ խնդիրներ կունենանք, - ասում է Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը:
Բաղանիսցիները ջրի խնդիրը լուծելու տարբերակ են առաջարկում՝ օգտագործել սարերի ջուրը, որն անարգել գնում հասնում է Ադրբեջան:
-Էսօր նույնիսկ ամոթ է, որ սարերից էսքան ջուրը գնա լցվի Ադրբեջան: Էստեղից մի 50 կմ վերև էնքան ջուր կարելի է վերցնել, որ սաղ գյուղերը բավարարվեն: Ծախսի հետ է կապված, երևի, մեծ գումար չեն ուզում ներդնել, - ասում են գյուղի բնակիչները:
Ջուրը, որպես քաղաքացիական օբյեկտ, պաշտպանված է մարդասիրական իրավունքով, այսինքն, իրավական տեսանկյունից չի կարելի փակել ջրի հոսքը դեպի հակառակորդ երկիր, բայց և, ոչ մի օրենք չի կարգելում օգտագործել քո երկրի տարածքով հոսող ջուրը, առավել ևս այն պարագայում, երբ բնակչությունն ու գյուղատնտեսությունը դրա կարիքն առավել քան ունեն:
Այսօր ամբողջ աշխարհն է կանգնած գլոբալ տաքացման և ջրային ռեսուրսների պակասեցման վտանգի առաջ: Սահմանային Տավուշը՝ նույնպես:
Մարիամ Խալաթյան