Հայերեն   English   Русский  

Երիտասարդ գիտնականները նախագահից 5 անգամ ավելի ֆինանսավորում են ակնկալում


  
դիտումներ: 3407

ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) շուտով կամփոփի իր գործունեության երրորդ տարին: Այս առիթով «Անկախը» զրուցել է ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի անդամ, Կ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի հետ:

– Պարոն Զաքարյան, արդեն երեք տարի է` նախագահի հովանու ներքո գործում է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը: Ինչպե՞ս եք գնահատում ծրագրի արդյունավետությունը:

– Ծրագրի արդյունավետությունը գնահատելուց առաջ նախ պետք է տեսնել, թե ինչպիսի պայմաններում է սկսել գործել ԵԳԱԾ-ը և ինչպիսի նպատակներ է այն հետապնդում: Անկախացումից հետո մեր գիտությունը և գիտնականները հայտնվել են քրոնիկ թերֆինանսավորման մեջ: Այսօր մեր գիտության ֆինանսավորումը ՀՆԱ-ի 1%-ից շուրջ 4 անգամ ավելի քիչ է, իսկ դա այն նվազագույն շեմն է, որն անհրաժեշտ է գիտության պահպանման և հետագա զարգացման համար: Պատահական չէ, որ նման պայմաններում գիտնականների թիվը կտրուկ նվազեց:

Միայն 2010-2012 թթ. ընթացքում շուրջ 1000 հոգի հեռացել է գիտությունից, և նրանց զգալի մասը երիտասարդներ էին: Մնացած 5600 գիտնականներից շուրջ 20%-ը մինչև 35 տարեկան են, այսինքն՝ երիտասարդ: Այս թվերն ահազանգում են այն մասին, որ մեր գիտությունը ծերանում է, մեծ թվով երիտասարդներ հեռանում են գիտությունից անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով: Միայն պետական լուրջ միջամտության, աջակցության, նորանոր գործող ծրագրերի շնորհիվ հնարավոր կլինի կասեցնել այս գործընթացը, հակառակ դեպքում մի քանի տարի անց մենք բոլորս կանգնելու ենք սոսկալի փաստի առաջ. մեր գիտությունն այլևս չի ունենա երիտասարդներ:

Կարծում եմ՝ ՀՀ ղեկավարությունը շատ լավ տեղյակ է իրավիճակի մասին, այդ պատճառով 2012 թ. ՀՀ նախագահի աջակցությամբ ստեղծվեց մի բացառիկ կառույց, որի նպատակն է աջակցել երիտասարդ գիտնականներին նրանց գիտական գործունեության տարբեր փուլերում: Բացառիկ է նրանով, որ երիտասարդ գիտնականներից կազմված մարմինը՝ ԵԳԱԾ ղեկավար մարմինը, ամբողջովին ինքնուրույն տնօրինում է որոշակի ֆինանսական միջոցներ, որի շրջանակներում իրականացնում է երիտասարդ գիտնականների համար անհրաժեշտ ծրագրեր: Այսինքն` երիտասարդներն իրենք են ընտրում այն ուղղությունները, խնդիրները, որոնք առաջնային են, ստեղծում են մրցութային ծրագրեր և իրականացնում մրցույթները: Այս առումով ես բարձր եմ գնահատում ԵԳԱԾ գործունեությունը, քանի որ այն նախադեպը չունի և նման չէ այլ պետական կամ մասնավոր ծրագրերին թե՛ իր գործունեությամբ, թե՛ աշխատանքի ոճով և նպատակներով:

- Որքանո՞վ է ԵԳԱԾ-ը նպաստում երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելուն և ոլորտում պահելուն:

- ԵԳԱԾ տարեկան բյուջեն ընդամենը 100 միլիոն դրամ է: Ակնհայտ է, որ դա չափազանց քիչ է բոլոր խնդիրները լուծելու համար: Սակայն անգամ նման սահմանափակ միջոցներով մենք կարողացել ենք իրականացնել մի շարք կարևոր ծրագրեր: Մասնավորապես, ավելի քան 80 երիտասարդ ԵԳԱԾ-ից ստացած ֆինանսական աջակցության շնորհիվ կարողացել է մասնակցել արտասահմանյան հեղինակավոր գիտաժողովների ու գիտական դպրոցների և ներկայացնել սեփական գիտական հաջողությունները: Սա շատ կարևոր է, քանի որ մինչ ԵԳԱԾ-ի հիմնումը երիտասարդ գիտնականները, ասպիրանտները, ուսանողները շատ մեծ դժվարությամբ էին կարողանում ֆինանսական միջոցներ հայթայթել գիտաժողովների մասնակցելու համար: Այսպիսով, մենք նպաստում ենք մեր երիտասարդների գիտական շարժունության բարձրացմանը:

ԵԳԱԾ-ն գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ տրամադրել է գիտական դրամաշնորհներ, և շուրջ 20 երիտասարդ ընդգրկված է եղել մեր կողմից տրամադրված գիտական դրամաշնորհների ծրագրերում: Այսինքն` կատարել են հետազոտություններ մեր ֆինանսավորման միջոցով: Մեկ այլ ծրագիր վերաբերում է գիտական սարքավորումների և ռեագենտների ձեռքբերմանը: Անցած ամառ 13 երիտասարդներ մրցութային կարգով ստացան հնարավորություն գնելու իրենց գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ սարքեր և ռեագենտներ: Շուտով կամփոփվեն նմանատիպ երկրորդ մրցույթի արդյունքները:

Մենք աջակցում ենք նաև երիտասարդ գիտնականների գիտական գրքերի տպագրությանը, գիտաժողովների և դպրոցների կազմակերպմանը, ինչպես նաև ազդեցության գործակից (impact factor) ունեցող գիտական պարբերականներում գիտական հոդվածների տպագրմանը: Վերջինի հետ կապված ուզում եմ ընդգծել, որ սա բացառիկ ծրագիր է: Մենք խրախուսավճար ենք տալիս բոլոր այն երիտասարդ գիտնականներին, որոնք իրենց գիտական արդյունքները տպագրում են ազդեցության գործակից ունեցող պարբերականներում, և որքան բարձր է տվյալ պարբերականի ազդեցության գործակիցը, այսինքն` որքան բարձր է այդ պարբերականի գիտական հեղինակությունը, այնքան բարձր է մեր կողմից տրամադրվող խրախուսավճարը:

Բազմաթիվ երկրներում, այդ թվում և մեր հարևանների մոտ, երիտասարդ գիտնականները ստանում են խրախուսավճարներ իրենց տպագրած գիտական հոդվածների համար: Մենք նույնպես սկսեցինք կիրառել միջազգային այդ փորձը: Ես շատ ուրախ կլինեմ, եթե ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հետագայում նույնպես կիրառի այս փորձը: Որքանով են իմ կողմից նշված ծրագրերը նպաստում երիտասարդներին ոլորտում պահելուն` ես դժվարանում եմ պատասխանել: Դա ցույց կտա ժամանակը: Բայց ես վստահ եմ, որ այս փոքր ծրագրերը չեն թողնում, որ մեր երիտասարդ գործընկերները լրիվ հիասթափվեն իրավիճակից: Եվ դա արդեն հաջողություն է: Բացի այդ, քանի որ մեր բոլոր ծրագրերը (բացառությամբ հոդվածների խրախուսավճարի) իրականացվում են մրցութային կարգով, մեր երիտասարդները, դիմելով ԵԳԱԾ-ի կողմից իրականացվող մրցույթներին, սկսում են ուղղակի կամ անուղղակի մրցակցել իրար հետ: Իսկ մրցակցությունը գիտական պրոգրեսի կարևոր նախադրյալներից մեկն է:

- Թվային տվյալներ ունե՞ք` երեք տարիների ընթացքում ԵԳԱԾ-ն քանի ծրագիր է ֆինանսավորել, դրանցում ընդհանուր քանի երիտասարդ գիտնական է ներգրավված եղել:

- Շուրջ 80 երիտասարդ ստացել է գիտաժողովներին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն, 13 երիտասարդ ԵԳԱԾ ֆինանսական աջակցությամբ գնել է գիտական սարքավորումներ և ռեագենտներ, մեր աջակցությամբ երիտասարդների կողմից կազմակերպվել են 30-ից ավելի գիտաժողովներ և դպրոցներ, տրամադրվել է 10-ից ավել դրամաշնորհ, որի շնորհիվ շուրջ 20 երիտասարդներ գիտական հետազոտություններ են իրականացրել, տպագրվել են գրքեր: Կարծում եմ՝ վատ վիճակագրություն չէ: Սակայն կարող էր լինել շատ ավելի լավ, շատ ավելի երիտասարդներ կարող էին ստանալ նպատակային աջակցություն, եթե մեր ֆինանսական հնարավորություններն ավելի մեծ լինեին:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, որոնք կյանքի կկոչեք ծրագրի շարունակական լինելու դեպքում:

- ԵԳԱԾ-ն արդեն կայացած կառույց է: ԵԳԱԾ ղեկավար մարմինը, գործելով ամբողջովին կամավոր սկզբունքներով, ապացուցել է, որ ի վիճակի է արդյունավետ մշակել և իրականացնել մեր երիտասարդների համար անհրաժեշտ աջակցության տարբեր ծրագրեր: Հին և նոր ծրագրերը մշակվել են ոչ միայն ԵԳԱԾ ղեկավար մարմնի կողմից, այլև մեր մյուս գործընկների մասնակցությամբ, որոնք իրենց խորհուրդներով, առաջարկներով, դիտողություններով նպաստում են մեր ծրագրերի ավելի արդյունավետ լինելուն:

Այս պահի դրությամբ մենք մշակել ենք մեկ տարվա ծրագրերի նոր ցանկ, որոնց կյանքի կոչվելը բացառապես կախված է ԵԳԱԾ նոր բյուջեի չափից: Մենք ակնկալում ենք բյուջեի էական աճ, որի դեպքում հնարավոր կլինի իրականացնել նոր ծրագրեր: Օրինակ` ցանկանում ենք ֆինանսական աջակցություն տրամադրել արտասահմանյան լաբորատորիաներում վերապատրաստման ցանկություն ունեցող երիտասարդներին: Անհնար է տիրապետել ժամանակակից մեթոդների, իրականացնել ժամանակակից հետազոտություններ առանց նման վերապատրաստումների: Սա չափազանց անհրաժեշտ ծրագիր է, սակայն սրա համար մեծ միջոցներ են պետք: Մյուս ծրագիրը կապված է մեր գիտական սփյուռքի հետ: Արտասահմանում ունենք բազմաթիվ հայազգի փայլուն գիտնականներ: Մենք ուզում ենք ստեղծել հարթակ, որտեղ տեղացի երիտասարդները հնարավորություն կստանան անմիջական շփման մեջ լինելու հայազգի հայտնի գիտնականների հետ: Այդպիսի հարթակ կարող է լինել նման գիտնականների դասախոսությունների կազմակերպումը Հայաստանում: Ժամանակն է օգտագործել այդ հսկայական պոտենցիալը: Մշակել ենք հատուկ ծրագրեր ասպիրանտների համար: Ցանկանում ենք նաև աջակցել մագիստրատուրայում սովորող այն ուսանողներին, որոնք իրենց առաջին քայլերն են իրականացնում գիտության մեջ: Ավելի մեծ տեղ ենք ուզում հատկացնել գիտական հետազոտությունների համար տրամադրվող դրամաշնորհների քանակին և գումարին: Ժամանակն է խթանել տարբեր գիտական ոլորտներում աշխատող երիտասարդ գիտնականների համագործակցության հաստատմանը, քանի որ XXI դարը միջդիսցիպլինար հետազոտությունների ժամանակաշրջան է: Ինչպես տեսնում եք՝ ծրագրերը շատ են: Ես նշեցի միայն մի քանիսը:

- Ըստ Ձեզ` որքա՞ն գումար է պետք, որպեսզի ԵԳԱԾ-ն արդյունավետ գործի և իրականացվեն պլանավորված բոլոր ծրագրերը:

- Մեր ունեցած հին և նոր մշակված ծրագրերը, ինչպես նաև կազմակերպչական հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել մինչև 500 միլիոն դրամի ծրագրեր: Թերևս սա այն ռեալ բյուջեն է, որ ԵԳԱԾ-ի նման բացառիկ կառույցը պետք է ունենա մոտ ապագայում:

Հաշվի առնելով այն փորձը, որ ԵԳԱԾ-ը կուտակել է իր գործունեության ընթացքում, այն արձագանքը, որը ստացել է երիտասարդների կողմից, ինչպես նաև մեր բոլոր այն խնդիրները, որոնք մնում են չլուծված և պահանջում են հրատապ լուծում, ես հուսով եմ, որ ՀՀ նախագահը և մյուս պատասխանատու անձիք կշարունակեն ցուցաբերել իրենց աջակցությունն ԵԳԱԾ-ին, այդ թվում մեր կողմից մշակված նոր ծրագրերին: ԵԳԱԾ-ին հատկացվող ֆինանսական միջոցների էական աճը միայն կնպաստի եղած խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը: Մենք դրան պատրաստ ենք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: