Հայերեն   English   Русский  

Կոշտ brexit-ին կարող են հետևել ՄԹ կազմից դուրս գալու հանրաքվեները


  
դիտումներ: 2299

Մեծ Բրիտանիայի նորակազմ կառավարությունը պատրաստվում է առանց համաձայնագրի brexit-ին, իսկ Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում ակտիվանում են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու մասին խոսակցությունները։

2016-ին brexit-ի հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի բնակչության մեծամասնությունը դեմ է արտահայտվել ԵՄ-ի կազմից դուրս գալուն։ Բավական չէ, որ նրանք իրենց կամքին հակառակ ստիպված են լքել ԵՄ-ն, քանի որ Մեծ Բրիտանիայի կազմում են, այժմ նաև առանց պայմանագրի brexit-ի և դրանից բխող տնտեսական հետևանքների առջև են կանգնած։

Պատահական չէ, որ ընտրվելուց անմիջապես հետո ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնը նախաձեռնել է այցելություններ Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա և Ուելս։ Էդինբուրգում շոտլանդացիները Ջոնսոնին դիմավորել են սուլոցներով ու դժգոհություններով, իրավիճակը չի մեղմել ոչ 300 մլն ֆունտի ներդրման մասին, ոչ էլ brexit-ից հետո պայծառ ապագայի մասին խոստումը։

«Բորիս Ջոնսոնի հետ իմ զրույցից հետո կարող եմ ասել, որ պարծենկոտ խոստումների հետևում թաքնված է մի կառավարություն, որը վտանգավոր է։ Ուղին, որով այն ընթանում է, վտանգավոր է Շոտլանդիայի և ողջ Միացյալ Թագավորության համար»,- հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստյորջենը։

2014-ին Շոտլանդիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որտեղ բնակչության մեծամասնությունը՝ 55 տոկոսը, դեմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայից անկախանալուն։ Brexit-ի հանրաքվեից հետո նոր հանրաքվե անցկացնելու մասին խոսակցություններն ակտիվացան, սակայն այն ժամանակվա վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ նոր հանրաքվեի կարիք չկա, որ brexit-ի ընթացքում հաշվի կառնվեն բոլորի շահերը։ Այժմ, երբ Ջոնսոնի կառավարությունը պաշտոնապես սկսել է նախապատրաստվել առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալուն, Շոտլանդիայում իշխող ազգայնականները մտադրվել են կրկին անկախության հանրաքվե անցկացնել: Այս տարվա մայիսի վերջին Շոտլանդիայի կառավարությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծ։ Նախատեսվում է, որ հանրաքվեն պետք է անցկացվի մինչև 2021 թվականը։

Առանց համաձայնագրի brexit-ի պարագայում ամենամեծ տուժողներից են լինելու իռլանդացիները։ Բացի այն, որ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև գոյություն ունեցող սիմվոլիկ սահմանն իրական կդառնա, և 1998-ից ի վեր դժվարությամբ հաստատված խաղաղությունը վտանգի տակ հյատնվի, Դուբլինը կկարոցնի նաև 6,5 մլրդ եվրո։ Պատահական չէ, որ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը հայտարարել է․ «Հյուսիսիռլանդացիները ստիպված կլինեն լքել Եվրամիությունը Միացյալ Թագավորության կազմում, չնայած որ նրանց մեծամասնությունը 2016-ի հանրաքվեին դեմ է արտահայտվել brexit-ին։ Կարծում եմ, որ տրամաբանական է կարծել, որ այսուհետ Հյուսիսային Իռլանդիայում ավելի շատ կմտածեն կղզու միավորման մասին»։

Մեծ բլե՞ֆ, թե՞ իրական մտադրություն

Հայտնի է, որ Ջոնսոը կոշտ, անգամ առանց համաձայնագրի brexit-ի կողմնակից է։Նրա կառավարությունն արդեն իսկ նախապատրաստվում է հնարավոր առանց համաձայնագրի brexit-ին։ Իսկ պետական միջոցներից 100 մլն ֆունտ է հատկացվելու առանց համաձայնագրի brexit –ի գովազդին։ Եռամսյա այս գովազդային արշավն ամենամասշտաբայինն է լինելու Բրիտանիայում երկրորդ աշխարհամարտից ի վեր։

Միևնույն ժամանակ, Ջոնսոնը շարունակ վստահություն է հայտնում, որ ի վերջո եվրոպացիների հետ համաձայնության կգան։ Նա հայտարարել է, որ կոշտ brexit-ից խուսափելու համար ԵՄ-ն պետք է կոմպրոմիսային տարբերակներ առաջարկի։ «Եթե նրանք չեն կարող զիջման գնալ, եթե նրանք իսկապես չեն կարող դա անել, ապա անկասկած, մենք պետք է պատրաստ լինենք առանց համաձայնագրի դուրս գալուն»,- ասել է Ջոնսոնը։

Եվրոպական կողմից, սակայն, հերթական անգամ հայտարարել են, որ արդեն իսկ գոյություն ունեցող համաձայնագրի փոփոխությունն իրնց համար ընդունելի չէ։ Նման հայտարարությամբ են հանդես եկել Եվրախորհրդի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի ներկայացուցիչ Մինա Անդրեևան և brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բարնեն։

Տեսակետ կա, որ Ջոնսոնը բլեֆային քաղաքականություն է վարում․ պատրաստվում է առանց համաձայնագրի brexit-ին, որպեսզի այդպիսով ճնշում գործադրի ԵՄ-ի վրա և ստիպի զիջումների գնալ։ Ըստ այս տեսակետի՝ հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ի քաղաքական կառույցներից՝ մնալով տնտեսական ընդհանուր գոտու մի մասը։ Տնտեսական տարանջատումը տեղի կունենա արդեն աստիճանաբար, տարիների ընթացքում։

Ջոնսոնի խորհրդարանական գործընկերները, որոնք դեմ են կոշտ brexit-ին, փաստորեն, այնքան էլ չեն հավատում նման հեռանկարին։ Նրանք մեկը մյուսի հետևից օրենսդրական փոփոխություններ են իրականացնում, որոնք թույլ չեն տա, որ Ջոնսոնը, շրջանցելով խորհրդարանը, կարողանա երկիրն առանց համաձայնագրի դուրս բերել ԵՄ-ից։

Ի՞նչ տեղի կունենա առանց համաձայնագրի brexit-ի դեպքում

Բորիս ՋոնսոնԲ

Այս հարցին պատասխանելու համար բազմապիսի ուսումնասիրություններ ու հաշվարկներ են իրականացվել։ Ըստ այդմ՝ դեպքերի նման զարգացման պայմաններում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կնվազի 9,3 տոկոսով առաջիկա 15 տարիներին։ Տնտեսական անկումն ավելի մեծ կլինի, քան 2008-ի տնտեսական ճգնաժամի ժամանակ։

Մեծ Բրիտանիայի պետբյուջեի ճեղքվածքը կհասնի 80 մլրդ ֆունտի։

Բրիտանական ֆինանսական ընկերությունները կզրկվեն եվրոպական երկրներում ծառայություններ մատուցելու հնարավորությունից։

Բրիտանական ֆունտի փոխրաժեքր կընկնի 25 տոկոսով՝ էականորեն զիջելով դոլարին։ Այն անգամ առանց brexit-ի, պարզապես առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալու սպասումների ֆոնին զգալիորեն արժեզրկվել է՝ գրանցելով վերջին երկու տարիների նվազագույն փոխարժեքը։

Սահմանային անցակետերը, մաքսակետերը չեն կարողանա ժամանակին սպասարկել բոլորին, ինչից մեծ հերթեր կառաջանան։

Կդժվարանա օդային հաղորդակցությունը, քանի որ բրիտանական ավիաընկերությունները ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ պայմանագիր ստիպված կլինեն կնքել ավիափոխադրումների համար։

Կոշտ brexit-ը կարող է անդրադառնալ նաև երկրի անվտանգության վրա։ Նախ՝ ոստիկանությունը կզրկվի ԵՄ երկրների իրավապահների միասնական տվյալների բազայից օգտվելու հնարավորությունից։ Այդ պարագայում կբարդանա հանցավորության դեմ պայքարը։

Կբարդանա նաև ռազմական համագործակցությունը ԵՄ-ի հետ, քանի որ ՄԹ-ն կարող է հեռացվել եվրոպական Galileo արբանյակային համակարգից։

Անորոշ վիճակում կհայտնվեն նաև ՄԹ 1 մլն քաղաքացիները, որոնք ԵՄ երկրներում են և ԵՄ 3 մլն քաղաքացիները, որոնք Բրիտանիայում են։ Մշակված, բայց ի վերջո մերժված համաձայնագրով ապահովագրվում էր այդ քաղաքացիների իրավունքների ապահովումը և սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորությունը։

Թվարկվածները միայն մի մասն են այն խնդիրների, որոնք կարող են ի հայտ գալ հոկտեմբերի 31-ից հետո, եթե ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան այդպես էլ համաձայնության չգան։

Ներկայիս համաձայնագրով անհայտ ժամանակահատվածով Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանը կմնա նույն կարգավիճակում, ինչ ներկայում է, իսկ ԵՄ տնտեսական գոտու կարգավորումները կտարծվեն նաև ՄԹ վրա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: