Մեզ երկրորդ անգամ ժողովուրդը թաղեց-հանեց. Արմենակ Ուրֆանյանի մայրը եռաբլուրում է
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը տեղեկացրեց, որ շիրմաքարերի վրա մոմ են թափել ու արագ հեռացել, դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան. «Ես կարող եմ իմ պատկերացումն ասել, որ սա ինչ-որ ծիսակարգի պես բան է, չգիտեմ ում կողմից արված: Շատ նման է այդպիսի ծիսակարգի»:
«Եռաբլուր» էր այցելել նաև ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Հասմիկը. «Մեզ երկրորդ անգամ ժողովուրդը թաղեց-հանեց: Գողություն անում են, չեն հետաքրքրվում, ի՞նչ է մտածում պարոն Օսիպյանը: Մեր սրբավայր «Եռաբլուրը» խուժանանոց են դարձրել: Ես առաջարկում եմ նախ գտնել այս արարքը կատարողներին ու պատժել, երկրորդ, բերել թարմացնել գերեզմանները: Քարերը փոխել պետք չի, կարելի է պարզապես թարմացնել»,-ասաց նա:
«Գուցե երեխաները եկել խաղացել են մոմերով, եթե սա մոմ է: Ես չեմ մտածում, որ դիտավորյալ արված է, բայց պետք է ճշտել: Երբ երկու տարի ապրիլի 2-ին գողություն արեցին, հիմա մտածենք, որ դիտավորություն չէ՞ր: Դա դիտավորություն էր, որովհետեւ գիտեն, թե ում ծնողներն են գալիս «Եռաբլուր»: Ամբողջ «Եբալուրում» պետք է տեսախցիկներ դրվեն, առաջին անգամ չէ, որ գողություն է արվում»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը: Այս մասին տեսանյութ էին տարածել ֆեյսբուքյան օգտատերերը: