Հայերեն   English   Русский  

Պահանջում եմ, որ նախարարն ինձ հետ հանդիպի. բողոքի ակցիա ՊՆ-ի մոտ


  
դիտումներ: 479

Այսօր՝ օգոստոսի 12-ին, առաջին կարգի հաշմանդամ, նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանը բողոքի ակցիա է սկսել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց` պահանջելով իրեն բուժման ուղարկել արտերկիր:

Նախկին զինծառայողի բողոքի ակցիային են միացել «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միության անդամները:

«Հացադուլից հետո ոչ մի արձագանք չեղավ, հիմա պահանջս այն է, որ պարոն նախարարը գա, ինձ հետ հանդիպի, վերջնական հասկանանք՝ ինչ է լինելու իմ հարցը, ավելի շատ ժամանակ չտրամադրեմ իրենց խաբելուն, քանի որ առողջականս վատանում է»,- ասաց նա:

Դավիթ Հակոբյանը նշեց, որ Պաշտպանության նախարարությունից խոստացել են ուղարկել Գերմանիա, սակայն խոստումը չեն կատարել: Նա նաև պնդում է, որ «Մուրացան» հոսպիտալում իրեն վիրահատելու ընթացքում օրգաններ են հեռացրել, ինչի մասին իրեն տեղյակ չեն պահել:

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միության նախագահ Մանուել Մանուկյանն էլ ասաց, որ նման ակցիա այսօր չպիտի լիներ, քանի որ զինծառայողների բուժումը նախարարության խնդիրն է, և նախարարությունը պետք է իրականացնի իր գործառույթը. «Ամոթ է ուղղակի, որ մենք այսօր եկել, հասել ենք աստեղ, օգնություն ենք խնդրում»:

Պաշտպանության նախարարի խորհրդականն ասաց, որ Դավիթի հիվանդությունը ձեռք է բերվել բժշկական սխալի պատճառով, որի պարագայում իրենք արդեն պատասխանատվություն չեն կրում:

«Նախարարն անձամբ տեղյակ է այս գործից, մենք նրան առաջարկել ենք այստեղ բուժումը կազմակերպել, քանի որ արտերկիր գնալու հարցում ոչ մի հնարավոր տարբերակ չկա, սակայն Դավիթը չի համաձայնում: Հիմա մենք գումար չունենք նախատեսված նման դեպքերի համար, ամեն ձևով սակայն փորձում ենք օգնել նրան»,- ասաց Ավետիսյանը:

Նշենք, որ մոտ 1 ամիս առաջ Պաշտպանության նախարարի խորհրդական Ալեքսանդր Ավետիսյանը խոստացել էր, որ երիտասարդի բուժման հարցը կլուծվի, սակայն այդպես էլ ոչ մի քայլ չէր ձեռնարկել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: