Հայերեն   English   Русский  

ԲԴԽ-ի գործառույթը դատավորի կողքին կանգնելը չէ. ԲԴԽ նախագահ


  
դիտումներ: 419

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հրավիրված մամուլի ասուլիսում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը խոսելով այն մասին, թե ինչու ԲԴԽ-ն չկանգնեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին, երբ նրա լիազորությունները դադարեցվեցին ու նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց, ասաց, որ ցանկացած դեպքում դատավորների կողքին կանգնելը դատական խորհրդի գործառույթների մեջ չի մտնում:

«ԲԴԽ–ն իրականացնում է մի գործառույթ, որը չի ենթադրում կանգնել դատավորի կողքը։ ԲԴԽ–ն օժտված է ապահովելու դատական իշխանության և դատավորի անկախությունը. դատավորի կողքը կանգնելը կամ նրան ամեն գնով պաշտպանելը մեր գործառույթը չէ: Դատավորի անկախությունը ապահովելը չի նշանակում ամեն գնով թույլ չտալ, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ Եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտներ, որ սրանով ոտնահարվում է դատական իշխանության կամ կոնկրետ դատավորի անկախությունը, ապա այլ որոշում կկայացներ։ ԲԴԽ–ն ընդամենը համարել է, որ դատախազության և նախաքննական մարմնի կողմից ներկայացված հիմնավորումները բավարար են եղել, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը թույլատրվի, եթե նախաքննության մարմիններն ուզեն 10–20 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականցել և դրա համար ներկաացնեն բավարար հիմքեր, ԲԴԽ–ն նմանատիպ դիրքորոշում կձևավորի, եթե գտնում է, որ դա ճնշում է դատական իշխանության նկատմամբ, ապա կմերժի ներկայացված միջնորդությունները»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները և համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։

Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր և մայիսի 18–ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: