Հայերեն   English   Русский  

ՍԴ կայքում հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշումը


  
դիտումներ: 989

Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշումը ։

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4–ին մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։

Փոխարենը ՍԴ–ն սահմանադրական ճանաչեց 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցին վերաբերող հոդվածը։

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց` բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը: Իսկ գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից պարզված, այդ թվում՝ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստերի համակցությամբ:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությամբ պայմանավորված կարգավորումներն անհրաժեշտ ամրագրում չեն ստացել Օրենսգրքում, ինչը հանգեցրել է նրան, որ իրավասու մարմինները որևէ պարտականություն չունեն պարզելու, թե արդյո՞ք այդ անձանց ներկայացված մեղադրանքը` նրանց մեղսագրվող արարքի տեսանկյունից, վերաբերում է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից բխող գործողությանը կամ անգործությանը, թե՝ ոչ: Ավելին՝ դրա հետևանքով դատական վերահսկողություն իրականացնող դատարանն այդ անձանց գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից պարտավոր չէ ստուգել մեղադրանքի իրավաչափությունն անգամ նրանց նկատմամբ կալանք կիրառելիս, թեև կալանքն առավել ինտենսիվ միջամտություն է նրանց անձնական ազատությանը:

Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկություններն Օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից դրա տարաբնույթ մեկնաբանության, ինչը, ի թիվս այլնի, նույնպես վկայում է Օրենսգրքում այդ օրենսդրական բացը լրացնելու այլ իրավական հնարավորությունների բացակայության մասին:
Նման իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց (ներառյալ՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահի) նկատմամբ կարող է հարուցվել և իրականացվել քրեական հետապնդում, ինչպես նաև նրանք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության այնպիսի գործողությունների համար, որոնք բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից: Այսինքն՝ այդ անձանց կարող է առաջադրվել ոչ օրինական և չհիմնավորված մեղադրանք, որի դեմ նրանք օժտված չեն լինի նաև գործառութային անձեռնմխելիությամբ պայմանավորված արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությամբ:

Որոշման ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: