Իրար հաջորդող սխալները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ երկրի համար. ՌԴ-ից ապաստան խնդրած Միհրան Պողոսյանը սթափության կոչ է անում
««Նախորդների սխալները չկրկնելու» կարգախոսի ներքո այսօր «ապամոնտաժվում» են պետական ինստիտուտների բաղադրիչը հանդիսացող լրջագույն օղակներ, վերացվում է տարիների ընթացքում որոշակի կայունության երաշխավոր դարձած կառավարման համակարգը։ Քարուքանդ անելով ամեն ինչ, տակնուվրա անելով եղած լավն ու վատը՝ խոստացված նորն այդպես էլ կյանքի չի կոչվում։
Հեղափոխական փոփոխություններն այդպես էլ միս ու արյուն չեն առնում, դեկլարատիվ հայտարարություններից ավելին չլինելով՝ նրանք ի հայտ են բերում նորանոր լրջագույն խնդիրներ։
Բախտի քմահաճույքով «գեներալ» դարձած զինվորականներից ոմանք, իրենց վստահված ծանր խաչը տանելու, «ուսադիրի պատիվը» բարձր պահելու փոխարեն դարձել են տարաբնույթ շոուների մասնակիցներ ու «սելֆիի» երկրպագուներ։ Հակառակորդի կողմից ձեռնարկվող, շարունակական դարձող լայնածավալ զորավարժությունների ֆոնին, ՀՀ ԶՈՒ ղեկավարն, օրինակ, ավելի շատ տարաբնույթ կենցաղային փառատոների մասնակիցն է դառնում, քան լինում է դիրքերում:
Հայաստանի ներկա վարչապետը դուրս չգալով «ընդդիմադիրի կերպարից» ու չդառնալով բոլորի ղեկավարը՝ հետևողականորեն հասարկությունը բաժանում է ըստ «գույների»։ Իրականում, սակայն, սթափվելու ժամանակն է՝ իրար հաջորդող սխալները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ երկրի համար»,- հայտարարում է Պողոսյանը։