Հայերեն   English   Русский  

ՀՀԿ-ն իրականում ուժեղ չէ.Ալ. Իսկանդարյան


  
դիտումներ: 1300

Մի քանի րոպե տևած նիստից հետո ավարտվեց այն քաղաքական ինտրիգը, որ վերջին 2 -3 շաբաթվա ընթացքում կար: Որևէ էական բան տեղի չունեցավ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշեց, որ դրանով վերջին դրվեց նաև հետընտարական խմորումներին. «Այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն ձեռբերեց քաղաքական բոլոր հարթակները, բոլոր կուսակցությունների մոտ նեկրոզ եղավ: Հիմա ԲՀԿ-ն, մնացած այլ կուսակցությունների հետ, կշարունակի մնալ կառավարությունում, սակայն ինչպես մնացածը, քաղաքականության մեջ դերակատարում այլևս չի ունենա»,-ասաց նա: Քաղաքագետը նկատեց, որ սա վատ կանդրադառնա երկրի վիճակի վրա, քանի որ քաղաքական դաշտը առանց կուսակցութունների նման է միոտանի աթոռի.ˋ «Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ կկրկնեմˋ Քառյակ կամ Եռյակ երբեք գոյություն չի ունեցել, բայց ժողովրդի աչքին այդ կուսակցություններն ընկալվել են որպես ընդդիմություն: Հիմա, առհասարակ, ոչ մի բան գոյություն չունի բացի Հանրապետական կուսակցությունից: Այս ամենի միակ ադրյունքը կլինիˋ անտարբերությունը», -ասաց նա հավելելով, որ ՀՀԿ-ն իրականում ուժեղ չէ. այն ուժեղ է թվում, որովհետև մրցակիցներ չունի:

Ալեքսանդր Իսկանդարյանը ընդգծեց, որ անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել կուսակցական համակարգ. «Ոչ թե վերստեղծել, ոչ թե միավորել, այլ ստեղծել: Հայաստանում կա պահանջարկ, բայց չկա առաջարկ և այն ուժը, որը կկարողանա ապահովել այդ առաջարկը հաջողության կհասնի»:

Ըստ քաղաքագետի` ԲՀԿ-ի հետագա գործունեությունը կախված չէ ԲՀԿ-ից: Եթե հանրապետականները ցանկանան, ապա ԲՀԿ-ն որոշ առումով կշարունակի գործել, եթե չցանկանան, ապա չի գործի. «Ինձ մի բան է հետաքրքրում, արդյոք պարոն Ծառուկյանին կստիպեն շարունակել հովանավորել կուսակցությունը: Եթե ԲՀԿ-ն ֆինանսավորում չստանա, ապա այն ընդհանրապես կվերանա, որովհետև այս կուսակցությունը չունի դրական ծրագիր և որևէ գաղափարախոսություն»,-նշեց քաղաքագետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: