Հայերեն   English   Русский  

​Շուրջբալետային դետեկտիվ «Օրբելյանական կրքեր»


  
դիտումներ: 1493

Ներկայացնում ենք կրճատումներով Կոնստանտին Օրբելյանի հետ «Նոյան տապան» ռուս-հայկական թերթի ծավալուն հարցազրույցը՝ հրապարակված REGNUM գործակալության կայքում:

Իգոր Կիսելյով – Դուք մի անգամ ասել եք, որ Ձեր ընտանիքն արել է հնարավորը Ռուսաստանի, Ամերիկայի և Հայաստանի մշակութային մերձեցման համար: Մշակույթը միավորո՞ւմ է:

Կոնստանտին Օրբելյան – Միացնել մարդկանց, ոչ թե բաժանել. իմ ընտանիքը փորձել է միշտ դա անել: Հայրս ջանում էր դա անել բիզնեսի միջոցով, և բավական հաջող, քանի որ ֆինանսական կապերը նույնիսկ ավելի ամուր են, քան մշակութայինը, բայց մշակութայինները ամենուժեղն են: Ուստի ես շարունակում եմ անել այն, ինչ կարող եմ:

Պատմության մեջ առաջին անգամ մեր հայկական օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ներկայացումները դուրս եմ տանում, որը մի տարի առաջ հանդես եկավ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետով Մեծ թատրոնի պատմական բեմում: Ասել, որ անշլագ էր, կնշանակի ոչինչ չասել: Հետո ես Մոսկվա բերեցի մեր երկու նորությունները՝ «Կարմենը» և Մոցարտի «Կախարդական սրինգը»: Այդ ներկայացումները մենք տարանք Դուբայ: Բացեցինք նոր օպերային թատրոնը Քուվեյթում: Բայց մենք տանում ենք ոչ միայն մեզ՝ թատրոնը, այլև Հայաստանը…

Կիսելյով – Տեսնում եմ, որ չեք բավարարվում ձեռքբերածով, այլ հեշտ ձեռնամուխ եք լինում նորին, և այդ հետաքրքրությունը ներարկել եք թատրոնի կոլեկտիվի մեջ: Դուք իրոք մեկ-երկու տարում կարող եք ակադեմիական թատրոնը համաշխարհային բրենդ դարձնել:

Օրբելյան – Ես ջանում եմ, և մարդիկ արժանի են դրան: Մեր օպերային երգիչները պահանջված են ամենուրեք. Գևորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Լիանա Հարությունյանը, Հասմիկ Պապյանը, իսկ մեր պարողներին՝ Սյուզի Փիրումյանին, Ռուբեն Մուրադյանին, Մերի Հովհաննիսյանին, Վահագն Մարգարյանին և Ռազմիկ Մարուքյանին տեսնել է պետք: Մենք պարում ու երգում ենք ամբողջ աշխարհում, ինչ ասեմ, այդպիսի ժողովուրդ ենք հայերս:

Կիսելյով – Մեր հարցազրույցը լիարժեք չի լինի առանց խոսակցության ձեր պայքարի մասին Հայաստանի գլխավոր թատրոնի համար: Եթե թույլ տաք, մի քանի հարց կտամ այդ ցավոտ, բայց և Հայաստանի ու համաշխարհային մշակույթի համար հետաքրքիր թեմայով: Ասացեք, ի՞նչ էր Ձեզ համար Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը մինչև 2016 թ., երբ Ձեզ հրավիրեց ղեկավարելու թատրոնը անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպե՞ս էիք գնահատում նրա ստեղծագործական, տնտեսական ներուժը: Հիմքեր կայի՞ն այն վերածելու համաշխարհային բրենդի:

Օրբելյան – Սկսեմ նրանից, որ թատրոն եկա հանճարեղ Գեղամ Գրիգորյանի վաղաժամ մահվանից հետո: Հասկացա, որ ինձ անսպառ աշխատանք է սպասում բոլոր առումներով, և բարդ բարոյահոգեբանական մթնոլորտ: Ոչ ոք առանձնապես չէր զբաղվում փիարով, գովազդով, նոր բեմադրություններով: Տասնյոթ տարվա ընթացքում թատրոնում ընդամենը չորս նոր բեմադրություն էր արվել: Իսկ միայն վերջին խաղաշրջանում մենք ութն ենք արել: Մի թիվ, որ համեմատելի է, ասենք, Մեծ Թատրոնի կամ Մարիինյան թատրոնի հետ: Մինչդեռ Մեծ թատրոնը երկու բեմ ունի, իսկ Մարիինյանը՝ երեք: Թատրոնը, առանց ավելորդ համեստության ասեմ, Հայաստանի Հանրապետության համար ոսկե ձվեր ածող հավ էր դարձել:

Մեր զարգացման դինամիկան փոխվեց, աշխատունակություն առաջացավ բոլորի մոտ, երբ խնդրեցի նոր գործընկերներիս զգաստանալ և առաջին հերթին մտածել դեկորացիաների և զգեստների որակի, կատարման մակարդակի, լոգիստիկայի, տնտեսության, գովազդի և մեր արտադրանքը դուրս տանելու մասին: Ստիպված էինք շատ աշխատել, բայց չէ՞ որ աշխատողների աշխատավարձը նույնը չէր, այն բարձրացավ, և հիմա բավական պատկառելի գումար է: Առաջին իսկ օրվանից հրավիրել եմ նշանավոր արտիստների ամբողջ աշխարհից, որպեսզի նոր որակ հաղորդեն և ինքնավստահություն ներշնչեն մեր արտիստներին: Ես հրավիրում եմ նշանավոր բեմադրողների, բեմանկարիչների, ընդհուպ լուսավորողների և զգեստներ ձևավորողների, որպեսզի թատրոնում ներկան շատ ժամանակակից լինի և տեսանելի բոլորին, որ մենք ոչ թե սոսկ ապագայի հույս ունենք, այլ մշտական և մեծ աշխատանք է տարվում հանուն դրա: Այդ առումով ես շատ գոհ եմ արվածից և ուրախ կլինեմ շարունակել այն, ինչը սկսել ենք գրեթե երեք տարի առաջ:

Կիսելյով – Հնարավորություն կունենայի՞ք զբաղվելու թատրոնի բարեփոխման այդ լուրջ աշխատանքով, եթե օժտված չլինեիք նաև տնօրենի լիազորություններով:

Օրբելյան – Երբեք: Ես կկարողանայի ինչ-որ չափով բարձրացնել կատարողների մակարդակը, բայց որպեսզի ներկայացումը բարձր վարկանիշ ունենա, շատ ավելին է պահանջվում, իսկ դա արդեն տնօրենի աշխատանքն է: Գեղարվեստական ղեկավարը չունի այն ֆինանսական լծակները, որոնք հնարավորություն են տալիս լուծելու գեղարվեստական հարցերը տնտեսական հարթության վրա: Տնօրենն է որոշում, թե որտեղից փող ձեռք բերել և ինչպես ու ինչի վրա այն ծախսել: Բայց գլխավորը՝ որտեղից ձեռք բերել: Իմ նշանակվելուց հետո մեր հիմնական հովանավորը դարձավ «Արդշինբանկը»: Բայց հենց որ ստիպված եղա թողնել տնօրենի պաշտոնը, բանկը նույն օրը խզեց պայմանագիրը՝ համարելով, որ ինձ ազատելը պաշտոնից անօրինական է: Եվ դա տարօրինակ չէր, եթե հաշվի առնենք, որ ներդրումները արվում էին իմ անունով, առանց գրավի, այն հաշվով, որ թատրոնը կհատուցի իր սպասվելիք շահույթի հաշվին: Տալիս էին՝ իմանալով, որ փողերը աջուձախ չենք վատնի, այլ կծախսենք այն նախագծերի վրա, որոնք միասին համաձայնեցրել ենք:

Կիսելյով – 2018 թ. գարնանը Հայաստանը «թավշյա հեղափոխության» ճանապարհով դժվարին իշխանափոխություն ունեցավ, բնականաբար փոխվեցին նաև առաջնահերթությունները, ինչը չէր կարող չանդրադառնալ նաև մշակույթի վրա: Ճոճանակը Ռուսաստանի սահմանից թեքվեց դեպի լիբերալ արժեքները, ինչը, ըստ երևույթին, տնօրենի պաշտոնից Ձեզ հեռացնելու գլխավոր պատճառն էր:

Օրբելյան – Ոչ: Կարծում եմ՝ երբ մարդիկ իշխանության են գալիս հեղափոխական ճանապարհով, ինչ-որ ժամանակ իրենց դեռ իշխանության ղեկին չեն զգում, շարունակում են հեղափոխական գործողությունները, երբ արդեն պետք է թևերը քշտած գործի անցնել: Երևանը Բանգոկ չէ, բայց այստեղ էլ բավական կոլորիտ կա:

Ես ոչինչ չունեմ ներկայիս վարչապետի դեմ, բայց երբ նոր մարդիկ արդեն նստած են կաբինետներում, սկզբնական շրջանում գոնե պետք է ելնեն այն հասկացողությունից, որ ամեն ինչ չէ, որ նախկինում վատ է եղել, սկսեն դրանից: Եթե մարդիկ հրավիրվել են նախկին իշխանության կողմից, դա չի նշանակում, որ բոլորն էլ վատն են, թեպետ չեմ էլ ասում, որ բոլորն էլ լավն են. պետք է լավն ու վատը տարբերել: Եվ պետք է առաջնահերթությունները որոշել. ինչից սկսել այն թատրոնի բարեփոխումը, որին Հայաստան են ասում: Եթե նրանք որոշել են, որ առաջինը պետք է զբաղվեն մշակույթով, ապա պետք է հիշեցնել, որ այն միշտ էլ Հայաստանում բարձրության վրա եղել և այցեքարտ է ծառայել: Փաստացի, կարելի է ասել, դրանից բացի ոչինչ չունենք. Մենք ուղեղներ և մշակույթ ունենք: Վերցրու դրանք, տակը միայն հայկական կոնյակն է մնում:

«Թավշյա հեղափոխությունը» վրա հասավ մեր թատրոնի վերափոխումների ամենաթեժ պահին: Այն, ինչ տեղի էր ունենում, գրեթե հրաշք էր. մենք հրավեր էինք ստացել Մեծ թատրոնից, Քուվեյթից և Դուբայից, և ես կարծում եմ՝ վերջին բանը, որին պետք է միջամտեր իշխանությունը, այդ մեր թատրոնն էր: Այն, ինչ տեղի ունեցավ հետագայում և իմ հարաբերությունները մշակույթի նախարարության հետ հասցրեց տուրբուլենտ վիճակի, գուցեև ինչ-որ չափով հիմնավորված էր, բայց ոչ երբեք թատրոնի դրությամբ և այն ամենով, ինչ տեղի էր ունենում նրա պատերից ներս…

Թատրոնը շատ բանի է հասել, հասել է նրան, որ մարդիկ ողջունում են մեր արտիստներին հոտնկայս, վերջին մի քանի տասնամյակներում չի եղել, որ մարդիկ ավելորդ տոմս փնտրեն. Դա էլ է հաջողության ցուցանիշ: Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը (նրա հետ էլ, ի դեպ, ունեցել եմ վեճեր, որոնք արագ լուծվել են), ինչպես ես, գլուխ չի հանում իրեն փոխարինելու եկած ֆրանսուհի Նազենի Ղարիբյանի հրամաններից: Ինչո՞ւ նա չսկսեց երկրի մշակույթի ամենաթույլ տեղերից և ողջ հարվածն ուղղեց ինձ վրա: Պատմությունը դեռ կպարզաբանի դա, իսկ առայժմ մեզանում դատական գործընթացներ են:

Ես դատի եմ տվել մշակույթի նախարարությանը, բողոքարկել եմ վարչապետի՝ Նազենի Ղարիբյանին մշակույթի նախարարի պաշտոնակար նշանակելու մասին որոշումը, այն հիմքով, որ նա Ֆրանսիայի քաղաքացի է և մեր կառավարությունում տեղ զբաղեցնելու իրավունք չուներ: Դա գրված է Սահմանադրությունում…

Կիսելյով – Դեռ դատ չի՞ եղել:

Օրբելյան – Ոչ, ոչ… Ես հայցերը ներկայացրել եմ միայն մայիսի վերջին, քանի որ ինձ ազատելուց հետո սպասել եմ երկու ամիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ ծանրակշիռ քայլեր ձեռնարկի, ինչպես որ խոստացել էր: Բայց նա չձեռնարկեց, և ես հայց ներկայացրի, այնպես որ տեսնենք…

Կիսելյով – Իսկ ի՞նչ կանեք, եթե դատարանը Ձեզ համար անախորժ որոշում կայացնի:

Օրբելյան - Գիտեք ինչ, ես բացարձակապես վստահ եմ՝ դատարանը կորոշի, որ ինձ ազատելու հրամանը ճիշտ չի եղել, քանի որ դրա օբյեկտիվ, օրինական պատճառներ գոյություն չունեն: Ես օրինական եմ նշանակվել, և վերջ:

Կիսելյով – Բայց տիկին Ղարիբյանը Ձեզ ազատելու երեք պատճառ է նշել: Առաջին՝ կառավարության որոշումը, որի հիման վրա Օրբելյանը տնօրեն է նշանակվել, այդ պահին դեռ ուժի մեջ չի եղել, երկրորդ՝ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով արգելվում է երկու և ավելի պաշտոնների համատեղումը, և երրորդ՝ հայերենի չիմացությունը:

Օրբելյան – Շատ լավ, ըստ կետերի: Ես օրինական եմ նշանակվել, քանի որ նախկին իշխանությունը դա չանելու պատճառներ չի ունեցել: Իմ նշանակման մասին կառավարության որոշման մեջ հատուկ չի նշվել հայերենի իմացության անհրաժեշտությունը, քանի որ օրենքները տարբեր են տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մրցույթի և կառավարության կողմից նշանակման դեպքում: Եթե մարդը վերջինիս կողմից է նշանակվում, ապա լեզվի իմացության կետն ինքնաբերաբար վերանում է: Եվ երրորդ՝ մեր իրավաբանը, որ փայլուն մասնագետ է, փաստաթղթեր ներկայացրեց նրանց, որոնք հակառակն են ապացուցում, այնպես որ վիճելը անիմաստ դարձավ: Ասեմ, որ ինձ նշանակելու ժամանակ նա կառավարության գլխավոր իրավաբանն էր, ինչը շատ կարևոր է:

Կիսելյով – Փորձառու է:

Օրբելյան – Նրանից վախենում են… Հուսով եմ, որ դատարանին ավելի լավ կհաջողվի համոզել նրանց, որ սխալվել են… Չգիտես ինչու, վստահ եմ:

Կիսելյով – Եվս մի հարց, քանի դեռ դատը չի եղել, Ձեր պաշտոնական կարգավիճակի կշեռքի նժարները ո՞ր կետի վրա են կանգ առել:

Օրբելյան – Ես թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ:

Կիսելյով – Իսկ նոր տնօրենը Ձեզ չի՞ խանգարում:

Օրբելյան – Տնօրենին ես եմ նշանակել, դրա համար Փաշինյանի կարգադրության կարիքը չունեմ: Մեր օրենքով գեղարվեստական ղեկավարը կարող է թատրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակել, և ես նշանակեցի իմ տեղակալներից մեկին:

Կիսելյով – Ձեր պատասխանը շատ ավելի հետաքրքիր էր, քան այն, որը կարող էի կանխատեսել:

Օրբելյան – Նա Կարինե Կիրակոսյանն է, թատրոնի գործերին լավատեղյակ է, բանիմաց իրավաբան և տնտեսագետ է, այդուհանդերձ առանց ինձ հետ խորհրդակցելու ոչ մի քայլ չի անում:

Կիսելյով – Նշանակում է, որ առայժմ ամեն ինչ հա՞րթ ընթանում: Դուք կորցրել եք աշխատավարձը, բայց ոչ կառավարման լծակները:

Օրբելյան – Այո, թեպետ աշխատավարձը նույնպես հարաբերական բան է. այն երեք քառորդով հոնորարային է, այնպես որ չէի ասի, թե շատ բան եմ կորցրել:

Կիսելյով – Իսկ մյուսնե՞րը, չէ՞ որ նախարարությունը 85 մլն դրամով նվազեցրել է պետական դոտացիան:

Օրբելյան – Դե նրանք իրենց նման չէին լինի, եթե չանեին դա: Ցավոք, թատրոնի վրա նման գրոհից հետո ստիպված էի ծայրահեղ միջոցների դիմել՝ հաստիքացուցակից 38 հաստիք կրճատել: Օրինակ՝ թատրոնը ութ փոխտնօրեն ուներ, հիմա մնացել են երկուսը: Բայց մարդկանց չեմ ազատել, և որպեսզի աշխատավարձի կորուստ չլինի, ստիպված էինք շտապ մեծացնել մեր արտադրանքի թողարկումը, բայց առանց որակի կորստի, այլ ճիշտ հակառակը: Այլ կերպ չի կարելի: Ես արգելել եմ փոխել հոգեբանությունը. մենք թատրոն ենք, որը պայքարում է ոչ թե գոյությունը պահպանելու համար, այլ զարգանալու:

Կիսելյով – Եվ մարդիկ հասկացա՞ն Ձեզ:

Օրբելյան – Դե Ռուսաստանը, լինելով պատժամիջոցների տակ, զարգանում է, ինչո՞ւ ձեզանից օրինակ չվեցնենք: Մարդիկ միշտ էլ հասկանում են քեզ, եթե նրանց մարդավարի ես վերաբերվում: Թատրոնում ես 95-տոկոսանոց աջակցություն ունեմ:

Օպերայի շենքը

Կիսելյով – Վերջին հարցը՝ Ձեր պլանները:

Օրբելյան – Չեմ ուզում խոսել քարավանի մասին, որպեսզի ոչ ոքի չվիրավորեմ, բայց քանի դեռ ես եմ այն առաջ տանում, ապա կգնա: Հիմա թատրոնը հանգստանում է, բոլորին խորհուրդ եմ տվել մինչև սեպտեմբեր ուժերը չվատնել, այլ կուտակել, քանի որ մեզ մեծ աշխատանք է սպասում:

Թատրոնի խաղացանկում դեռ որևէ ռուսական մեծ օպերա չկա, և դա ցավալի է… Ուզում ենք բեմադրել «Եվգենի Անեգինը»: Համերգային կատարմամբ պատրաստում ենք Ջորդանոյի «Անդրե Շենյե» օպերան, որը երբեք չի եղել թե՛ ԽՍՀՄ-ի, թե՛ հետխորհրդային բեմերում, նույնիսկ նոտաները չկային, մեծ դժվարությամբ գնեցինք: Դրա արիաները վերջերս հաջողությամբ կատարեցին Մոսկվայում Հովհաննես Այվազյանը և Գևորգ Հակոբյանը: Մկրտիչ Բաբաջանյանն արդեն ձայներ է ընտրում Վերդիի «Դիմակահանդեսի» համերգային կատարման համար:

Բալետի պարողները նույնպես երկար չեն հանգստանա: Արդեն սեպտեմբերին կսկսենք նոր բեմադրություն պատրաստել՝ Վաչե Շարաֆյանի «Հին աստվածները»: Այնուհետև սպասվում է Լերա Կասպարովայի ժամանումը Սանկտ Պետերբուրգից, և շատ հնարավոր է, որ ձեռնամուխ լինի «Անտունիի» բեմադրությանը: Եթե դա անենք, ապա դա չամիչ կլինի կարկանդակի մեջ:

Կաշխատենք նոյեմբերին ցուցադրել մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորայի «Բյուրեղապակե պալատի» պրեմիերան: Դա անակնկալ է՝ օպերա-բալետ՝ մեկի և մյուսի տարրերով… Սրանք մեր մոտ ապագայի ծրագրերն են, որոնք արդեն ընթացքի մեջ են: Իսկ հետո դատն է լինելու, և եթե մենք հաղթենք, ապա բոլոր արգելաձողերը մեր թատրոնի համար կվերանան:

Կիսելյով – Ուրեմն Ձեր ընդդիմախոսնե՞րն են հանգստացել, թե՞ ընկերներն են օգնում:

Օրբելյան – Չնայած թատրոնը կլանում է իմ ողջ ժամանակը, հրավերները ինձ՝ որպես դիրիժորի, շարունակվում են: Երբեմն հարկ է լինում աշխատել մի քանի ճակատով: Բարեբախտաբար ես հնարավորություն ունեմ ինքս ինձ համար և՛ հովանավոր լինելու, և՛ պրոդյուսեր: Բայց որտեղ էլ որ հանդես եմ եկել, խոսք է եղել նաև մշակութային փոխանակության մասին, և համագործակցության պայմանագրերի մի ամբողջ փաթեթ ունենք: Շատերն են ցանկացել տեսնել մեր աշխատանքները, այնպես որ մեր հեռանկարային ծրագրերն էլ իրականում վիթխարի են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: