Հայերեն   English   Русский  

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ


  
դիտումներ: 444

Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:

Սերբիայի վարչապետը ողջունել է նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը՝ նշելով, որ ուրախ են հյուրընկալել բարեկամ Հայաստանի նախագահին և շահագրգռված են բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների խորացմամբ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ համագործակցության համար հեռանկարային ուղղություններին։ Կողմերն ընդգծել են, որ փոխշահավետ կարող են լինել կապերը մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայկական պատվիրակության կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, ստարտափ հանրության ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են իրենց ոլորտներում սերբական ընկերությունների հետ համագործակցությամբ:

«Ուրախ կլինենք զարգացնել Ձեր երկրի հետ հարաբերությունները և ավելի շատ հայկական ներկայություն ունենալ Սերբիայում», -ասել է Անա Բռնաբիչը։

Կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանան տնտեսական ոլորտում հասնել առավել տպավորիչ արդյունքների: Այս համատեքստում կարևորվել է փոխայցելությունների, գործարար շփումների ակտիվացումը, միմյանց փորձին ծանոթացումը, ինչն էապես կարող է խթանել տնտեսական ակտիվությունն ու զբոսաշրջությունը:

Անդրադարձ է եղել նաև Սերբիայի և Եվրասիական տնտեսական միության միջև առաջիկայում ստորագրվելիք ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին: Նշվել է, որ Համաձայնագրի կնքումը նոր առևտրային հնարավորություններ կստեղծի Հայաստանի ու Սերբիայի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: