Հայերեն   English   Русский  

Առողջ լինելը դեռևս հիվանդ չլինելը չէ...


  
դիտումներ: 6794

Հոկտեմբերի 10-ին նշվում է Հոգեկան առողջության միջազգային օրը: Թեմայի շրջանակներում զրուցել ենք հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ:

-Պարոն Ամիրյան, արդյոք մեր հասարակությունը պատկերացնու՞մ է՝ ի՞նչ ասել է հոգեկան առողջություն, և որքանո՞վ է կարևոր հոգեկան աշխարհի խնամքը:

-Հոգեկան առողջությունն ընդհանուր առողջության կարևոր բաղադրիչն է: Մարմնական առողջության հետ կապված խնդիրները մարդիկ սովորաբար բավական լավ են պատկերացնում և անհանգստացնող նշանների դեպքում զբաղվում են դրանցով: Հոգեկան առողջության մասին մեր հասարակությունը շատ ավելի քիչ է տեղեկացված, ավելին՝ օրգանիզմ ասելով՝ առաջին հերթին հասկանում են միայն մարմին: Այդ պատճառով էլ հաճախ ոչ միայն չեն հետևում իրենց հոգեկան առողջությանը, այլև ժամանակին միջոցներ ձեռք չեն առնում՝ խնդիրները կանխելու համար: Այնինչ, մեր մարմինն ու մեր հոգեկանը փոխպայմանավորված են մեկը մյուսով: Եթե ֆիզիկապես լավ չենք զգում, մեր տրամադրությունը նույնպես վատ է լինում, և հակառակը՝ հոգեկան վերելքն անդրադառնում է մեր մարմնական առողջության վրա: Այժմ տարածված հասկացություն կա՝ հոգեմարմնական հիվանդություններ, ինչը նշանակում է հոգեբանական պատճառներով առաջացող ֆիզիկական հիվանդություններ: Հուզական կյանքն ու ռեակցիաներն ուղղակիորեն հանգեցնում են անգամ կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը: Ուստի, հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը:

-Անհատը կարո՞ղ է գիտակցել, որ հոգեկան անառողջ վիճակում է գտնվում:

-Սովորաբար մեր վիճակի մասին մենք դատում ենք որոշակի նշաններով: Ցավը մարմնի որևէ հատվածում կամ մազաթափությունը հուշում են, որ մեր ֆիզիկականի հետ ինչ-որ բան այն չէ, իսկ ահա բարձր տագնապայնությունն ու տխրությունը կարող են հոգեկան անբարվոք վիճակների նշան լինել: Այդ ամենը զգալն ու համապատասխան միջոցներ ձեռք առնելը կախված է մեր անհատական գիտակցությունից, կրթվածությունից և տեղեկացվածության աստիճանից: Ի դեպ, առողջ լինելը դեռևս հիվանդ չլինելը չէ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների բնորոշմամբ՝ մարդու առողջությունը ոչ միայն հիվանդությունների բացակայությունն է, այլև նրա ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարօրությունը:

-Սթրեսներն ինչպե՞ս են անդրադառնում հոգեկան առողջության վրա:

-Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում սկսվել են մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա ազդող սթրեսային ժամանակներ: Սակայն, կարևոր է նաև մարդու վերաբերմունքն այդ սթրեսորների նկատմամբ: Մասնագետներն ապացուցել են՝ եթե ինչ-որ ազդակ, անգամ միանգամայն չեզոք, մարդը համարի վնասակար, նրան սթրեսային ազդեցություն վերագրի, ապա այն իսկապես կդառնա այդպիսին: Շատ բան կախված է մեր վերաբերմունքից:

-Ինչպե՞ս կարելի է ոչ թե պայքարել սթրեսի դեմ, այլ խուսափել դրանից:

-Երկու ճանապարհ կա. մեկն այն է, որ պարբերաբար հոգեպես ազատվենք կուտակվող լարումներից և սթրեսներից սիրելի զբաղմունքների, լիցքաթափման վարժությունների օգնությամբ՝ մեզ սնուցելով դրական ազդակներով, ճիշտ այնպես, ինչպես մեր մարմնին ենք հետևում պարբերաբար լվացվելու կամ լոգանք ընդունելու միջոցով:

Մյուս ճանապարհն ավելի արմատական է. պիտի զարգանանք և մեր ներաշխարհը կարգավորենք այնպես, որ ճիշտ վերաբերմունք մշակենք կատարվող ամենատարբեր երևույթների նկատմամբ: Իր հոգեկան առողջությանը հետևող մարդը կարողանում է պաշտպանվել բացասական ինֆորմացիաներից: Օրինակ՝ եթե համացանցում միայն բացասական լուրեր ենք կարդում, ապա հենց դա դեպրեսիայի պատճառ կարող է դառնալ: Առողջ ապրելակերպի առաջին միջոցներից մեկն է զտել բոլոր ավելորդ և թունավոր ինֆորմացիաները: Իհարկե, ամբողջությամբ խուսափել հնարավոր չէ, որովհետև, անկախ մեր կամքից, օրվա ընթացքում զանազան տհաճ իրադարձությունների մասին ենք լսում, ունենում տարբեր շփումներ կամ հայտնվում զանազան կենցաղային իրավիճակներում, որոնք կարող են լինել տհաճ, հոգնեցնող: Այսինքն՝ այդ բոլոր բացասական ազդակներն աննկատելիորեն մեր հոգեկանում նստվածք են թողնում: Դրա համար պարբերաբար պիտի կարգավորել մեր ներաշխարհը:

-Ո՞ր երկրներում են առավել ընդգծված լինում հոգեկան առողջության հետ կապված խնդիրները:

-Մի հետաքրքիր հանգամանք կա: Թվում է՝ նյութական բարեկեցության աննախադեպ բարձր մակարդակը Եվրոպայում կամ ԱՄՆ-ում պիտի ազատի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից, բայց հենց այդ երկրներում անհամեմատ մեծ է դեպրեսիաների, տագնապային խանգարումների քանակը: Մինչդեռ, ասիական աղքատ երկրներում, որտեղ մարդիկ օրվա հաց վաստակելու համար ողջ օրն աշխատում են բրնձի դաշտերում, այդտեղ դեպրեսիաներ գործնականորեն չեն հանդիպում, որովհետև մարդն, այսպես ասած, ժամանակ չունի դեպրեսիայի համար: Ուստի, հոգեկան առողջության հետ կապված խնդիրների և աշխարհագրական վայրի, սոցիալ-տնտեսական պայմանների միջև շատ բարդ հարաբերակցություն կա:

-Գաղտնիք չէ, որ այսօր հայ հասարակության ներսում անհանդուժողականության, ատելության հետ կապված դրսևորումներն առավել հաճախակի են դարձել: Ինչպե՞ս կարելի է պայքարել այս ամենի դեմ:

-Եթե հասարակության կրթվածության աստիճանը բարձր չէ, այդ հասարակությունը միշտ լինում է անառողջ: Հանդուրժողականությունը, ինքն իրեն կառավարելը, լավ վարքագիծ ունենալը կրթության և ճիշտ դաստիարակության արդյունքում են ձևավորվում, այսինքն՝ ուղղակի կապ ունեն հասարակության ընդհանուր կրթվածության աստիճանի հետ: Կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները շատ մեծ անելիք ունեն՝ խնդիրները բարձրաձայնելու, պարզաբանելու և ներկայացնելու առումով: Եթե չի տարվում կրթադաստիարակչական աշխատանք (դաստիարակությունը պիտի գերակա լինի կրթության նկատմամբ), չեն քարոզվում վեհ իդեալներ, ապա դաշտն անխուսափելիորեն լցվում է ցածր արժեքներով: Պիտի ձևավորել նորմալ փոխհարաբերությունների, մտածելու, վերաբերվելու կուլտուրա: Սրանք բոլորը դաստիարակչական խնդիրներ են. միայն գիտելիքներ տալով, ինչ-որ կարողություններ զարգացնելով՝ խնդիրը լուծել չի հաջողվի: Առաջնահերթ արժեհամակարգ պիտի ձևավորվի: Ցավոք սրտի, այդ գործը կատարող կարևոր օղակներից մեկը՝ հեռուստատեսությունը, խնդիրը ոչ միայն չի լուծում, այլև հակառակն է քարոզում: Ներկայացվող գռեհիկ սերիալներն ու հաղորդումները քարոզում են հակաարժեքներ. արդյունքում տարածվում է անհանդուժողականությունը, ագրեսիան, բռնության մշակույթը: Բացասական մտածելակերպը, որն իրականում համամարդկային խնդիր է, ծնվում է ամենուր ազատորեն արտահայտվելու հնարավորությունից: Համացանցում էլ սկսում է գերակշռել ինֆորմացիաների բացասական հոսքն իր բոլոր հետևանքներով:

Մյուս կողմից էլ, այս երևույթները նոր չեն: Դրանք եղել են նաև խորհրդային ժամանակներում, պարզապես այժմ դրսևորումները սրվել են, որովհետև կտրուկ փոփոխությունների ժամանակներում ենք ապրում, ինչպես ասում են՝ հեղափոխական: Նաև համացանցն այդ երևույթները դարձրել է շատ ավելի տեսանելի՝ հնարավորություն տալով ատելությունն ու ագրեսիան անկաշկանդ դրսևորելու:

-Ինչպե՞ս է այսօր մեր հասարակությունը վերաբերում հոգեբան հասկացությանը:

-Հոգեբանը հատուկ գիտելիքներ ունեցող այն մասնագետն է, որը կոչված է օգնել որոշակի խնդիրների լուծմանը, և պարտադիր չէ, որ դրանք հիվանդության բնույթ կրեն: 1988-ի երկրաշարժից հետո հոգեբանական աջակցության մեծ ալիք սկսվեց մեզանում: Այսօր նկատելի դրական տեղաշարժ կա: Աստիճանաբար հաղթահարվում է հոգեբանին դիմելու ներքին արգելքը:

-Հոգեկան առողջության խանգարումների մասին արդյո՞ք պիտի մտածեն միայն դրանք կրողները:

-Առողջության մասին պետք է մտածել ոչ միայն այն ժամանակ, երբ արդեն հիվանդ ենք, այլև առողջ ապրելակերպ վարելով, որ կանխվեն հնարավոր խնդիրները: Դրա համար դարձյալ պիտի պարբերաբար մասնագիտական տեղեկատվություն մատուցվի: Առողջությունը մեծ թվով մարդկանց հուզող ոլորտ է, ուստի մեծ է պահանջարկն այդպիսի տեղեկատվության նկատմամբ: Եթե մասնագետները համապատասխան տեղեկատվությունը չմատուցեն, դաշտը կլցվի կասկածելի աղբյուրներից մատուցվող ինֆորմացիաներով, որոնք օգնելու փոխարեն նույնիսկ կարող են վնասել:

-Հոգեկան առողջության խաթարումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ անհատի և հասարակության կյանքում:

-Եթե անհատն առողջ չեղավ, հասարակությունն էլ չի առողջանա, և խնդիրները կշարունակեն խորանալ: Ժամանակակակից ապրելակերպը, տեխնոլոգիական փոփոխությունները գնալով ավելի մեծ ծանրաբեռնվածություն են թողնում մեր հոգեկանի վրա: Հաշվել են, որ խոշոր քաղաքներում մարդիկ օրվա մեջ 400 անգամ կոնտակտի մեջ են մտնում այլ մարդկանց հետ: Սա ահռելի ծանրաբեռնվածություն է հոգեկանի համար: Բնականաբար, հոգեկանը սկսում է պաշտպանվել. արդյունքում այդ 400 կոնտակտները դառնում են մակերեսային: Դրանից էլ սրվում է մարդկանց միայնակության զգացումը, ինչն էլ հանգեցնում է դեպրեսիաների առաջացման և խորացման:

-Դուք 22 ժողովածուների և գրքերի հեղինակ եք, որոնցից այս պահին կառանձնացնեմ «Ապրելու արվեստը» գրքերի տասը հատորներն ու «Ինքնակերտման արվեստը» երկհատոր գիրքը: Ի՞նչ առնչություններ ունեն դրանք մեր թեմային:

-Դրանք ամենաուղղակի առնչությունն ունեն, քանի որ այդ գրքերում քննարկվում են մարդկանց ամենօրյա կյանքին վերաբերող հրատապ թեմաներ և հուզող հարցեր: Հատկապես «Ինքնակերտման արվեստի» երկհատորյակում պարտադիր տրվում է խնդիրները լուծելու գործիքները, տեխնիկաները և վարժությունները, որոնք մատչելի են, արդյունավետ և ստուգված: Ինձ հաճելի է, որ այդ գրքերը շատ են կարդում, բայց հատկապես ուրախալի է, որ կարդում են մեր զինվորականները, որովհետև նրանցից շատ հեռախոսազանգեր և հաղորդագրություններ եմ ստանում:

-Պարոն Ամիրյան, բացի հրատարակվող գրքերից, Դուք նաև ակտիվ եք համացանցի տիրույթում, վարում եք «Հոգեբանություն կյանքի համար» ՖԲ էջը: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը: Եվ արդյոք համացանցը չունի՞ իր բացասական ազդեցությունը մարդկանց հոգեկան առողջության վրա:

-Նախկինում ես միայն գրքեր էի հրատարակում, բայց սոցիալական կայքերում գրանցվելուց հետո տեսա, որ այստեղ նույնպես մեծ լսարան կարող եմ ունենալ, այսինքն՝ հնարավոր է մարդկանց ուսանելի տեղեկություններ տալ հոգեբանության, հոգեբանական առողջության, կենսափիլիսոփայության, ինքնազարգացման վերաբերյալ և, ինչու ոչ, օգտվել մեծ թվով հետևորդներ ունենալու հնարավորությունից: Եվ ես սկսեցի վերոնշյալ թեմաներով նյութեր զետեղել իմ «Հոգեբանություն կյանքի համար» ՖԲ էջում և դժգոհ չեմ:

Աշխարհայացքային նշանակություն ունեցող, միևնույն ժամանակ մարդկանց հուզող հարցեր կան, որոնց կրթօջախները չեն անդրադառնում: Համացանցը գործիք է, որը կարելի է ծառայեցնել տարբեր նպատակների։ Ես համացանցն օգտագործում եմ ճիշտ և օգտակար նպատակների համար՝ ձևավորելով դրական մտածելակերպ և ներկայացնելով կառուցողական շփվելու մշակույթ: Համացանցի օգտատերերից բազմաթիվ ոգևորող արձագանքներ եմ ստանում՝ ինչպես են այդ գրառումներն օգնում գտնել որոշ խնդիրների լուծման բանալիներ:

-Հոգեկան առողջության միջազգային օր. որքանո՞վ է այն կարևոր միջազգային օրերի ցանկում: Արդյոք օրն ինչ-որ կերպ նշվու՞մ է Հայաստանում:

-Միջազգային օրերի նպատակը խնդիրների վերհանումը, լուսաբանումն ու լուծման ուղիների մշակումն է: Իսկ հոգեկան առողջության ոլորտում այսօր ունենք բազում խաթարումներ: Այլ հարց է, թե այդ միջազգային օրերը ինչպես են նշվում տարբեր հասարակություններում, մասնավորապես, մեր երկրում: Միգուցե Հոգեկան առողջության միջազգային օրվան որոշ լրատվամիջոցներ հպանցիկ անդրադառնան, բայց հանրային լայնամասշտաբ միջոցառումներ դժվար թե իրականացվեն, քանի որ այս օրվա հետ կապված երբեք նման ծրագրեր չեն իրականացվել, չկան հայեցակարգային մշակումներ, քանի որ քիչ է գիտակցվում խնդրի կարևորությունը:

-Ի՞նչ խոհերով կամփոփեք զրույցը:

-Ես ցանկանում եմ, որ մարդիկ ավելի ուշադիր լինել սեփական առողջությանը, հասկանան՝ մեր տրամադրությունը մեր կյանքի որակն է: Պիտի սովորել բացահայտել, կարգավորել և կառավարել իրենց: Ես մի բավական պարզ, բայց ուղենշային բանաձև ունեմ այն մասին, թե ինչպես ապրել ամեն օրը, որ կուզեի առաջարկել ընթերցողներին: Պիտի ապրել առավելագույն ուրախություն, հաճույք և օգուտ ստանալով ու առավելագույն օգուտ և ուրախություն բերելով ուրիշներին:

Արփի Խաչատրյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: