Հանրային խորհրդում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի մասնակցությամբ նիստ է անցկացվել
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Մկրտչյանի հրավերով նիստին մասնակցել է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Գլխավոր հանձնակատարը հանձնաժողովի անդամներին և նիստին ներկա Հանրային խորհրդի անդամներին ներկայացրել է կառավարությունում այդ հարցով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը՝ հավաստիացնելով, որ օպերատիվորեն վերահսկվում է իրավիճակը, և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում մեր հայրենակիցերի անվտանգության ուղղությամբ տարվող աշխատանքներում: Նա նաև նշել է, որ այս պահին Սիրիայի Կամիշլի քաղաքում շուրջ 430 հայ ընտանիք կա:
Ներկաները մտքեր են փոխանակել Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների պատճառների և հնարավոր հետևանքների մասին՝ կարևորելով իրավիճակի զագացումները կանխատեսելու հնարավորությունը և հայ ազգաբնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ գործողությունների իրականացումը:
Նիստի օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների զարգացման հեռանկարներին և ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման վերաբերյալ իր տեսլականն ու դիրքորոշումը, ըստ որի այդ հարաբերությունները պետք է խարսխված լինեն գործընկերության և փոխադարձ վստահության վրա։ Նա հավելել է, որ այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններն առողջացնելու և վստահության մթնոլորտն ամրապնդելու լուրջ խնդիր կա:
Քննարկում է ծավալվել հատկապես ներգաղթի և հայրենադարձության կազմակերպման հարցերի շուրջ: Սինանյանն այս խնդիրը փոխկապակցել է ՀՀ կառավարության՝ Հայաստանի առաջիկա տասնամյակների զարգացման տեսլականի հետ, որի առանցքային հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի բնակչության թվի ավելացմանը, և որի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը մշակման փուլում է: Հանրային խորհրդի կողմից բարձրացվել է այդ ռազմավարական փաստաթղթի մշակման գործընթացում ինչպես խորհրդի, այնպես էլ հանրության լայն շերտերի մասնակցության անհրաժեշտության հարցը։
Հանրային խորհրդի և հանձնաժողովի անդամները ներկայացրել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման և գործակցության խորացման վերաբերյալ իրենց տեսլականը, անդրադարձել Սփյուռքի հայ համայնքների խնդիրներին, մտահոգություն հայտնել Սփյուռքում հատկապես հայոց լեզվին սպառնացող վտանգի մասին։
Հանրային խորհրդի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ և աջակցելու բարձրացված հարցերի լուծման և դրված նպատակների իրագործման ճանապարհին։