Պետք է և Հայաստանից, և Արցախից չլինեն այնպիսի հայտարարություններ, որ կսրեն մթնոլորտը և հարաբերությունները երկու երկրների միջև. Կիրո Մանոյան
իրենք բազմիցս են հայտնել մտահոգություն, որ և Հայաստանից, և Արցախից չլինեն այնպիսի հայտարարություններ, ելույթներ, որ ընդհանրապես կսրեն մթնոլորտը և հարաբերությունները երկու երկրների միջև:
«Լավ մթնոլորտ չի լինի, եթե մենք ունենանք երկու հանրապետությունների միջև լարվածություն, որը կարող է տանել նույնիսկ մեր հասարակության պառակտմանը: Պետք է դա կանխենք: Դա չի նշանակում, որ Վիտալի Բալասանյանի ասածը անպայման միայն այդպիսին ենք համարում»,-ասաց Մանոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 8-ին, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել Livenews.am-ին, որտեղ, մասնավորապես, հայտարարել է, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, որը արևմտյան ուժերի կողմից ներդրված պրոյեկտ է, և Նիկոլ Փաշինյանը կատարածու է:
«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանն ու Արցախը տանում է կործանման: Ես սթափության կոչ չեմ անում. նրանք պետք է օր առաջ իշխանությունը հանձնեն եւ ինքնակամ ներկայանան ՀՔԾ»,-ասել է Բալասանյանը եւ ընդգծել է, որ Հայաստանը բռնազավթված է եւ Արցախը դիմակայելու է դրան, որի փորձն ունի:
Խոսելով Արցախի բարեկամների մասնակցությամբ տեղի ունեցած վեհաժողովի մասին Մանոյանը նշեց, որ պետք է առաջնահերթություն համարենք մեր պետության հզորացումը, որովհետև մեզ համար մեզնից լավ բարեկամ չկա:
«Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները ինչ-որ չափով նվազեցրել են մեր սահմաններին լարվածության հավանականությունը, քանի որ քաղաքական ուժերը չեն ցանկանա այս տարածաշրջանում մի քանի լարվածության օջախներ տեսնել: Բայց հաշվի առնելով Էրդողանի պահվածքը, կարող է Ալիևն էլ Էրդողանից խրախուսված, ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկել: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Բայց չի բացառվում, որ մի քանի ամսից նման իրադարձություններ հրահրվեն որոշ այլ նպատակներով, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն, ինչը մեր շահերից չի բխում»,-ընդգծեց նա:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ ասաց, որ, եթե այս արտահայտության նպատակն այն է, որ Երևանը պետք է որոշի, թե Արցախում ով ինչ քաղաքական ազդեցություն ունենա, դա խնդիր է:
«Իսկ եթե Արցախը Հայաստան է և վերջ, ստորագրեք վերջանա, ինչի՞ չեք ստորագրում: Չի կարելի քաղաքական հաշվարկներով ստեղծել մթնոլորտ եւ այդ ուղղությամբ դրական քայլեր չանել»,-ասաց նա:
Կիրո Մանոյանը նաեւ հավելեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ մենք ունեցել ենք պահեր, որ երբ նախագահը ասել է՝ եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, պատերազմ կսկսվի. «Մենք այդ ժամանակ լ ենք ասել, որ չի կարելի նման բաներ ասել: Պետության ղեկավարը չպետք է աշխարհին ցույց տալու, թե ինչ կլինի, եթե այսպես կամ այնպես անենք»: