Հայերեն   English   Русский  

Քանյե Ուեսթն իր նոր ալբոմի լսման ժամանակ հաստատել է, որ կրոնափոխ է եղել և քրիստոնեություն է դավանում


  
դիտումներ: 5742

TMZ-ն հայտնում է, որ լրագրողների հետ զրույցում Քանյե Ուեսթը խոստովանել է իր՝ կրոնափոխ լինելու և քրիստոնեությունն ընդունելու մասին:

«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես այսօր այստեղ չեմ հանուն ձեր զվարճանքի»,- ասել է Ուեսթը՝ նշելով, որ այնտեղ է ավետարան քարոզելու։

««Jesus Is King»-ը հրաշալի է հնչում։ Երեկ Քանյեն դեռ աշխատում էր նոր երաժշտության վրա, որը հիասանքաչ է հնչում։ Ֆիլմը շատ սրտառուչ էր։ Բացի այդ՝ նա մեզ համար հատվածներ էր կարդում Սուրբ գրքից։ Ավետարան ըստ Մարկոսի 1։15՝ նրա սիրելի գիրքը»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։

Հոկտեմբերի 25-ին Ջորջ Վաշինգտոնի համալսարանում ռեփերը կթողարկի «Jesus Is King» ալբոմը, և նույն օրը վարձույթում կհայտնվի նաև «Jesus Is King: A Kanye West Experience» վավերագրական ֆիլմը, որը փոքրիկ պատմություն է ալբոմի ստեղծման ու ռեփերի տարած աշխատանքի մասին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Քանյե Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանը, քրոջ՝ Քորթնիի և երեխաների հետ մկրտվել է Էջմիածնի մայր տաճարում:

Մկրտության ընթացքում հեռուստաաստղի ու ռեփերի դուստրը՝ Չիկագոն, ստացել է Աշխեն անունը, որդիները՝ Պսալմն ու Սեյնթը՝ համապատասխանաբար Վարդան և Գրիգոր անունները։

Երկրպագուները Քանյեի ինստագրամայն էջում սկսել են հարցնել, թե ինքը երբ է գալու Հայաստան և երբ է մկրտվելու:

Նշենք, որ ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համացանցում պարբերաբար կիսվում է իր` Հայաստան կատարած այցի տպավորություններով:

Քիմը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել: «Այցելությունը հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան շատ էմոցիոնալ ստացվեց: Թանգարանում այդքան լուսանկարներ տեսնելուց և այդքան փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո ես չեմ կարող հավատալ, որ մարդիկ դեռ փորձում են ժխտել տեղի ունեցածը: Մենք երբեք չենք մոռանա, որ 1․5 միլիոն հայ է սպանվել»,- գրել է Քարդաշյանն Ինստագրամի իր էջում:

Նրա այս գրառումը 1 միլիոնից ավելի հավանության և շուրջ 7100 մեկնաբանությունների է արժանացել: Մեկնաբանություններ են եղել նաև թուրք օգտատերերի կողմից, որոնք բարկացել են Քիմի խոսքերից: «Հանեք ձեր դիմակները և հիշեք Ղարաբաղը: Մեր պատմությունում չի եղել ոչ մի ցեղասպանություն: Դու չգիտես պատմությունը և բավական է ստես: Ցեղասպանություն չի եղել, բավական է վարկաբեկել թուրք ժողովրդին և թուրքական պատմությունը»,- գրել է թուրք օգտատերերից մեկը:

Սակայն մյուս օգտատերերի բացարձակ մեծամասնությունը աջակցել է Քարդաշյանին: Ոմանք նշել են, որ Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, կհպարտանար իր աղջկանով, եթե ողջ լիներ: Մի մասն էլ ուղղակի շնորհակալություն է հայտնել Քիմին Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշման համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: