Հայերեն   English   Русский  

Եթե նախորդները դեռ շարունակում են ապրել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ապա գործող իշխանությանը մենք չենք կարողանալու պաշտպանել հաշվեհարդարներից. Զարուհի Փոստանջյան


  
դիտումներ: 576

Այսօր ազատ խոսքը սահմանափակվում է և դա արվում է քաղաքական նկատառումներով, իսկ ագրեսիվ գործողությունների հեղինակները, այսինքն՝ իշխանությունները, չեն թաքցնում իրենց ապօրինությունները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Այլընտրանքային նախագծեր» խմբի ու «Իմ Ձայնը» ՀԿ-ի համատեղ կազմակերպած «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Այսօրվա բռնապետության օրոք քաղաքական հաղորդում փակվեց, դա Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդումն է: Հաղորդումը, որ ուներ բավական բարձր վարկանիշ, սեփականատերը փակել է, որովհետև, կարծում եմ՝ քաղաքական ճնշում կա սեփականատիրոջ վրա»,-ասաց Փոստանջյանը:

Խոսելով այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերը, ըստ տեղեկությունների, այսօր հրավիրվել են ԱԱԾ՝ Փոստանջյանն ասաց. «Սա տգեղ և վտանգավոր երևույթ է, որն ապրել եմ իմ ընտանիքում: Ստալինյան շրջանում տատիս աքսորեցին Սիբիր, մինչդեռ պետք է աքսորեին պապիկիս: Տատս ասել էր, թե իբր պապիկիս հետ վաղուց չի ապրում: Այնպես էր արել, որ երեխաները տանը չլինեն: Ու տանը ոչ մեկին չգտնելով՝ տատիս՝ հղի վիճակում, ձեռքին փոքր երեխա, աքսորել են Սիբիր: Հիմա նման երևույթներ ենք տեսնում: Ժողովրդի անունից՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխության» անունից, մարդիկ ուզում են իրենց քաղաքական նպատակներն իրականացնել և դա մատուցում են որպես անհրաժեշտ միջոց՝ իբրև թե կոռուպցիայի և քաղաքական նախկին համակարգի դեմ պայքարի միջոց»:

Խոսելով դատական համակարգի ու իրավական մարմինների գործողությունների մասին՝ փոստանջյանն ասաց, որ այսօր իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան դատարանները, և իշխանությունն օգտվում է այդ բռնապետությունից:

«Անկախ նրանից, թե նախկինում ինչ է եղել, այո, նախկինում բռնապետներ են եղել, մենք այսօր իրավունք չունենք նույն գործիքակազմով հետապնդել մարդկանց: Եթե մենք պետք է նախկինների հանդեպ վերաբերվենք էմոցիաներով, վրեժով, ապա չենք ունենալու առաջընթաց, ավելի է խորանալու ճգնաժամը»:

Ըստ Փոստանջյանի՝ բռնապետական ճանապարհով գնացող իշխանությունը շատ արագ սպառելու է իր բոլոր գործիքները և հայտնվելու է ավելի դժբախտ իրավիճակում, քան նախորդները:

«Եթե նախորդները դեռ շարունակում են ապրել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ապա գործող իշխանությունը, որը բազմաթիվ խոստումներ է տվել հանրությանը, մենք չենք կարողանալու պաշտպանել հաշվեհարդարներից, որովհետեւ նրանք հայտարարել են հաշվեհարդարների միջոցով գործելու ճանապարհը: Մենք սա ենք տեսնում: Եթե վարչապետը դատավորին ասում է վնգստացող, հետևաբար, բոլորը արդեն էստաֆետը վերցնում են, մեկը ձու է շպրտում, մյուսն ասում է՝ ես պետք է անեի: Սա բոլշևիկյան արատավոր պրակտիկա է»,-ասաց Փոստանջյանը:

Նա ընդգծեց, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին հեղափոխությանը մասնակցելը չի կարող արդարացնել խուլիգանական արարքները, որ արվում են:

Փոստանջյանը նշեց, որ ինքը դեմ չէ նախկիններին պատասխանատվության ենթարկելու գործընթացին, բայց այդ ամենը պետք է արվի օրենքի շրջանակներում:

«Այո, դատեք նախորդներին, բայց օրենքով, հարգելով նրանց իրավունքները: Եթե նույնը պետք է անես, ինչպես քո նախորդները, դու նրանցից ոչնչով չես տարբերվում: Իհարկե, պետք է լինեն դատավարություններ, ծանր հանցագործությունները պետք է պատժվեն, բայց դա չի կարող տեղի ունենալ անօրինական ճանապարհով, ընտրովի: Չի կարելի թիրախավորել մեկ անձի՝ օրինակ ՍԴ նախագահին»,- ասաց Փոստանջյանը:

Նա նաև ընդգծեց, որ արդեն իսկ բազմաթիվ բողոքներ կան Հայաստանից Եվրոպական դատարանում. «Եթե նախորդ իշխանությունների կատարած ապօրինությունների համար մենք վճարել ենք շատ քիչ գումար, այս 1,5 տարվա համար մենք վճարելու ենք հսկայական գումարներ ու դա վճարելու ենք մեր գրպանից: Սա մեր քաղաքացին պետք է հասկանա, ոչ թե ուրախանա, որ ապօրինի որեւէ մեկին պահում են կալանքի տակ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: