Թրամփը Թուրքիայի և քրդերի հակամարտությունը համեմատել է երեխաների կռվի հետ
Նման համեմատություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասում՝ ելույթ ունենալով հանրահավաքում: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով BBC հեռուստակայանին:
«Ինչպես երկու երեխաների դեպքում, թողնում ես, որ կռվեն, հետո բաժանում ես նրանց»,- ասել է Նահանգների առաջնորդը:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով: Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության եկան 120 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները: Վաշինգտոնը խոստացավ, որ այդ ընթացքում կապահովի քրդական ջոկատների հետ քաշվելը Թուրքիայի սահմանից 30 կմ-ով:
Հավելենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Թուրքիայի դեմ, սակայն գերադասում է խաղաղ մեթոդները: Նրա խոսքով՝ Թրամփը բոլոր հնարավոր տարբերակներից ընտրում է խաղաղությունը՝ գերադասելով այն պատերազմից: