Հայերեն   English   Русский  

Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելը իմ համար անընդունելի է. Գագիկ Ծառուկյան


  
դիտումներ: 491

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իր համար անընդունելի է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելու հանգամանքը:

«Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկների հանդեպ կատարվողը իմ համար անընդունելի է: Այսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց ասենք իմ համար, ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»,-ասաց նա:

Ծառուկյանի խոսքով` այս քայլերով ուժային կառույցները «անհարմար» վիճակի մեջ են դնում երկրի վարչապետին. «Ուզում են ինչ-որ բան ցույց տալ, բայց չեն համապատասխանում իրենց պաշտոններին»:

Անդրադառնալով նրան, որ իրենց խմբակցությունը չի մասնակցել Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, Ծառուկյանն ասաց, որ իրենք չեն մասնակցել, քանի որ իրավական հիմք դրանում չեն տեսել և անիմաստ են համարել իրենց մասնակցությունը:

«Տեսաք, գնաց Սահմանադրական դատարան և այնտեղից մերժեցին, դրա համար մարդիկ պետք է վատ վիճակի մեջ չդնեն, մարդիկ պետք է իրենց պաշտոնը տիրապետեն, հասկանան, իրենց թիմակիցներին անհարմար վիճակի մեջ չդնեն»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե անձամբ Ծառուկյանը Հրայր Թովմասյանին լեգիտիմ նախագահ համարում է, նա ասաց. «Ինչի՞ համար լեգիտիմ չէ, էդ ո՞վ ա ասում, թող հիմնավորումը բերեն` լեգիտիմ չէ, մենք էլ ասենք` լեգիտիմ չէ, բայց էսօր ով ա էդ հարցը բերել, դրել, ներկայացրել: Մենք ասում ենք` պատրաստ ենք, տեսնենք, քննարկենք, տեսնենք լեգիտիմ չի, մենք նույնպես կողմ կլինենք, բայց էսօր ամեն մեկը մի դատարակ բան է ասում, բոլորին շփոթության մեջ է գցում, իբր ինքը դառնում է էդ կինոյի հերոսը, կամ էլ էդ պահի առաջարկողը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: