Հայերեն   English   Русский  

Պուտինը և Էրդողանն ավարտեցին բանակցությունները Սոչիում, որոնք տևեցին վեց ժամ


  
դիտումներ: 610

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան ավարտեցին բանակցությունները Սոչիում: Հանդիպումը տևել է վեց ժամ: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Բանակցությունների սկզբում Պուտինը նշել է Էրդողանի հետ խորհրդակցության կարևորությունը Սիրիայի բարդ իրավիճակի խորապատկերում: Ռուսաստանի առաջնորդը հույս է հայտնել, որ «ռուս-թուրքական հարաբերությունների մակարդակը, որ ձեռք է բերվել ներկայումս, իր դերը կխաղա բոլոր բարդ հարցերի կարգավորման գործում, որոնք այսօր առաջացել են տարածաշրջանում»: Նա նաև հույս է հայտնել, որ դա հնարավորություն կտա գտնելու բոլոր հարցերի պատասխանները՝ թե՛ Թուրքիայի և Ռուսաստանի, թե՛ տարածաշրջանի բոլոր երկրների շահերից ելնելով:

Էրդողանը վստահություն է հայտնել, որ հանդիպումը Սոչիում ստեղծված իրավիճակում օգտակար է լինելու: «Այսօրվա մեր հանդիպումը հնարավորություն կտա մեզ առավել մանրամասն քննարկելու եղած իրավիճակը, և դա անկասկած խաղաղություն ապահովելու հնարավորություն կտա»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այդ բանակցություններում «Ռուսաստանը ցանկանում է քննարկել իրերի դրությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, ավելի լավ հասկանալ տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկություններ ստանալ Թուրքիայի ծրագրերի մասին և համադրել դրանք Սիրիայում քաղաքական կարգավորման ընդհանուր ծրագրերի հետ»: Նա կարծիք է հայտնել, որ դժվարին բանակցություններ են լինելու:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: