Պարոն Ծառուկյանի մտահոգությունը բացառապես կապված է եղել աշխատավարձերի բարձրացման գաղտնի լինելու հանգամանքի հետ. Իվետա Տոնոյան
«Պարոն Ծառուկյանի մտահոգությունը բացառապես կապված է եղել աշխատավարձերի բարձրացման գաղտնի լինելու հանգամանքի հետ: Մենք կարծում ենք, որ հեղափոխության իրականացումից հետո հասարակությունը վաստակել է այդ իրավունքը իմանալու ո՞ր արժանիքների, ու ո՞ր արդյունավետ աշխատանքի համար է բարձրացվում այս կամ այն գերատեսչության աշխատողների աշխատավարձերը: Եթե այս հարցի պարզաբանումը տրվեր ժամանակին, այլ ոչ թե մեկուկես օր ուշացումով, ապա այսքան չէր արծարծվի: ՀՀ վարչապետն ԱԺ-ում իրավական գործընթաց է ներկայացրել, որը նախօրեին մեկնաբանել էր նաև նրա քարտուղարը՝ կապված նախարարների աշխատավարձերի բարձրացման և պարգևատրումների հետ: Այլ հարց է՝ որքանո՞վ է նման զգալի բարձրացումը նպատակահարմար և արդարացված: Մասնավորապես, հարց է ծագում՝ ո՞ր ոլորտներում և ո՞ր արդյունավետ աշխատանքի համար է նման զգալի բարձրացում իրականացվել: Կարծում եմ՝ դա քննարկման առանձին թեմա պետք է լինի»,- ասաց Տոնոյանը:
Ըստ Արման Աբովյանի՝ ՀՀ-ում յուրաքանչյուր գործընթաց պետք է լինի պարզ ու թափանցիկ:
«Վարչապետը ներկայացրեց իրենց տեսակետը, որ չեն ցանկացել միտումնավոր գաղտնի անել այս ամենը: Մենք մեկ անգամ ևս վերահաստատում ենք վարչապետի ասածը, որ ոչ մի բան չպետք է գաղտնի անել»,-նշեց Աբովյանը:
Հիշեցնենք, որ նախարարների, նրանց տեղակալների և նախարարությունների գլխավոր քարտուղարների ՀՀ կառավարության նախաձեռնած պարգևատրումները հանրության շրջանում ոչ միանշանակ արձագանք են ստացել: Իրավիճակը սրվել է նաև այն պատճառով, որ տվյալ որոշումը կայացվել է գաղտնիության սկզբունքով: Առաջին անգամ այդ մասին տեղեկություն է հայտնվել մամուլում, ինչին էլ հաջորդեցին պարզաբանումները: