Թբիլիսիում մեկնարկել են թումանյանական օրերը
Հայ մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է:
***
Երևանյան պատվիրակության անդամները նախ այցելել են Թբիլիսիի հայկական Սուրբ
Էջմիածին եկեղեցի: Այնուհետ, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ
Դավթյանի ուղեկցությամբ, Երևանի փոխքաղաքապետն ու պատվիրակության անդամները
ծանոթացել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի,
կրթության և երիտասարդության կենտրոնի գործունեությանն ու պայմաններին: Կենտրոնի
նախակրթարան է այցելում շուրջ 50 երեխա:
***
Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Թբիլիսիի հայ գրողների և հասարակական
գործիչների պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել հայ մեծերի շիրիմներին և հարգանքի տուրք
մատուցել նրանց հիշատակին:
***
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հիմնանորոգվում
է: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այցելել է շինհրապարակ և ծանոթացել
աշխատանքների ընթացքին:
Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն
Բայանդուրյանը նշել է, որ մշակութային օջախի խարխուլ շենքն ամբողջությամբ
վերակառուցվում է։ Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական
թատրոնը հիմնադրման օրվանից մեծ դեր է խաղացել Թբիլիսիի հայերի մշակութային
կյանքում` միաժամանակ հանդիսանալով յուրահատուկ կամուրջ հայ-վրացական բարեկամական
հարաբերություններում:
***
Երևանն ու Թբիլիսին կհամագործակցեն նաև քաղաքային օրենսդիր մարմինների
մակարդակում: Երևանի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանի
մայրաքաղաք այցելած ավագանու խմբակցությունների անդամները հանդիպում են ունեցել
Թբիլիսիի գործընկերների հետ: Կողմերը նախանշել են այն ուղղություններն ու
քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնցում կարող են արդյունավետ
գործակցություն ծավալել: Անդրադառնալով համագործակցության հնարավոր ձևաչափերին՝
երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու փոխայցերի ակտիվացումը: Երևանի
ավագանու անդամները Թբիլիսիի գործընկերին հրավիրել են փոխադարձ այցով լինել
Երևանում: