Անցնող շաբաթը Հայաստանում
Այս շաբաթն էլ բացառություն չէր, նաև հրաժականների և պաշտոնանկությունների շքերթով, սակայն սովորանից ավելի դրամատիկ էր արտաքին քաղաքականության՝ հուսահատության հասցնող տխուր իրավիճակով:
Արդի թափանցիկ իշխանությունների գաղտնի և նախկինների «առերևույթ հանցավոր» գործողությունները
Որոշումն այս անգամ ցնցող էր ոչ միայն բովանդակությամբ, այլև ձևով. կայացվել էր գաղտնի՝ շատ ավելի վաղ՝ ընթացիկ տարվա հուլիսին:
Գաղտնիքը բացեց «Հետքի» հրապարակումը, որն իսկական երկնային ամպրոպի ազդեցություն ունեցավ: Հայտնի դարձավ, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով կրկնապատկվել է նախարարների, փոխնախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը, մինչդեռ մեր օրենսդրությամբ պետական պաշտոնյաների աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Սա նշանակում է, որ նախարարի աշխատավարձը ստանալու համար հարկ է բազային աշխատավարձը (66 հազար 140 դրամ) բազմապատկել 12-ով, որը կկազմի 793 հազար 680 դրամ, այնինչ նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։ Նմանապես փոխնախարարի աշխատավարձը 562 հազար 160 դրամի փոխարեն դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ, և այսպես շարունակ:
Աշխատավարձերի տվյալ բարձրացումը պետք է կատարվեր խորհրդարանում վերոհիշյալ օրենքի փոփոխությամբ։ Ուրեմն ինչո՞ւ գաղտնի՝ օրենքի կոպիտ խախտումով: Չէ՞ որ գաղտնիք չէ՝ տվյալ օրենքի նախագիծը խորհրդարան մտնելու դեպքում անպայման ընդունվելու էր իմքայլականների ձայների մեծամասնությամբ: Սա մի հանելուկ էր, որի լուծումը մի քանի օր շարունակ փորձում էին գտնել Ազգային ժողովի ընդդիմադիր ձևացող պատգամավորները: Ընդ որում, նրանք դեմ չէին աշխատավարձերի բարձրացմանը, նրանց զարմացնում էր միայն գաղտնիությունը: Եվ հանձին Էդմոն Մարուքյանի՝ փորձեցին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ օգտվել կառավարությունից բացատրություն կամ հիմնավորում պահանջելու հնարավորությունից:
Իսկ բացատրությունը շատ ավելի տարօրինակ էր, քան բուն արարքը: Եվ առհասարակ դժվար էր այդ զավեշտի հասնող կցկտուր մտքերը հիմնավորում համարել: Պարզվեց, որ աշխատավարձերի այս շեշտակի բարձրացումը կատարվել է որպես հավելում պարգևատրումների ֆոնդի հաշվին, որը ժամանակին հաստատել է Ազգային ժողովը: Եվ դա արվել է «որոշակի դիսպրոպորցիա» հաղթահարելու և նախարարներին արժանապատիվ աշխատավարձ տալու համար, իսկ գաղտնի է արվել սոսկ նախկիններից մնացած իներցիայի ուժով և անձնական տվյալներ չհրապարակելու նկատառումով: «Եթե գաղտնի գրիֆով է գնացել, չի նշանակում որ հանրությունից գաղտնի պահելու նպատակով է արվել»,-ասաց վարչապետը:
Երկուշաբթի նոր փուլ մտավ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ արշավը: Հայտնաբերվեց հերթական «առերեւույթ կատարված հանցագործության դեպքը», գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը) և միացվեց բազմաչարչար իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:
Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ որոշ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ: Արդարադատության նախարարն ու վարչապետի խոսնակն էլ հայտարարեցին, որ Գագիկ Հարությունյանին հարկադրել են ժամանակից շուտ դադարեցնել լիազորությունները, որպեսզի Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ։ Եվ վերոհիշյալ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել մարտի 1-ին, այն Արա Բաբլոյանին է հասել մարտի 2-ին և նույն օրն էլ նա հրապարակել է այդ փաստը, սակայն այդ տեղեկությունը փաստահավաք էլեկտրոնային համակարգ է մտել մարտի 5-ին, քանի որ գրությունը Ազգային ժողով է հասել ուրբաթ երեկոյան, երբ այդ համակարգն արդեն փակ էր, ուստի մուտքագրվել է երկուշաբթի առավոտյան՝ մարտի 5-ին: Սա է ամբողջ «կեղծիքը»:
Այս փաստը, ի դեպ, առանձնակի հպարտությամբ լցրեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի սիրտը, քանի որ քրեական գործը հարուցվել էր նրա հաղորդման հիման վրա, ինչն էլ որոշ լրատվամիջոցներին հուշեց շնորհել նրան «Հայաստանի գլխավոր ստուկաչ» կոչումը: Իսկ մի խումբ իրավապաշտպաններ, իրավաբաններ, քաղաքական ու հասարակական գործիչներ հայտարարեցին, որ սա Հրայր Թովմասյանի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հերթական փորձն է, ուստի արդի Հայաստանում հայտնվեց հինգերորդ քաղբանտարկյալը: Նրանք տեղեկացրին նաև, որ քրեական օրենսգրքի 314–րդ հոդվածը, որի առաջին մասով նախատեսված հանցանք գործելու կասկածանքով ձերբակալվել է Բաբայանը, ենթակա է համաներման, հետևաբար, որևէ անձ չի կարող ձերբակալվել կամ կալանավորվել այդ հոդվածով, եթե նույնիսկ իրականում կատարել է այդ հանցանքը։ Ի լրումն, թե՛ Գագիկ Հարությունյանի, թե Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարի, թե՛ կասկածյալների հրապարակային վկայությունները ցույց էին տալիս, որևէ կեղծիք չի եղել, բայց ակնհայտ դարձավ, որ դրանք ՀՔԾ-ի հետաքրքրություններից դուրս են:
Հայտնի դարձավ, որ նույն գործի շրջանակում որպես կասկածյալ ներգրավվել է նաև ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և հարցաքննվել ՀՔԾ-ում: Ընդ որում, բժիշկ Բաբլոյանին ստիպել էին թողնել վիրահատական սեղանը և անհապաղ ներկայանալ հարցաքննության: Այս հանգամանքը վերին աստիճանի դառնացրեց թե՛ նրան, թե՛ հասարակությանը: Վիրահատությունը սովորական չէր, դրան կլինիկան նախապատրաստվել էր 22 տարի, Հայաստանում առաջին անգամ լյարդի պատվաստում էր կատարվում կենդանի մարդուց՝ հորից տասը տարեկան երեխային: Մասնագետների 22 հոգուց բաղկացած խումը (7-ը Բելառուսից) 14,5 ժամ պայքարում էր երեխայի կյանքը փրկելու համար: Ահա այսպիսի կրքեր:
Այսքանից հետո ոչ ոքի չզարմացրեց, երբ հինգշաբթի օրը դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը, սակայն բավարարեց նրան կալանավորելու միջնորդությունը:
Ամբողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին
Չորեքշաբթի այսպիսի վերտառությամբ հայտարարությունով հանդես եկավ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Բանն այն է, որ առայսօր շրջանառվում է այն կեղծ տեղեկությունը, թե բանտում Հաց բերողի մահվան պատասխանատուն Արփինե Հովհաննիսյանն է, ուստի նա որոշել էր վերջ դնել այս խոսակցություններին: Նա մանրամասն փաստական հիմնավորումներով ցույց տվեց, որ ինքը ոչ մի առնչություն չի ունեցել նրա ձերբակալմանը, կալանավորմանը և մահվանը և չէր կարող առնչություն ունենալ ի պաշտոնե: Ընդհակառակը, իր իրավասության սահմաններում ամեն ինչ արել է նրան ազատ արձակելու համար, իրական պատասխանատուն նախաքննության մարմինն է, որի նկատմամբ հսկողական գործառույթ ունի դատախազությունը: Ուստի բոլոր հարցերը պետք է ուղղել ժամանակի և ներկայիս գլխավոր դատախազին:
«Արցախը տարածք է, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները»
Անցած շաբաթ թերևս ամենացնցող իրադարձությունը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցն էր BBC-ի Hard Talk հաղորդմանը, որը այլ կերպ, քան խայտառակություն, հնարավոր չէ որակել:
Պատասխանելով ակնհայտ ադրբեջանամետ լրագրողի սադրիչ հարցերին՝ ամբողջ հարցազրույցի ընթացքում մեր արտաքին գործերի նախարարը շարունակ խոսում է «մեր անվտանգության ճարտարապետության ամբողջականության ապահովման» մասին՝ հանգերգի պես կրկնելով, որ մեր գլխավոր նպատակը Արցախում ապրող բնակչության անվտանգությունն է, իսկ խաղաղ կարգավորման բանալին փողզիջումներն են, այնպիսի փոխզիջումները, որոնք բավարարեն և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդներին: Մենք փոխզիջման ազդակ ենք սպասում Ադրբեջանից, բայց այն, ավաղ, չկա ու չկա:
Մեջբերենք միայն ամենացնցող հատվածը:
«Բայց պետք է ճանաչեք միջազգային իրավունքը»,- ասում է լրագրողը: Պատասխանը. «Դրա շրջանակներում, Արցախը տարածք է, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները: Մենք... »: «Հարցականից վեր է, որ հայ ժողովուրդն ապրում է այդ տարածքում, բայց այդ տարածքը հայկական չէ»,- պնդում է լրագրողը: Պատասխանը. «Ոչ: Իմ ասածն այն է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվում են մեր հայրենակիցները, որոնց անվտանգության մասին մենք հոգ ենք տանում, մենք նրանց անվտանգության միակ երաշխավորն ենք, սակայն մենք հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը, որի շրջանակում Արցախի կարգավիճակը և անվտանգությունը մեր հիմնական առաջնահերթութոուններն են: Մենք հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը. Մենք երբեք չենք շեղվել այդ խաղաղ կարգավորման գործընթացից»:
Ահա սա է այսօր մեր արտաքին քաղաքականության թշվառ վիճակը. ոչ մի պատասխան այն աղաղակող պնդմանը, թե Արցախը ադրբեջանական տարածք է, ոչ մի ակնարկ ազգի ինքնորոշման իրավունքի մասին, էլ ուր մնաց այն հանրահայտ փաստերի թվարկումը, որոնք հայտնի են անգամ ցածր դասարանների աշակերտներին:
Այսքանից հետո այժմ մեր հասարակությանը մի հարց է տանջում. ուրեմն ի՞նչ բանակցություններ է վարում մեր արտգործնախարարը աշխարհի քաղաքական գործիչների հետ հանդիպելիս, ավելի լավ չէ՞, որ նա առհասարակ ոչ ոքի հետ չհանդիպի և ոչինչ չխոսի:
«Տնտեսական հեղափոխության» ձեռքբերումները
Այս իրավիճակում մեր վարչապետը փորձեց մի քիչ ցրել մեր ծանր տրամադրությունները՝ ուրախությամբ արձանագրելով, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից գործազրկության էական նվազում ունենք: «Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով: Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով»: Եվ իհարկե, միամտաբար թե միտումնավոր մոռացավ նշել, որ այդ նվազումը տեղի է ունեցել հենց գործազուրկ բնակչության արտագաղթի հաշվին:
Եվ գլխավոր ինտրիգը՝ 20 տարի անց
Այս իրադարձությունների համատեքստում 20 տարի անց կրկին սկսեց շրջանառվել Հոկտեմբերի 27–ի ահաբեկչության գլխավոր իրականացնող, ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի անունը: Նա դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ արձակման համար։ Պատահականությո՞ւն է սա: Եվ ինչու հենց այս օրերին նրա հետ հանդիպեց վերոհիշյալ Արմեն Բաբաջանյանը և առնվազն երկու ժամվա զրույց ունեցավ: Այս հարցերի պատասխանները հավանաբար կստանանք ընթացիկ և հետագա շաբաթներին: