Հայերեն   English   Русский  

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆին


  
դիտումներ: 332

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։

Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է դեսպանին և հատկանշական համարել Գերմանիայի դեսպանատան հետ երկար տարիների ձևավորված լավ հարաբերությունները, նաև այն դերը, որը վերջինս կատարում է Գերմանիայի հետ ուղիղ համագործակցությանբ և ԵՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի ուղղությամբ։

Դեսպանը կարևորել է տնտեսական հարցերը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարևոր առաջնահերթություններից և իր խոսքում նշել․ «Հանքարդյունաբերության, էլեկտրաէներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում գերմանական ընկերությունների գործունեությունն այստեղ վկայում են այն մասին, որ վերջիններս հետաքրքրված են Հայաստանով։ Գիտեմ, որ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է ներդրումների ներգրավվումը երկիր, այդ տեսանկյունից էլ կարևոր եմ համարում երկրների միջև փոխադարձ կապերի զարգացումը»։

Նախարարն իր հերթին նշել է․ «Մենք, իսկապես, երկրի տնտեսական զարգացումը կապում ենք երկրում ներդրումային գրավչության մեծացման հետ, ուստի պետք է գտնենք այն հնարավորությունները, որոնք երկու երկրների հետաքրքրությունների դաշտում են»։ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի հիմնական նպատակները և տնտեսական այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի ավելի զարգացնել երկրների միջև համագործակցությունը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում և հավելել, որ վերջին տարիներին դեպի Հայաստան ուղևորահոսքերի ամենաարագ աճ արձանագրած ուղղություններից մեկը Գերմանիան է եղել։

Դեսպանի խոսքով՝ գերմանական կազմակերպությունները գյուղատնտեսության, գիներգործության և մի շարք այլ ոլորտներում խորհրդատվական ծառայություններ են մատուցում, իսկ տեքստիլի և զբոսաշրջության ուղղությամբ առկա է մեծ հետաքրքրություն։ Նա նշել է, որ իռլանդական «Ռիանեյր» ավիաընկերության գործարկումը ևս մեծ հնարավորություն կստեղծի և կմեծացնի Գերմանիայի հետ ուղևորահոսքերը։ Ըստ Միխայել Բանցհաֆի՝ Հայաստանը միջնաժամկետում կարող է կապող օղակ լինել ԵԱՏՄ և հարակից այլ երկրների հետ։ Նա անդրադարձել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերի հնարավորություններին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար և նշել, որ առաջիկա իրականացվող ծրագրերն ունենալու են մեծ նշանակություն երկրների երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման և հատկապես Հայաստատանում ՓՄՁ ոլորտի զարգացման համար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: