Հրայր Թովմասյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի վերաբերյալ
ցանկանում եմ Ձեր բոլորիդ ուշադրությունը հրավիրել մեր երկրում տեղի ունեցող ևս մեկ անարդարության վրա, որն անմիջական առնչություն ունի վերջին օրերին ԶԼՄ-ներով լայն քննարկման առարկա հանդիսացող, այսպես կոչված «ճնշել Հրայր Թովմասյանին» օպերացիայի հետ։ Մասնավորապես, այդ «օպերացիայի» շրջանակում ապօրինի կալանավորված է Տիգրան Տեր-Հարությունովը, ում առաջադրված մեղադրանքը, որն արհեստականորեն որակվել է որպես ծանր հանցագործություն, ի վիճակի չեն վերծանելու նույնիսկ բրիտանացի գիտնականները։ Ընդ որում, Տիգրան Տեր-Հարությունովին մեղադրանք է առաջադրվել իր բնույթով խորհրդատավական նշանակություն ունեցող փաստաթուղթ ենթադրաբար կազմելու և տրամադրելու միջոցով միայն քննիչի մտքում գոյություն ունեցող անձանց օժանդակելու համար։ Այսինքն, անձին մեղադրանք է առաջադրվել «հանցագործին» օժանդակելու համար, սակայն այդ հանցագործի անձը մինչ օրս հայտնի չէ։
Անկախ առաջադրված մեղադրանքից Տիգրան Տեր-Հարությունովը բնութագրվում է բացառապես դրական, նախկինում դատված չի եղել, խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխաները՝ 3 և 5 տարեկան, ունի մշտական բնակության վայր ու կայուն սոցիալական կապեր, մշտական աշխատանք, ու թեև նրա նկատմամբ շուրջ վեց ամիս փաստացի իրականացվում է քրեական հետապնդում, սակայն նա սեփական նախաձեռնությամբ մասնակցել է բոլոր քննչական և դատավարական գործողություններին, քրեական գործի նյութերի նախապատրաստության փուլում բացատրություն է տվել, քննիչի հեռախոսազանգի հիման վրա առանց որևէ դատավարական կարգավիճակի մատնանշման ու ծանուցագրի, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, որպես կասկածյալ և մեղադրյալ տվել է մանրակրկիտ ցուցմունքներ, պատասխանել է քննիչի բոլոր հարցերին, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվել, որևէ կերպ քրեական գործի քննությանը չի խոչընդոտել, սակայն, անկախ այս հանգամանքներից, վերջինս խարդախությամբ ձերբակալվել է և այնուհետև ապօրինի կալանավորվել, որի նպատակը որքան հնարավոր է երկար անձին անազատության մեջ պահելն է՝ «խելքը գլուխը հավաքելու համար»։ Այդ մասին է վկայում նաև այն, որ, օրինակ՝ գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին պաշտպանության կողմի հոկտեմբերի 4-ի միջնորդության քննարկումը հետաձգվել և նշանակվել է նոյեմբերի 20-ին՝ կալանքի ժամկետը լրանալուց 8-օր առաջ, երբ արդեն ներկայացված կլինի կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի հերթական «շաբլոնային» միջնորդությունը։
Հաշվի չի առնվել նույնիսկ այն հանգամանքը, որ Տիգրան Տեր-Հարությունովը ֆիզիկապես վատառողջ է, մասնավորապես՝ նրա մոտ առկա է հաշմանդամության 2-րդ կարգի տրամադրման համար հիմք հանդիսացող աջակողմյան խլություն (100%), ձախակողմյան ծանրալսություն։ Նման պայմաններում վերջինիս նկատմամբ ընտրված կալանքը ոչ այլ ինչ է քան պատիժ, որը նշանակում է, որ Տիգրան Տեր-Հարությունովը ենթարկվում է խոշտանգման։
Խնդրում եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին իրենց աջակցությունը ցուցաբերել ազատելու Տիգրան Տեր-Հարությունովին ու վերականգնելու արդարությունը։
Հարգանքով,
փաստաբան Մհեր Հակոբյան