Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի հետ
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ նշել է, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ բացի պետությունների միջև հարաբերություններից, հայ եւ հույն ժողովուրդները մեծ համակրանք ու եղբայրական զգացումներ ունեն իրար նկատմամբ, ինչը գալիս է դարերի խորքից:
Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Հունաստանի խորհրդարանը դեռեւս 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2015 թվականին ընդունել է օրենք, որով քրեականացրել է ցեղասպանության ժխտումը, իսկ Հայաստանի խորհրդարանը ճանաչել է Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Բացի մշակութային, տնտեսական եւ քաղաքական կապերից, Արարատ Միրզոյանը մեծապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը եւ նշել միջխորհրդարանական շփումներն ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտության մասին: Նա հայտնել է, որ իր կիպրոսյան այցի ժամանակ Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ խոսակցություն է ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդարանական հնարավոր ձեւաչափի մասին եւ այդ թեմայով շաբաթներ առաջ խոսել է նաեւ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաեւ, որ շատ քիչ երկրներ են մնացել, որոնք դեռ չեն վավերացրել Եվրամիության ու Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը, եւ այդ երկրներից մեկը, ցավոք, Հայաստանի բարեկամ Հունաստանն է՝ հավելելով, որ Հայաստանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ևս:
Հունաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ մոտ ժամանակներս իր երկիրը կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ինչից հետո ակնկալում են, որ Հայաստանի եւ Հունաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ անդամ մյուս երկրների հետ հարաբերությունները է՛լ ավելի կխորանան:
«Մենք պետք է ջանքեր գործադրենք և ընդլայնենք մեր հարաբերությունները»,- ասել է Պրոկոպիոս Պավլոպուլոսը՝ նշելով, որ հայերի եւ հույների ցեղասպանություններն այն ողբերգական էջերն են, որոնք նույնպես միավորում են երկու երկրներին: