Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել. Մասիս Մայիլյանի այցը Մոսկվա բարկացրել է նրանց
Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել` Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի` Մոսկվա կատարած այցի համար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը։
Տեղեկացվում է , որ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովին հրավիրել են երկրի արտաքին գերատեսչություն, որտեղ էլ նրան հանձնել են բողոքի նոտան։
«Ադրբեջանում ՌԴ դեսպան Բոչարնիկովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան նախարարությունում բողոքի նոտա են հանձնել` Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի` Ռուսաստանի Դաշնություն այցի վերաբերյալ»,–ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ չի նշվում Մասիսի Մայիլյանի այցի ժամկետները։
Նշենք, որ Մասիսի Մայիլյանը Մոսկվա է մեկնել նոյեմբերի 4–ին, աշխատանքային այցով։
Ավելի վաղ` հոկտեմբերին, Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա էր հղել ՌԴ դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի` Արցախ այցի թեմայով։