Հայերեն   English   Русский  

Արթուր Ավետիսյան. «Համաշխարհային բանակային խաղերին մարտական էի տրամադրված»


  
դիտումներ: 1772

Հոկտեմբերի 18-27-ը Չինաստանում կայացած համաշխարհային բանակային մարզական խաղերում Հայաստանի պատվիրակությանը հաջողվեց 2 բրոնզե մեդալ նվաճել. մրցանակակիրներ դարձան Արթուր Ավետիսյանը (մարմնամարզություն) և Մհեր Մարկոսյանը (ազատ ոճի ըմնբշամարտ, 86 կգ):

Արթուր Ավետիսյանն օղակների վրա վարժությունում վաստակեց 14,633 միավոր։

Անկախի հետ զրույցում կարևոր և պատասխանատու ստուգատեսի մասին տպավորություններով, նխապատրաստական աշխատանքներով կիսվում է Արթուր Ավետիսյանը՝ խոսելով նաև սպասվող մրցաշարերի մասին:

-Մարմնամարզության հավաքականի անդամներով մարզումներով հագեցած նախապարաստական շրջան էինք անցել Թբիլիսիում: Մրցմանը մարտական էի տրամադրված: Յուրաքանչյուր ստուգատեսի մասնակցում եմ հաջող հանդես գալու, հաղթելու նպատակով: Նշեմ, որ ամեն մրցաշար չափազանց կարևոր է մարզիկի համար փորձի ձեռքբերման, հնարավորությունները ճիշտ գնահատելու, բացթողումները շտկելու առումով: Թբիլիսիում հավաքականի մարզիչների հետ շեշտը դրել էինք կոպիտ սխալներ թույլ չտալու, վարժությունը հնարավորինս մաքուր կատարելու վրա:

-Ուհանում 14,633 միավորով բրոնզե մեդալակիր դարձաք՝ աննշան միավորներ զիջելով չինացի Յան Լյուին (15,133) և բրազիլացի Արթուր Զանետին (14,700)։ Մրցակիցների մասին ի՞նչ կասեք:

Արթուր Ավետիսյան 2019

-Բավական փորձառու մասնակիցներ էին. լարված պայքար էր ընթանում մրցումը: Բոլորն էլ ցանկանում էին իրենց երկիրը պատվով ներկայացնել, մրցանակային տեղ զբաղեցնել: Միավորների տարբերությունը մեծ չէր: Մրցումների ժամանակ լարվածություն չեմ զգումու: Երբ պատրաստ եմ լինում, ուզում եմ դուրս գալ մրցահարթակ և անել այն, ինչն ինձ մոտ ստացվում է: Այդ ամենի մեջ մեծ ադրենալին կա:

Նշեմ նաև, որ հավաքականի տղաների՝ ընկերներիս՝ Վահագն Դավթյանի և Հարություն Մերդինյանի ներկայությունն ինձ ուժ էր տալիս և ոգևորում:

Կարևոր էր ինձ համար այս մրցումներին հաջող ներկայանալ, երկրի պատիվը բարձր պահել և մեդալ նվաճել: Հպարտ եմ որ հայ եմ և որ կարողանում եմ ցանկացած ձեռքբերմամբ ուրախություն պարգևել իմ ժողովրդին:

-Առաջիկայում ի՞նչ մրցաշարեր են սպասվում:

-Ուրախ եմ, որ Չինաստանում հաջող հանդես եկա: Ստուգատեսն ինձ տվեց փորձ, որ հետագայում ավելի հանգիստ հանդես գամ մրցումներին: Առաջիկայում վարժությունը պետք է բարդացնեմ և շարունակ աշխատեմ ավելի մաքուր կատարելու ուղղությամբ: Պատրաստվում ենք Շտուտգարտում (Գերմանիա) մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: