Հայերեն   English   Русский  

Մելինե Դալուզյանի պատճառով Հայաստանը կարող է զրկվել օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից


  
դիտումներ: 690

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում սպասում են ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմանը, որով կորոշվի, թե Հայաստանից քանի մարզիկ կմասնակցի 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հերթական դոպինգ ստուգումներից հետո անժամկետ որակազրկվել էր Հայաստանը տարիներ առաջ ներկայացնող ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը: Նրա որակազրկումը և հերթական ստուգումներից հետո նրա արյան մեջ հայտնաբերված արգելված դեղամիջոցները կարող են ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի համար:

Հայաստանից որակազրկվածների թիվն այսօր հասել է մոտ 20-ի, որի դեպքում արդեն պատժամիջոցներ են կիրառվում: Մելինե Դալուզյանի որակազրկումը վերջին կաթիլն էր:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ Մելինե Դալուզյանն էլ է ստացել որակազրկման թղթերը, որտեղ նշված է, որ նա պետք է վերադարձնի բոլոր մեդալները, անգամ հուշամեդալները:

«Պետք չէ ժամանակից առաջ ընկնել: Սպասենք մայիսի 31-ին, երբ Օլիմպիական կոմիտեն և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մայիսի 31-ին կքննարկեն Հայաստանի հարցը՝ կմասնակցեն հայ ծանրոդներն Օլիմպիական խաղերին, թե՝ ոչ: Ես ամեն ինչ անելու եմ, որ իմ սաների հետ մասնակցեմ ու հետ վերադառնամ ոսկով ու արծաթով»,-Ankakh.com-ի հետ զրույցում ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Նշենք, որ Կինոյի ազգային կենտրոնը 20 միլիոն դրամ է հատկացրել սեռափոխված և Հայաստանից արտագաղթած Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար: Վարչապետն էլ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք գումար են տվել հերոսի մասին ֆիլմ նկարելու համար:

«Մելինե Դալուզյանն այսօր ինձ համար չի կարող լինել հերոս։ Նրա պատճառով ազգը տուժում է, ազգային ծանրամարտի սպորտաձևը տուժում է: Այո, նա Եվրոպայի չեմպիոն է դարձել, սակայն կեղտոտ ձևով, այսօր նրա մեդալները զրոյական են: Դրա անունը մի տվեք, իմ ամբողջ սպորտաձևը փչացրեց: Մեր ծանրամատիկների աշխատանքը, քրտինքը՝ նա փչացրեց»,-զայրացած ասում է Ալավերդյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: