Հայերեն   English   Русский  

Փաշինյանը թյուրիմացության մեջ է. Արծվիկ Մինասյանը միացավ բողոքի ակցիայի մասնակիցներին


  
դիտումներ: 416

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը միացավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա և նստացույց անող երիտասարդներին:

Նա լրագրողների հետ զրույցույմ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը խորը թյուրիմացության մեջ է, և այս գործընթացի խորքային պատճառը չի ըմբռնել կամ առնվազն իրեն զեկուցել են մակերեսորեն:

Նրա խոսքով, սա պայքար է ազգային և ապազգային երեւույթների միջև. «Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը չի կարող իրեն վերագրել նախարարության գործառույթներ: Օրենքը հստակ սահմանում է, կառավարության անունից՝ ոլորտի քաղաքականությունն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Օրենքով հստակ է ձեւակերպված, թե ինչ քաղաքականություն պետք է իրականացվի, այն, ինչ իրականացնում է այս նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ, հակասում է օրենքին: Այսինքն հակաօրինական ընթացքի մեջ է:

Երրորդ, ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը եւ իր խորհրդատուները, եւ եթե վարչապետն էլ միանա, ուրեմն նաեւ ինքը, ակնհայտորեն փորձում են ապակողմնորոշել այս ընդվզումը, որ առաջացավ երիտասարդության շրջանում: Այո, ՀՅԴ-ն հանդես է գալիս ազգային պահպանելու դիրքերից եւ գտնվելու է ցանկացած շարժման կողքին, որը ազգայինը դուրս մղելու գործողություն է իրականացնում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ երիտասարդական կազմակերպության հայտարարությանն են միացել 20-ից ավելի երկրների երիտասարդներ. «Սա խոսում է այն մասին, որ հարցը համազգային է դարձել: Օտարածին օրակարգերը սպասարկելու փոխարեն ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ստացած ցանկացած իշխանություն պարտավոր է ազգային դիմագիծը պահել: Սա իշխանության կռիվ չէ, այլ ազգային պահելու: Աշխարհում մրցակցող են լինելու այն ազգերը, որոնք իրենց արմատների զուգակցմամբ են զարգանում: Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ միշտ այդ դիրքերից է հանդես եկել, հանկարծ փոխել է իր դիրքորոշումը, ապա դա շատ վատ է: Դա նշանակում է, որ նա ժողովրդի տված քվեն օգտագործում է ի չարս»:

ՀՅԴ-ական գործիչը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը եկել, փորձում էր Արայիկ Հարությունյանի ապազգային վարքագիծն իր վրա վերցնել. «Եթե իրեն թվում է, որ ինքն այնքան ժողովրդավար է, որ կարող է այդ տիպ հարցեր առաջ տանել, սխալվում է: Այդ հարցերում մեր ազգը զգայուն է եւ չի հանդուրժի անգամ հերոսին, եւ նրան էլ կտապալի, եթե տեսնի, որ սպասարկում է օտարի օրակարգը:

Հրաժարականի պահանջը դեղին քարտերի մեր քաղաքականության համատեքստում է եւ արդեն կարմիր քարտէ կոնկրետ անձի: Սա կարմիր քարտ է Արայիկ Հարությունյանին, որ հեռացվի դաշտից»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ երիտասարդական միությունը 4 օր առաջվանից նստացույց է սկսել ԿԳՄՍ նախարարության դիմաց եւ պահանջում է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իր հերթին նույն պահանջով դասադուլ են հայտարարել ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները, որոնք այսօր երթով շրջել են այլ բուհերով եւ կոչ արել միանալ իրենց պայքարին:

Ուսանողները ստորագրահավաք են սկսել, որին իրենց տեղեկացմամբ միացել է 800 ուսանող: Բացի այդ, ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացնում նաեւ «ԿԱՄՔ» նախաձեռնությունը:

Նշենք, որ բոլոր այս ակցիաների մասնակիցները դեմ են նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որով առաջրկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Նիկոլ Փաշինյանը դեռ ուրբաթ օրը բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում նշել է, որ չի կիսում նրանց տեսակետները, իսկ կրթության, մշակույթի ոլորտում քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է:

Այս պահին ԿԳՄՍ նախարարության դիմաց ոստիկաննները շղթա են կազմել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: