Հայերեն   English   Русский  

Հանրային խորհրդում քննարկվելու է Ստյոպա Սաֆարյանի հետ կապված դիմումը


  
դիտումներ: 742

Նոյեմբերի 5-ին Հանրային խորհուրդ է դիմել LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանը՝

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․ հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրատվամիջոցներն անվանարկելու և երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցի հետ կապված:

Դիմումի տակ ստորագրել են 30-ից ավելի լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քանի որ Ստյոպա Սաֆարյանը նաև Հանրային խորհրդի անդամ է, Թագուհի Ասլանյանն ակնկալում է, որ Հանրային խորհուրդը գնահատական կտա տեղի ունեցածին և կքննարկի վերջինս նկատմամբ համապատասխան կարգապահական գործողություն իրականացնելու, ընդհուպ Հանրային խորհրդից հեռացնելու հարցը:

Հանրային խորհրդից տեղեկացրին, որ լրագրողի դիմումը վերահասցեագրվել է ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով, որի նախագահն է Լարիսա Ալավերդյանը, և նոյեմբերի 13-ին, ժամը 16:30-ին այն քննարկման է դրվելու հանձնաժողովի նիստում:

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 29-ին Ստյոպա Սաֆարյանի ղեկավարած «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» գրասենյակում նախաձեռնվել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում: Քննարկման վերաբերյալ ԶԼՄ-ներին ուղղված հաղորդագրության նախաբանում գրված էր. «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»:

Իր արարքը մենկաբանելով՝ Ստյոպա Սաֆարյանը հայտարարել էր, թե ՄԱՀՀԻ-ն իր անձնական տունն է, իր օջախը, և ինքն իրավունք ունի այնտեղ թույլ չտալու իր չնախընտրած լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը։ Նաև հայտարարել էր, թե միայն գործընկեր լրատվամիջոցներն են հրավիրված եղել:

Թագուհի Ասլանյանի խոսքով՝ «Սպուտնիկ» լրատվամիջոցի լրագրողն, օրինակ, ասել է, որ իրենք առանձին հրավեր չեն ստացել և ոչ էլ գործընկեր են նշված ինստիտուտին, մինչդեռ ազատ կարողացել են մասնակցել քննարկմանը։

Լրագրողը հիշեցնում է, որ Ստյոպա Սաֆարյանի ղեկավարած ինստիտուտը ԱՄՆ-ից ֆինանսական հատկացումներ է ստանում Հայաստանում «ժողովրդավարության, ազատ հասարակության կայացման համար», մինչդեռ նման գործելաոճը հակառակի մասին է վկայում:

«Փաստորեն, այսօր որոշ կառույցների կողմից ԶԼՄ-ները, լրագրողները տարանջատվում են յուրայինների և թշնամիների, մի բան, ինչում մեղադրվում էին նախկին իշխանությունները: Իրեն դեմոկրատիայի և ազատ խոսքի ջատագով ներկայացնող Ստյոպա Սաֆարյանի կողմից սա խոսքի ազատության, բազմակարծության դեմ առաջին ոտնձգությունը չէ։ Ավելի վաղ նա հրապարակավ հայտարարել էր, որ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետներին, այդ կառույցի բարեկամներին արգելվում է որևէ թեմայով հարցազրույցների, քննարկումների մասնակցել վերոնշյալ լրատվամիջոցներում, ընդունել նրանց հրավերները և, ընդհանրապես, հյուրընկալվել տվյալ լրատվամիջոցներում»։

Թագուհի Ալսանյանն ակնկալում է, որ Հանրային խորհուրդը կքննարկի նաև այն հարցը, որ Հայաստանում այսօր լրագրողներին բաժանել են սևերի ու սպիտակների, յուրայինների ու թշնամիների, ընդհուպ առաջադեմների ու հետամնացների:

«Ստացվում է, որ թշնամիները նրանք են, որոնք փորձում են բազմակարծություն ապահովել և թույլ չտալ, որ իշխանությունը մեր երկրում միահեծան քաղաքականություն վարի,-ասում է լրագրողը,-հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, թե լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին իշխանությունների հովանավորության ներքո են՝ այդ հայտարարությամբ արդեն իսկ անվստահություն ու թշնամանք ստեղծելով որոշ լրատվամիջոցների նկատմամբ»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: