Հայերեն   English   Русский  

Լարիսա Ալավերդյանն անընդունելի ու դատապարտելի է համարում Ստյոպա Սաֆարյանի արարքը


  
դիտումներ: 1034

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովն այսօր քննարկել է LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը, որը վերաբերում է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․ հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելուն, վերջիններիս մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն, լրատվամիջոցներն անվանարկելուն և երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելուն:

Դիմումի տակ ստորագրել են 30-ից ավելի լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ զարմացած է իր վաղեմի գործընկեր Ստյոպա Սաֆարյանի արարքից։ Նրա խոսքով՝ 5 տարի Սաֆարյանի հետ Ազգային ժողովի նույն խմբակցությունում աշխատել է և շատ բարձր կարծիք է ունեցել իր բոլոր գործընկերների մասին, 30 տարուց ավելի էլ քաղաքական-հասարակական դաշտում է, բայց առաջին անգամ է տեսնում նման բան, որ բացահայտ արգելվի լրատվամիջոցներին մասնակցել հրապարակային միջոցառմանը։ Անընդունելի ու դատապարտելի է համարում նաև այն պահվածքը, որ դրսևորել է Ստյոպա Սաֆարյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ՝ անձնական վիրավորանքներ հասցնելով լրագրողների հասցեին։

«Երբ հայտարարվում է, թե այսինչ կամ այնինչ լրատվամիջոցները չեն կարող լուսաբանել միջոցառումը, ապա այդ հայտարարությունն իր մեջ արդեն պարունակում է բնութագրում, հրապարակային վիրավորանք և բացասական կարծիք տվյալ լրատվամիջոցների նկատմամբ։ Դա նախևառաջ լրագրողական աշխատանքի սահմանափակում է, այն դեպքում, երբ դա հրապարակային միջոցառում է»։

Ինչ վերաբերում է Ստյոպա Սաֆարյանի կողմից լրագրողների հասցեին արված վիրավորական արտահայտություններին, Ալավերդյանը նշեց, որ դա արդեն մեր իրականության մեջ արմատավորված արատավոր երևույթ է, որի մասին ինքը խոսում է ամիսներ շարունակ։

«Երբ առանց հայհոյանքի մարդիկ չեն կարողանում իրենց քննադատական միտքը ձևակերպել, դա խոսում է հասարակության դեգրադացիայի մասին, հասարակության մեջ կա ագրեսիա, և դա պետք է լինի Հանրային խորհրդի առաջնային խնդիրներից մեկը։ Ինչ-որ ձևով պետք է կարողանանք դրա դեմն առնել, որովհետև դա աղավաղում է հայ ժողովրդի, հայ հասարակության պատկերը, մեր էությունը»։

Լարիսա Ալավերդյանի համար պարադոքս է այն, որ բարձր տեխնոլոգիաները Հայաստանում զարգանում են, բայց հանրային մշակույթն անկում է ապրում։

Անդրադառնալով հարցի իրավական կողմին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այս համատարած խնդրի կարգավորման համար իրավական դաշտում նույնպես անելիքներ կան։

«Առնվազն այս 3 թեզի հիման վրա մենք կկառուցենք մեր ասելիքը և առաջիկա երկու օրվա ընթացքում կհայտնենք հանձնաժողովի դիրքորոշումը այս ամենի վերաբերյալ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ Հանրային խորհուրդը պարտավոր է դիրքորոշում հայտնել վերոնշյալ արատավոր երևույթների մասին, քանի որ լռելը ավելացնում է խնդիրը։

Ի դեպ, Լարիսա Ալավերդյանը խորհուրդ տվեց լրագրող Թագուհի Ասլանյանին դիմել դատարան, քանի որ Ստյոպա Սաֆարյանի խոսքում կան այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են հիմք դառնալ դատարան դիմելու համար։

Թագուհի Ասլանյանն արձագանքեց, որ արդեն իսկ հայցադիմում է ներկայացրել դատարան։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: