Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում Բուխարեստում
Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, ռումինահայ «Արարատ» հանդեսի գլխավոր խմբագիր Միհայ Ստեփան Գազազյանը, պատմաբան Էդուարդ Անտոնյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներակայացուցիչներ:
Զորավարի կյանքն ու գործունեությունը ներկայացրին «Արարատ» հանդեսի գլխավոր խմբագիր Միհայ Ստեփան Գազազյանը և պատմաբան Էդուարդ Անտոնյանը: Ելույթներով հանդես եկան դեսպան Գասպարյանը և Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, ովքեր իրենց խոսքում կոչ արեցին անցյալի և այսօրվա հերոսների օրինակով նվիրվել Հայրենիքին և համախմբվել` ի նպաստ Հայաստանի Հանրապետության հետագա զորացման: Այնուհետև ցուցադրվեց Զորավար Անդրանիկի մասին պատմող վավերագրական ֆիլմ:
Մասնակիցները նաև ծաղկեպսակներ զետեղեցին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու բակում գտնվող Զորավար Անդրանիկի արձանին, որ կանգնեցվել է 1936թ. և համարվում է Զորավարին նվիրված աշխարհում առաջին հուշարձաններից մեկը: