Հայերեն   English   Русский  

Թրամփը խնդրել է Գերագույն դատարանին չբացել իր ֆինանսական հաշվետվությունները


  
դիտումներ: 679

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Գերագույն դատարանին արգելափակել Կոլումբիայի տարածաշրջանի վճռաբեկ դատարանի որոշումը, որը թույլ է տալիս Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեին պահանջել նախագահի ֆինանսական հաշվետվությունները: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Մայիսին դատարանը պաշտպանել է կոնգրեսմենների՝ պարոն Թրամփի հարկային հայտարարագրերը տրամադրելու պահանջը Mazars հաշվապահական ֆիրմայից: Կոնգրեսին հետաքրքրում են նաև Trump Organization-ի և նախագահի հետ կապված բոլոր մնացած իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները:

Նրա փաստաբան Ջեյ Սեկուլովը հայտարարել է, որ սա առաջին դեպքն է ԱՄՆ պատմության մեջ, երբ Կոնգրեսը պահանջում է գործող նախագահի պաշտոնավարման ժամանակաշրջանի անձնական ֆինանսական հաշվետվությունները: «Եվ առաջին անգամ մեր երկրի պատմության մեջ դատարանը պաշտպանեց Կոնգրեսի՝ նախագահի անձնական փաստաթղթերը ներկայացնելու պահանջը: Այդ որոշումները ճիշտ չեն և ենթակա են չեղարկման»,- ասել է փաստաբանը:

Ապրիլին ԱՄՆ Կոնգրեսի վերահսկողության կոմիտեի նախագահ Էլայջի Կամինգսը ծանուցում է ուղարկել Mazars-ին, որով պահանջել է բացել ԱՄՆ նախագահի վերջին ութ տարվա ֆինանսական տվյալները: Նույն ամսին Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի տարածաշրջանային դատարանին հայց է ներկայացրել կոնգրեսմենների և աուդիտորական ընկերության դեմ, որպեսզի թույլ չտրվի բացել իր ֆինանսական հաշվետվությունները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում սկսված է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգը: Դրա շարժառիթը նրա հուլիսյան հեռախոսազրույցն էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: ԱՄՆ նախագահին կասկածում են իր ուկրաինական գործընկերոջ վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս հետաքննություն սկսեր Ուկրաինայում գործունեություն ծավալող Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու դեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: