Հայերեն   English   Русский  

Արթուր Ալեքսանյանը դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան


  
դիտումներ: 671

Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:

Օլիմպիական չեմպիոնը կաջակցի ՅՈՒՆԻՍԵՖ-ին բարձրաձայնելու երեխաների առողջ ապրելու և սնուցման իրավունքը` առաջնահերթություն տալով առավել խոցելի երեխաներին:

«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ բարի կամքի դեսպան: Առաջարկն ընդունել եմ անմիջապես, քանի որ կապված է երեխաների ապագայի հետ»,- ասաց Ալեքսանյանը: Գյումրեցի մարզիկը փաստեց, որ ըստ վիճակագրության մինչև 5 տարեկան երեխաների 14 տոկոսը նորմայից բարձր քաշ ունի, իսկ 9 տոկոսը թերսնված է: «Յուրաքանչյուր երեխա իր երազանքներին ու նպատակներին հասնելու համար նախ պետք է առողջ լինի` առողջ սնվելով»,-շեշտեց մարզիկը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Օլիմպիական չեմպիոնին ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեծ ընտանիքին միանալու համար և վստահեցրեց, որ Ալեքսանյանի օգնության միջոցով Հայաստանում առավել մեծ արդյունքների կհասնեն:

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: