Հայաստանը Բաքվի խաղերին կմասնակցի վեց մրցաձևերում
ՀԱՕԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ քվեարկությամբ որոշում է կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերին:
Վեց մարզաձևում՝ սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ, թաեքվանդո, մարզիկներն իրենց ուժերն են չափելու մրցակիցների հետ:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնել կազմակերպական աշխատանքները՝ խաղերին հայ մարզիկների մասնակցությունը լավագույնս ապահովելու համար։
Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն ողջունել է Երեւանի այս որոշումը։ «Սա լավ լուր է եվրոպական խաղերի եւ հայկական սպորտի համար, ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին այս որոշման համար։ Ի սկզբանե ես վստահ էի, որ նման արդյունք կլինի, քանի որ Հայաստանը կրքոտ մարզական երկիր է եւ հանդիսանում է եվրոպական օլիմպիական ընտանիքի կարեւոր անդամ։ «Բաքու 2015- ին» նրանց մարզիկների ներկայությունը անշուշտ կնպաստի առաջին եվրոպական խաղերի հաջողությանը»,- ասել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն։
Այս մասին գրված է ՀԱՕԿ-ի ֆեյբուքյան էջում: