Ռուս զինվորներ կարող են հայտնվել Ստեփանակերտում Բաքվի և Երևանի համաձայնությամբ. հայացք դրսից
Պատճառները տարբեր են: Վրաստանում այն պայմանավորված է ընտրական համակարգի բարեփոխման քվեարկության տապալմամբ խորհրդարանում: Իրանում անկարգություններ հրահրեց բենզինի գների բարձրացումը:
Բայց կան նաև ընդհանուր կանխատեսումներ: Եթե Թբիլիսիի և Թեհրանի իշխանություններին չհաջողվի համաձայնության գալ «փողոցի» հետ, ապա ներքին քաղաքական ապակայունացման գործընթացները թափ կհավաքեն և կարող են ամենաանհավանական հետևանքներ ունենալ: Բայց ի՞նչ հետևանքներ: Վրաստանում ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում. միասնական Վրաստան» կուսակցության նախագահ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն (և ոչ միայն նա) օգտագործում է «ապակայունացում» եզրույթը, սակայն հասկանալի չէ՝ հատկապես ի՛նչ վտանգներ նկատի ունի: Ենթադրենք ներկայիս իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իջնում է քաղաքական բեմից: Իսկ ո՞վ կփոխարինի նրան, և նոր երևան եկած վրացական էլիտան ի՞նչ հնարավորություն կունենա պահելու իշխանությունը ծայրահեղ մասնատված հասարակության պայմաններում, որ դեռ պահպանում է ֆեոդալա-կլանային մտածելակերպը:
Պատահական չէ, ինչպես գրում է թբիլիսցի փորձագետ Զուրաբ Բեժանիշվիլին, որ «Վրաստանը անկախություն ձեռք բերելուց հետո ավելի շատ պատերազմներ է ունեցել, քան բոլոր հետխորհրդային երկրները, և բոլոր պատերազմներում էլ ներգրավվել է ողջ հասարակությունը»: Երկու քաղաքացիական պատերազմ, պատերազմներ Հյուսիսային Կովկասի և Ռուսաստանի հետ Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում, պետության պատերազմը քրեական աշխարհի հետ «Վարդերի հեղափոխությունից» հետո, կովկասյան պատերազմը Ռուսաստանի հետ 2008 թ. օգոստոսին, որ հանգեցրեց Աբխազիայի և Հարավային Օսիայի վերահսկողության կորստին: Այժմ չի կարելի բացառել, որ Վրաստանը կմատնվի հերթական քաղաքացիական պատերազմին և դրությունն այդ երկրում կթեժանա: Նման սխեմայի իրականացումն անմիջականորեն կառնչվի Բաքվին և Երևանին:
Ադրբեջանի համար Վրաստանը միակ միջանցքն է էներգապաշարները համաշխարհային շուկաներ հասցնելու համար, չենք ասում արդեն մյուս տրանսպորտային հաղորդակցությունների մասին: Ո՞վ է ապահովելու այդ միջանցքի անվտանգությունը և ապահովելո՞ւ է առհասարակ: Բացի այդ, խնդիրներ կան՝ կապված Վրաստանի տարածքում ապրող ադրբեջանցիների հետ: Հայաստանի դեպքում նույնպես Վրաստանի ապակայունացումը սպառնում է արտաքին աշխարհի հետ փոխադրա-տնտեսական կապերին, նախևառաջ՝ Ռուսաստանի հետ: Ի լրումն՝ Վրաստանի հայկական սփյուռքի գործոնը: Ինչպես տեսնում ենք, այդ ուղղությամբ Բաքվի և Երևանի համար ի հայտ է գալիս ընդհանուր վտանգների, ոչ թե միմյանց միջև հակասությունների գործոն:
Բարդ է մնում նաև Իրանի իրավիճակը, որը ամերիկյան պատժամիջոցների ճնշման տակ է: Այնտեղ բռնկված ընդվզման հերթական ալիքը, որ ընդգրկել է շատ քաղաքներ, իհարկե տնտեսական նախադրյալ ունի, բայց կան ուժեր և՛ երկրի ներսում, և՛ նրա սահմաններից դուրս, որոնք քաղաքականացնում են իրավիճակը և համակարգված թեժացնում: Ինչպես կարծում է բաքվեցի փորձագետ Զարդուշտ Ալիզադեն, Թեհրանի յուրաքանչյուր նահանջ տվյալ դեպքում հղի է նրանով, որ շարժման կազմակերպիչները կխստացնեն իրենց պահանջները: «Ուստի Իրանի իշխանություններն այժմ ընտրության առջև են, և այն հանգամանքից, թե հատկապես ինչ գիծ կընտրի պաշտոնական Թեհրանը,կախված է, ոչ ավելի, ոչ պակաս, Իրանի իշխանության ապագան»:
Մանավանդ որ ԱՄՆ-ն արդեն տարբեր սցենարներ է գրել Իրանի համար: Նա կարող է «աշխարհաքաղաքական կրակի» ճարակ դառնալ՝ փշրվելով ազգային հատվածների: Հայաստանն այդ դեպքում կարող է կորցնել «կյանքի երկրորդ ճանապարհը», բայց ամենից շատ խնդիրների կբախվի Ադրբեջանը, ուր կներխուժի փախստականների մի մեծ հոսք: Հարավային ( իրանական) Ադրբեջանում ապրում է ավելի քան 20 միլիոն ադրբեջանցի, և Բաքուն կամա թե ակամա արձագանքելու է այն ամենին, ինչ տեղի է ունենում իր հարավային սահմաններում: Ի հայտ կգան նաև ուրիշ գործոններ, որոնք կսկսեն բացասաբար ազդել տարածաշրջանի իրադարձությունների վրա: Հետևաբար, եթե անկողմնակալ դատենք, իրանական ուղղությամբ ևս Բաքուն և Երևանը կունենան տարբեր, բայց ընդհանուր վտանգներ ու շահագրգռություն Իրանում կայունությունը պահպանելու ձգտումներում:
Կասկած չկա, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները շատ լավ կողմնորոշվում են ստեղծված իրավիճակում և տեսնում են առաջացող հնարավորությունների միջանցքը համագործակցության համար: Պատահական չէ նաև այն, որ Բաքուն հանգիստ ընդունեց Ռուսաստանի՝ իր ռազմական բազան Գյումրիում ուժեղացնելու որոշումը: Բայց Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության ճանապարհին գտնվում է մինչ օրս չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը, որը կարող է ուրիշ բնորոշ գծեր ձեռք բերել տարածաշրջանում ապակառուցողական գործողությունների սցենարների դեպքում: Կարող է պատահել, որ երկու կողմերը ավելի կարևոր պատճառներով, քան հակամարտությունն է, շահագրգռություն ցուցաբերեն, որպեսզի Ստեփանակերտում ռուսական զինվորներ հայտնվեն: Բայց դա մեծապես կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ դիրք կգրավի Մոսկվան:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ REGNUM