Գարեգին Նժդեհ. Զանգեզուրի գոյամարտը
«Աշխարհը կառավարում է հակամարտության օրենքը: Մի զինվոր սպանում է Արքիմեդին: Հաղթում է ուժեղը, և ոչ արդարը: Վայ թույլերին»:
Նժդեհը` Գարեգին Տեր-Հարությունյանը, հայ ազատագրական պայքարի հսկաներից է: Սակայն նրան ներկայացնել սոսկ որպես ազատամարտիկ, զորավար, սխալ կլինի: Նժդեհը մի ողջ փիլիսոփայության, դպրոցի հիմնադիր էր և մի քանի սերունդների կրթող:
Նժդեհը ծնվել է 1886 թ. հունվարի 1-ին, Նախիջևանի Կզնութ գյուղում, ծխական քահանայի ընտանիքում: Նախնական կրթությունը ստանալով տեղում` նա հետագայում ուսումը շարունակեց Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ապա` Սոֆիայի Ֆերդինանտ թագավորի անվան զինվորական ուսումնարանում:
Դեռ երիտասարդ տարիքում Նժդեհը տարվում է հեղափոխական գաղափարներով, մաս է կազմում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության, որն էլ իսկական դպրոց է դառնում Նժդեհ-մարդու և հեղափոխականի ձևավորման գործում: Իսկ վաղ երիտասարդության շրջանում նրա ուղու ընտրության մեջ մեծ դեր են ունեցել Միքայել Նալբանդյանի հեղափոխական հայացքները:
Իր անհանգիստ կյանքի ընթացքում ինչ ասես, որ չտեսավ մեծ նվիրյալը: Բանտ, աքսոր, կալանք, պատերազմներ Հայաստանում, Իրանում, Բալկաններում, Երկրորդ աշխարհամարտ…
1907 թ. նա ակտիվ մասնակցություն ունեցավ պարսկական հեղափոխությունում: Հայկական ջոկատի կազմում շատ նշանակալից ճակատամարտերի մասնակցեց և աչքի ընկավ: Ապա վերադարձավ Անդրկովկաս` զենք հայթայթելու և Պարսկաստան տեղափոխելու նպատակով, բայց ձերբակալվեց ռուսական իշխանությունների կողմից և բանտարկվեց:
1912 թ. Նժդեհն ազատ է արձակվում և մեկնում է Բուլղարիա: Այստեց նա դիմավորեց Բալկանյան պատերազմն ու զինվորագրվեց նրան: 300- հոգանոց հայ կամավորների ջոկատով մասնակցեց ողջ պատերազմին և Բուլղարիայի ու Հունաստանի կառավարությունների կողմից շատ պարգևների արժանացավ: Աչքի ընկավ հատկապես Մեղրամլիի ճակատամարտում:
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նա անմիջապես զինվորագրվեց կամավորական շարժմանն ու դարձավ հայկական երկրորդ կամավորական ջոկատի փոխհրամանատարը (հրամանատար` Դրո): Աչքի ընկավ նաև հայ-թուրքական ճակատում և բազում կառավարական պարգևների արժանացավ ռուսական կաբինետի կողմից:
Նժդեհը կարողանում էր վճռական պահին ստանձնել պատասխանատվությունն ու որոշումներ ընդունել:
1918 թ. մայիսին, երբ հայոց համարյա ողջ զինուժը կենտրոնացած էր Երևանի մատույցներում` Բաշ-Ապարանում և Սարդարապատում, և թվում էր` հնարավոր չէ Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական բանակի առաջն առնել, Հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկովը հրաման արձակեց` Ղարաքիլիսայի վրա թուրքերի հարձակման դեպքում նահանջել դեպի Դիլիջան և Շահալի: Նժդեհն արագ հասկացավ, որ այդ հրամանը կործանարար է: Հարկ էր ամեն կերպ կասեցնել թուրքերի առաջխաղացումը այդ ուղղությամբ: Եվ Նժդեհը գործի անցավ: Նա իր հեծյալներով սլացավ Ղարաքիլիսա, տեղում դասավորեց ուժերը և արժանի հարված հասցրեց թուրքական անարգել արշավող բանակին: Ճիշտ է, թուրքերն ի վերջո գրավեցին Ղարաքիլիսան, բայց նրանց արշավանքը կասեցվեց, և թուրքական հրամանատարությունը չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը: Հետագայում Վեհիբ փաշան կխոստովանի, որ «հայերը Ղարաքիլիսայում ցույց տվին, որ կարող են լինել աշխարհի ամենալավ կռվողները»:
Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց 1918 թ., բայց Հայաստանի Հանրապետության համար այն դեռ ավարտված չէր: Ադրբեջանի Հանրապետությունը, դաշնակցած Խորհրդային Ռուսաստանի հետ, ոտնձգություններ էր անում ՀՀ տարածքների` Արցախի, Զանգեզուրի, Նախիջևանի նկատմամբ: Եվ ՀՀ կառավարությունը 1919 թ. հունիսին Նժդեհին ուղարկում է Զանգեզուր որպես Կապան-Գողթնի հրամանատար: Հասնելով Զանգեզուր` Նժդեհն անմիջապես ձեռնամուխ եղավ կամավորական վաշտերի ձևավորմանը: Կարճ ժամանակում նա ստեղծեց հեծյալ և հետևակ շարժուն խմբեր, պաշտպանական համակարգեր, մարտունակ ջոկատներ:
Պատերազմը երկար սպասեցնել չտվեց: 1919 թ. նոյեմբերի սկզբին ադրբեջանական բանակը` Ալի Աղա Շախլինսկու գլխավորությամբ, հարձակվեց մի քանի ուղղություններով: Թուրքական առաջին հարվածը կասեցվեց: Ապա նոյեմբերի 15-ին, անցնելով հակահարձակման, Նժդեհն ազատագրեց Ողջի գետի հովիտն ու ճանապարհ բացեց դեպի Գողթն:
Սակայն Նժդեհը ստիպված էր երկու ճակատով կռվել. Զանգեզուրի թուրքական գյուղերը թիկունքից հարձակվում էին հայկական ուժերի վրա, արհեստական խոչընդոտներ ստեղծում, թալանում և ավերում հայկական գյուղերը: Նժդեհը հրաման տվեց իր վաշտերին մաքրել Զանգեզուրը թշնամական տարրերից:
Օգնության կանչ ստանալով պաշարված Գողթնից` Նժդեհը փորձեց արշավանք կազմակերպել դեպի Օրդուբադ: Նա անգամ 500 զինվոր խնդրեց ՀՀ կառավարությունից, սակայն Երևանը զինվորներ չտրամադրեց: Ստիպված լինելով բավարարվել իր ուժերով, գիտակցելով, որ ուղղակի անհնար է անմիջապես արշավ սկսել Օրդուբադի դեմ, հրամանատարը ռազմական ցույցեր կազմակերպեց Գողթնի ուղղությամբ` հնարավորություն տալով պաշարված հայությանը ճեղքել շղթան ու գաղթել Զանգեզուր: Այնուհետ` մինչև 1920 թ. գարունը, թուրքերից մաքրեց Բարգուշատի շրջանը և բացեց Գորիս-Կապան ճանապարհը: Ազատագրված Կապանի բնակչությունը «Պատվո սուր» նվիրեց Նժդեհին: Ժողովուրդը Նժդեհին Դավիթ Բեկ կոչումը շնորհեց, իսկ թշնամիները նրան Աժդահա փաշա անվանեցին: Նժդեհը դարձավ Զանգեզուրի հայության ապավենը, պաշտպանն ու առաջնորդը:
Սակայն ճակատում լարված դրություն էր. թուրքերը սպառնում էին գրավել Շարուր-Դարալագյազը, որով Զանգեզուրը կկտրվեր Հայաստանից: Ծայրահեղ լարված էր նաև Գողթնի հայության վիճակը, որ շարունակ կոտորածի սպառնալիքի տակ էր: Նժդեհը Գողթնի հայության փրկության համար դիմեց ծայրահեղ համարձակ, բայց արդարացված քայլի. 1920 թ. մարտի 20-ին նա իր ջոկատներով անցավ Կապուտաջուղ լեռը, հարձակվեց Օրդուբադի վրա և մտավ Ագուլիս: Անակնկալի եկած թուրքերը խուճապահար էին: Սակայն Նախիջևանի օպերացիան Նժդեհը ստիպված էր կիսատ թողնել, որովհետև արևելքից սպառնալիք կար Կապանի ուղղությամբ:
1920 թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը ծայրաստիճան լարված վիճակում էր: Ապրիլին Ադրբեջանում խորհրդային իշխանություն էր հաստատվել, և Զանգեզուրում Նժդեհը ստիպված էր դիմագրավել ոչ միայն ադրբեջանաթուրքական, այլև ռուսական Կարմիր բանակի գրոհներին: Բացի այդ, սեպտեմբերին սկսվել էր թուրք-հայկական պատերազմը, և Նժդեհը չէր կարող Հայաստանի Հանրապետությունից օգնության ակնկալիք ունենալ:
Արդեն մայիսին խորհրդային բանակը գրավեց Շուշին և Արցախը: Արցախում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Դրոն ստիպված էր նահանջել: Ռուսներն Արցախով չբավարարվեցին և հուլիսին սրընթաց գրոհով գրավեցին Գորիսը, Սիսիանը, երկու մասի բաժանեցին Զանգեզուրն ու կապ ստեղծեցին Ադրբեջանի ու Թուրքիայի միջև: Թուրքերի վաղեմի երազանքն իրականացավ: Գրավված հայկական գյուղերը ենթարկվում են ռուս-ադրբեջանական ահաբեկչությանը:
Չնայած արտաքին աշխարհից շրջափակմանն ու մեկուսացմանը` Նժդեհը չի հանձնվում, չի ընկճվում և կենաց ու մահու կռիվ է մղում թշնամու դեմ: Նա վերադասավորում է իր մարտական ուժերն ու հարձակման է անցնում: Բնակչությունն ամեն կերպ աջակցում է հերոսին: Հպարտ ու խրոխտ սյունեցին գիտակցում է ռուս-ադրբեջանական լծի ծանր հետևանքներն ու ոչինչ չի խնայում` զոհաբերելով ամեն ինչ:
Սեպտեմբերի սկզբին նա մի քանի հաջող հարձակումներ գործեց թշնամու վրա և որոշ կարևոր դիրքեր հետ բերեց:
Շուտով ՀՀ կառավարությունը բանակցությունների մեջ մտավ Խորհրդային Ռուսաստանի հետ: Ռուսները պահանջում են դադարեցնել պայքարը Զանգեզուրում և Նժդեհին հեռացնել տարածաշրջանից: Կառավարությունը փորձում է փոխզիջման գնալ և Նժդեհից պահանջում է դադարեցնել կռիվն ու անցնել Երևան: Սակայն Նժդեհը մերժում է և զանց է առնում կառավարության պահանջը:
Ռուսների հետ դաշնակցած` Խալիլ փաշան 1920 թ. հոկտեմբերին Օրդուբադի կողմից հարձակվեց Կարճևան-Կաքավաբերդի ուղղությամբ: Եռօրյա համառ մարտերից հետո Նժդեհը ջարդեց նրան ու հետ շպրտեց ելման դիրքերը` թշնամուց խլելով հարուստ ռազմավար: Դրանից հետո Նժդեհի ջոկատները հարձակվեցին Կապանի ուղղությամբ` փորձելով հետ խլել այն թշնամուց: Սակայն հայկական դիրքերի վրա թուրքերի հարձակումները Նախիջևանի կողմից չդադարեցին: Չնայած այդ ամենին` հայերին հաջողվում է ազատագրել Կապանն ու թշնամուն սեղմելով Արաքսին` ջարդել նրա ուժերը: Իր նամակներում, ուղղված ՀՀ կառավարությանը, Նժդեհը գրում է, որ ռուսները գրաված տարածքներում ժողովրդին «սովետականացնելու փոխարեն կոտորում են»:
Նժդեհի հոգսերից էին նաև թշնամու գերի բռնված զինվորները: Մարդասիրությունն ու ընդունված բարոյական նորմերը թույլ չէին տալիս ոչնչացնել նրանց: Ազատ արձակել նշանակում էր դարձյալ ուժեղացնել թշնամուն: Իսկ առկա պարենային ճգնաժամը դժվարացնում էր գերիների կերակրման գործը:
Չհաշտվելով ստեղծված իրավիճակի հետ` թշնամին մոբիլիզացնում է ուժերն ու շուրջ 10000 զինվորով, հրետանային ուժեղ նախապատրաստությունից հետո ողջ ճակատով հարձակման է անցնում հայկական դիրքերի վրա:
Թշնամին կանգ չէր առնում ոչնչի առջև: Անգամ 3 միլիոն ռուբլի գլխագին նշանակվեց Նժդեհի համար:
Նոյեմբերի 1-ին թշնամին Գորիս-Կապան-Սիսիան ուղղությամբ ամբողջ թափով հարձակման անցավ:Սակայն հայությունը պատրաստ էր դրան, և բոլոր ուղղություններով ոսոխը ջախջախված հետ շպրտվեց ելման դիրքերը: Թշնամին երկար ժամանակ ուշքի չէր գալիս: Անհամար էին նրա կորուստները` զոհեր, վիրավորներ և գերիներ: Բացի այդ, ռուս-ադրբեջանական ուժերը խայտառակված էին. Նժդեհը մի բուռ քաջերով ոչ միայն դիմագրավեց հազարավոր զինվորների գրոհին, այլև հակահարված հասցրեց նրանց և ջախջախեց վերջնականապես: Շվանիձորի ճակատամարտից հետո նա ռուսական բանակի հրամանատարությանը նամակ ուղղեց, որում գրված էր. «Ես հրամայել եմ հավաքել ձեր թնդանոթներից ու ռմբաձիգներից և գնդացիրներից այս գյուղի գլխին թափված ողջ երկաթը և Արաքսի ափին մի հուշարձան կանգնեցնել այս արձանագրությամբ .«Նրանց անունը կարմիր էր, իսկ գործերը` սև»:
Երբ Հայաստանի խորհրդայնացումից հետո Դրոն Նժդեհին առաջարկեց ցած դնել զենքը և անցնել Երևան, Նժդեհը պատասխանեց, որ զենքը ցած չի դնի, քանի դեռ Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը Հայաստանին չեն միացել:
Շուտով բոլշևիկները Հայաստանում բռնություններ սկսեցին, և Նժդեհն իսպառ կտրեց հույսը Երևանից: Նրան այլևս ոչինչ չէր մնում անելու, քան 1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևում հռչակել Զանգեզուրի` Լեռնահայաստանի անկախությունը: Երկու ամիս անց Հայաստանը նույնպես վերագտավ իր անկախությունը. «Հայրենիքի փրկության կոմիտեն» ապստամբեց և բոլշևիկներին վռնդեց Երևանից: Սիմոն Վրացյանը հրավեր ուղարկեց Նժդեհին, սակայն նա դարձյալ մերժեց: Ապրիլին «Հայրենիքի փրկության կոմիտեն» տապալվեց, և հենց ՀՀ կառավարությունն էր ստիպված Զանգեզուր անցնել` այնտեղից հեռանալով Պարսկաստան:
Հայաստան ժամանած Հայհեղկոմի նոր կազմը դարձյալ բանակցություններ սկսեց Նժդեհի հետ: Երաշխիքներ ստանալուց հետո միայն, որ Զանգեզուրը Խորհրդային Հայաստանի մասն է կազմելու, Նժդեհը վայր դրեց զենքն ու հուլիսին անցավ Պարսկաստան: Եվ անձնվեր հայորդու ջանքերով Զանգեզուրը չունեցավ Արցախի ու Նախիջևանի ճակատագիրը…
ՎահեԱՆԹԱՆԵՍՅԱՆ