Պետդեպարտամենտը առաջարկել է Թուրքիային ձերբազատվել ռուսական Ս-400-ներից
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը։
«Ս-400-ների մատակարարումն անթույլատրելի է, դրանք պատժամիջոցների ռիսկ են առաջացնում։ Իհարկե, (պատժամիջոցներ մտցնելու) ժամանակը CAATSA օրենքով չի տրվել և չի ճշգրտվել։ Կարելի է դեռ շատ խոսել, թե որտեղ կլինեն պատժամիջոցները, ինչպիսին կլինեն դրանց ընդգրկման լայնությունն ու խորությունը»,- ասել է պաշտոնյան ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Թուրքիան մանևրի ազատություն ունի, որպեսզի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջը, միակ պայմանը դրա համար հրաժարումն է «Տրիումֆներից»։ «Միաժամանակ մենք բնավ չենք փակել նրանց՝ Patriot ձեռք բերելու հնարավորությունը, որը համապատասխանում է նրանց ՀՕՊ պահանջմունքներին»,- ավելացրել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Նա չի նշել, թե ինչպես են ընթանում բանակցությունները Թուրքիայի հետ այդ հարցով։ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում ասել էր, որ հույս ունի՝ Ս-400-ների գնման հետ կապված իրավիճակը «կհանգուցալուծվի»։
Ռուսական նորագույն «Տրիումֆ» S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսերին։ Էրդողանի խոսքով՝ սարքավորումները լիովին կգործարկվեն 2020 թվականի ապրիլին։ ԱՄՆ-ն պահանջել է հրաժարվել գործարքից և փոխարենը գնել ամերիկյան Patriot համակարգեր, այլապես սպառնացել է հետաձգել կամ առհասարակ չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև պատժամիջոցներ մտցնել։ Անկարան հրաժարվել է զիջումներից։