Անաստաս Միկոյան` հայ քաղաքական մտքի ամենահայտնի ու ամենահակասական գործիչը
1915-ից բանվորական շարժման մեջ էր և Թիֆլիսի ՌՍԴ(բ)Կ կոմիտեի անդամ: Շուտով հակակառավարական ելույթների համար հեռացվում է ճեմարանից և ամբողջովին նվիրվում հեղափոխական գործունեությանը: Այնուհետև տեղափոխվում է Բաքու և դառնում տեղի կուսակցական կոմիտեի անդամ: Խմբագրում է «Սոցիալ-դեմոկրատ» թերթը: 1918 թ. Համազասպի ջոկատում մասնակցում է Բաքվի պաշտպանությանը:
Բաքվի կոմունայի փախուստով և գնդակահարությամբ սկսվում են Անաստաս Միկոյանի անախորժությունները, որոնք ուղեկցեցին նրան մինչև…1953 թ.:
Ա. Միկոյանը չունեցավ Բաքվի կոմիսարների ճակատագիրը. անհայտ և կասկածելի պատճառներով նա չձերբակալվեց, ինչն էլ հետագայում նրան դարձրեց Ստալինի ահաբեկչության և նենգադավության գերին…
1950-ական թթ. վերջին ինքը` Միկոյանը խոստովանել է, որ մի անգամ 1937 թ. Ստալինը կանչել է իրեն ու ասել. «Բաքվի 26 կոմիսարների գնդակահարությունը և այն հանգամանքը, որ նրանցից միայն մեկը` Միկոյանն է ողջ մնացել, մութ է ու խճճված: Եվ դու, Անաստաս, մեզ մի ստիպիր, որ պարզաբանենք այդ պատմությունը…»:
Իր գործունեությունը խորհրդային իշխանության օրոք նա սկսեց, ցավոք, ամենևին էլ ոչ հայանպաստ դիրքերից. 1921 թ., երբ օրակարգի հարց էր Արցախի և Նախիջևանի պատկանելության խնդիրը, Միկոյանն իր ստորագրությունը դրեց Նարիման Նարիմանովի նամակի տակ` ուղղված Լենինին, որում գրված էր, թե այդ երկրամասերը անպայման հարկավոր է թողնել Խորհրդային Ադրբեջանի իշխանության ներքո:
Անցնելով Մոսկվա` Միկոյանը դարձավ Ստալինի մտերիմն ու, կարելի է ասել, կամակատարը:
1926-ից նա ԽՍՀՄ առևտրի ժողկոմխորհն էր և քաղբյուրոյի անդամության թեկնածու:
1935 թ. Միկոյանն ընտրվեց քաղբյուրոյի լիիրավ անդամ, իսկ 1937 թ. նշանակվեց Ժողկոմխորհի նախագահի տեղակալ: Լինելով բռնապետության հենասյուներից մեկը և Ստալինի հլու կամակատարը` Միկոյանն ամբողջովին լծվեց ստալինյան քաղաքականության կառքին: Նա Ստալինյան բռնությունների մասնակիցն էր և իրականացնողներից մեկը: Մասնավորապես` Եժովի կազմած զոհերի ցուցակները մինչ Ստալինի սեղանին հասնելը ստորագրվում էին քաղբյուրոյի անդամների, այդ թվում` Միկոյանի կողմից: Եվ հայտնի չէ գեթ մեկ դեպք, երբ Միկոյանը բողոքած լինի բռնությունների դեմ կամ փորձած լինի կանխել:
Բացի այդ, համաձայն ընդունված կարգի, յուրաքանչյուր ժողկոմ ինքն էր թույլտվություն տալիս իր ենթակայության տակ գտնվող աշխատողների ձերբակալության համար: Իսկ Միկոյանի ղեկավարած գերատեսչությունն այդ իմաստով «հարվածայիններից» էր: Քաղբյուրոյի որոշ անդամներ փորձել են թեկուզ պասիվ ձևով, սակայն պաշտպանել իրենց ենթականերին. օրինակ` Ս. Օրջոնիկիձեն, Կագանովիչը, բայց ոչ Միկոյանը: Նա, ենթարկվելով Ստալինի նենգադավությանը, մինչև վերջ մնաց նրա հլու կամակատարն ու հանցակիցը:
Նա գլխավորեց այն հանձնաժողովը, որը պիտի որոշեր իր վաղեմի ընկերներ Ռիկովի և Բուխարինի ճակատագրերը: Եվ Միկոյանը չվարանեց իր ստորագրությունը դնել մահապատժի որոշման տակ:
Քիչ չեն նաև նրա «ծառայությունները» իր ժողովրդին: 1937 թ. նա Մալենկովի հետ Հայաստան եկավ Ստալինի` «կուսակցական և պետական մարմինները» ժողովրդի թշնամիներից մաքրելու հանձնարարականով: Ա. Միկոյանը գերազանց կատարեց իր առաջադրանքն ու կրկին արժանացավ «Ժողովուրդների մեծ հոր» բարեհաճությանը: Նրա թեթև ձեռքով զոհ գնացին հանրապետության շատ ղեկավարներ` Ամատունին, Ակոպովը, Գյոզալյանը…
Ավելի ուշ` Համամիութենական արտակարգ հանձնաժողովի ստեղծման 20-ամյակին նվիրված նիստում, ելույթ ունենալով Կենտկոմի անունից, Միկոյանը գովեստի խոսքեր կշռայլի ժողկոմ Եժովի, ստալինյան վարչակարգի հասցեին`ասելով, թե «այս ընթացքում ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը փառավոր է աշխատել»: Խոսքը, հասկանալի է, 1936-1937 թթ. մասին էր:
Այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ, որ Միկոյանը միշտ նյութական աջակցություն էր ցույց տալիս իր բռնադատված ընկերների առանց խնամքի մնացած հարազատներին: Չպետք է մոռանալ, որ հենց Միկոյանը փրկեց Հովհաննես Բաղրամյանին բռնադատումից ու աքսորից: 1937 թ. Բաղրամյանը սովորում էր գլխավոր շտաբի ակադեմիայում, երբ նրա դեմ «գործ բացվեց»: Բաղրամյանին մեղադրում էին, որ նա ծառայել է դաշնակցականների հրամանատարության տակ` Հայաստանի Հանրապետության բանակում: Միկոյանի անմիջական միջամտությամբ Բաղրամյանի գործը կարճվեց:
Հայրենական պատերազմն ավելի ամրացրեց Միկոյանի դիրքերը երկրում: Նրա հսկողության տակ էին առևտուրը, բանակի մատակարարումը, թեթև և սննդի արդյունաբերության ապրանքների արտադրությունը: Պետք է խոստովանել, որ Միկոյանը գերազանց կատարեց իր աշխատանքն ու պատվով դուրս եկավ իրավիճակից: Նրա աշխատանքը նկատի ունենալով` նրան ընտրեցին Պաշտպանության պետական կոմիտեի անդամ, որ պետության գերագույն իշխանությունն էր պատերազմի ողջ ընթացքում: Այնքան մեծ էր նրա դերը բանակի մատակարարման և թիկունքի աշխատանքների կազմակերպման գործում, որ դեռ 1943-ին` պատերազմի թեժ պահին, նրան շնորհվեց Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Իսկ Ստալինը հենց այնպես կոչումներ չէր շնորհում:
1942 թ., Միկոյանի մեքենան շփոթելով Ստալինի հետ, հենց Կրեմլի հրապարակում նրա վրա մահափորձ կատարեցին, բայց Միկոյանը չվնասվեց:
Խորհրդային բանակի հաջողությունների շրջանում, երբ արդեն ազատագրված էր երկրի գրեթե ողջ տարածքը, Միկոյանն ընդգրկվեց ազատագրված շրջանների վերականգնման հատուկ խորհրդի կազմում:
Պետք է նշել, սակայն, որ Միկոյանը նույնքան ջանադիր էր ԽՍՀՄ եվրոպական մասում բնակվող գերմանացիների, Ղրիմի թաթարների, չեչենների և մյուս հյուսիսկովկասցիների արտաքսման ու աքսորման հարցում:
Ամեն դեպքում Միկոյանը Հայրենական պատերազմի ժամանակ պատվով կատարեց իր առաքելությունը և մեծ հեղինակություն էր վայելում երկրում:
Պատերազմի հաղթական ավարտից հետո նա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալն էր և միաժամանակ արտաքին առևտրի մինիստրը:
Դրանից զատ, նա քաղբյուրոյի անդամ էր և պատերազմից հետո Ստալինի կողմից կրկին ներքաշվեց ներքին խարդավանքների ոլորտն ու ավելի ամրացրեց իր դիրքերը որպես ստալինյան վարչակարգի հենասյուներից մեկը: Ստալինը անձամբ Միկոյանին հանձնարարեց կրկին ուսումնասիրել ավիացիայի արդյունաբերության նախկին ժողկոմ Լ. Կագանովիչի և «Լենինգրադյան» գործերը: 1936-1937 թթ. Լենինգրադում բռնություններ, սպանություններ և չարաշահումներ շատ եղան, և Ստալինին քավության նոխազներ էին անհրաժեշտ` հանձինս իրեն այլևս պետք չեկած թիրախների կամ թշնամիների:
Չնայած Միկոյանի գրաված դիրքին` բռնությունները չշրջանցեցին նաև նրա ընտանիքը: Ստալինին հայտնի դարձավ, որ «Կրեմլյան երեխաները» միմյանց հետ «կառավարություն» են խաղացել: Ընտրել են ժողկոմներ, կառավարության ղեկավար… Գործը քննում էր ԽՍՀՄ դատախազությունը: Շատ չանցած` եզրակացությունը Ստալինի սեղանին էր: Դատախազության աշխատակիցները քրեական, քաղաքական բնույթի ոչինչ չէին գտել, և եզրակացության մեջ գրված էր, որ դա ընդամենը անմեղ խաղ էր: Սակայն բռնակալը պնդեց, որ լրացուցիչ հետաքննություն անցկացվի: Արդյունքում, ի թիվս այլոց, Միկոյանի Սերգո և Վանո որդիները աքսորվեցին: Սակայն աքսորավայրում կարճ ժամանակ անցկացրին ու պատերազմի ավարտից շատ չանցած` վերադարձան:
Միկոյանը նաև Ստալինի հիմնական սեղանակիցն էր: «Ժողովուրդների հայրը» սիրում էր իր ամառանոցում հավաքույթներ կազմակերպել: Հավաքվում էին քաղբյուրոյի և կառավարության անդամները, Ստալինի մտերիմները: Միկոյանը բոլորին զարմացնում էր աշխույժ խոսք ու զրույցով, անզուգական հայկական պարով:
Թեև ԽՄԿԿ 19-րդ համագումարում Միկոյանի ողջ ճառը բաղկացած էր Ստալինի մասին ներբողներից, նա չընտրվեց համագումարի նախագահության կազմում: Ընտրվեց ԽՄԿԿ Կենտկոմի կազմում, բայց Կենտկոմի նախագահության կազմում դարձյալ չընտրվեց: Ստալինը պլենումի ժամանակ լուտանքներ թափեց Միկոյանի և Մոլոտովի գլխին և անվստահություն հայտնեց նրանց: Միկոյանի գլխին սև ամպեր էին կուտակվում: Բայց Ստալինի մահը փրկեց նրան:
1953-ից հետո Միկոյանի դիրքերը երկրի և կուսակցության ղեկավար մարմինների կազմում ավելի ամրապնդվեցին:
Իշխանության ներսում պայքար ծավալվեց «առաջնորդի» ժառանգության համար: ԽՍՀՄ իշխանական էլիտան ձևավորում էին Մալենկովը, Խրուշչովը, Բերիան, Մոլոտովը, Կագանովիչը, Բուլգանինը, Վորոշիլովը, Միկոյանը: Սակայն Ա. Միկոյանը սկզբից ևեթ ձեռնպահ մնաց իշխանության համար պայքարից: Նա անգամ չմասնակցեց Բերիայի դեմ Խրուշչովի նախաձեռնած դավին և կտրականապես հրաժարվեց այդ խմորումներին մասնակցելուց: Անգամ Կենտկոմի նիստում, երբ բոլորն արտահայտվեցին Բերիային անվստահություն հայտնելու և նրա ձերբակալության օգտին, Միկոյանը ավելի զգույշ արտահայտվեց և իր խոսքում հաստատեց Բերիայի սայթաքումներն ու բացթողումները, բայց կարծիք հայտնեց, որ նա անհույս մարդ չէ, և կարելի է աշխատել նրա հետ: Այնուամենայնիվ, Բերիան ձերբակալվեց և գնդակահարվեց, իսկ Խրուշչովը Միկոյանի բռնած դիրքի համար քեն չպահեց նրա դեմ: Ինքը` Միկոյանը, այդուհետ ամեն հարցում զորավիգ եղավ Խրուշչովին:
Առհասարակ, Խրուշչովը հաճախ էր Միկոյանին ներգրավում տարբեր գաղափարական քննարկումների և ներկուսակցական պայքարի մեջ: Սակայն Միկոյանն այդպես էլ մինչև կյանքի վերջը պաշտոնական ամբիոնից Ստալինի և նրա բռնությունների մասին քաղաքական գնահատական չտվեց: Նա միշտ զուսպ էր արտահայտվում այդ հարցի շուրջ, նաև` ԽՄԿԿ 22-րդ համագումարում:
Օգտվելով իր դիրքից` Միկոյանը նպաստեց իր ընկերներին արդարացնելու և աքսորից վերադարձնելու գործին: Նա նաև աջակցում էր գնդակահարված ընկերների ընտանիքներին:
Կարիբյան ճգնաժամի ժամանակ Միկոյանն առաջինը մեկնեց Կուբա և հանդիպեց Կաստրոյի հետ: Այդ իսկ պատճառով նա մեծ հեղինակություն էր վայելում Կուբայում: Նա առաջին օգնությունը հասցրեց ամերիկյան շրջապատման մեջ գտնվեղ կուբացիներին:
1956 թ. նա մասնակցություն ունեցավ Լեհաստանում և Հունգարիայում հակախորհրդային ելույթների ճնշմանը:
Հետագայում հենց Միկոյանը Խրուշչովի հանձնարարությամբ մեկնեց Գրոզնի, ուր բախումներ էին սկսվել ռուսների և աքսորավայրից վերադարձած չեչենների միջև: Միկոյանին հաջողվեց առանց արյունահեղության և ձերբակալությունների հարթել կոնֆլիկտը:
Բայց երբ Դոնի ափերին ժողովուրդը սոցիալական պատճառներով բունտ բարձրացրեց, այնտեղ ժամանած Միկոյանն ու Սուսլովը չկարողացան առանց արյունահեղության ճնշել բանվորների ելույթները:
1964 թ. նա ընտրվեց ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահ, բայց մեկ տարի անց ստիպված էր թողնել պաշտոնը, քանի որ Կենտկոմում փորձ արեց պաշտպանել արդեն իր մայրամուտն ապրած Խրուշչովի քաղաքականությունը:
Անաստաս Միկոյանը մահացավ 1978 թ., Մոսկվայում: