Հայերեն   English   Русский  

Այսօր հատկացվող ֆինանսավորմամբ աշխատում են միայն նվիրյալ գիտնականները, սակայն այսպես շարունակվել չի կարող


  
դիտումներ: 413

Գիտությանը տրվող նվազագույն ֆինանսավորում, բացակայող ռազմավարություն, ոչ գրավիչ առաջարկներ երիտասարդ գիտնականների համար ու գիտությամբ զբաղվող ինստիտուտներում բացիթողի վիճակ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցներն այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեցին գիտնականներին հուզող խնդիրները, որոնք լուծվելու փոխարեն կարծես ավելի են խորանում ու նոր դժվարություններ ստեղծում:

Ըստ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանի՝ օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե գիտնականները աշխատելու փոխարեն միայն գնացել են սուրճ խմելու, անհեթեթություն է։

«Քաղաքականությունը Գիտությունների ազգային ակադեմիայի նկատմամբ պոպուլիզմ է, բայց գիտությունն այն ոլորտն է, որտեղ բոլոր որոշումները պետք է ընդունվեն հիմնավորված, եթե ինչ-որ աշխատող բան են փակում, ապա պետք է հիմնավորեն, թե ինչու։ Կառավարությունն այսօր փորձում է ամեն բան փակել, հեղափոխել: Հիմա Գիտությունների ակադեմիայի անկախությունը կառավարությունից ամրագրված է օրենքով։ Ըստ էության, ձեռնարկվում են իրավիճակը փոխելու փորձեր։ Նոր օրինագիծը, որ մշակել են նախարարությունում, նախատեսում է բուհերի և ինստիտուտների համատեղ աշխատանք, սա ենթադրում է, որ բուհերը սկսելու են կառավարել ինստիտուտները, իսկ նոր օրինագծով բուհերի հոգաբարձուների խորհուրդների գերակշիռ մասը լինելու են կառավարության անդամներ, հետևաբար ինստիտուտները կառավարվելու են կառավարության կողմից»,- ասաց Ազիզբեկյանը։

Ըստ գիտնականի այսօր ոլորտի ամենակարևոր խնդիրներից է նաև այն, որ ֆինանսավորման պակասը կարող է վտանգել հենց գիտության գոյությանը երկրում՝ ազդելով գիտական ժառանգության պահպանմանը և սերնդափոխությանը։

«Երիտասարդ գինականները ապագայի երաշխիք չունեն, իսկ դրա համար հարկավոր են երկարաժամկետ նախագծեր՝ 5-10 տարվան միտված։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ երիտասարդ գիտնականները կամ հեռանում են երկրից, կամ գնում են մասնավոր հատված։ Բայց իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել այն բանին, որ մեզ Հայաստանում գիտության վերականգնման համար հարկավոր կլինի ծախսել 25-30 անգամ ավելի փող, քան հիմա կարելի է ծախսել բարեփոխումների վրա, այն էլ 30 տարի: Այսօր հատկացվող ֆինանսավորմամբ աշխատում են միայն նվիրյալները, սակայն այսպես շարունակվել չի կարող»,- ասաց գիտնական Ռուբեն Հակոբյանը։

Նա ավելացրեց, որ ինչպես առաջ, այնպես էլ հիմա Հայաստանի կողմից գիտական նախագծերի ֆինանսավորումը խիստ զիջում է այն երկրի ֆինանսավորմանը, որի հետ իրականացվում է նախագիծը, երբեմն էլ բոլորովին չի ֆինանսավորվում, բացի այն, որ վճարվում են ուղեվարձն ու արտասահմանում կեցությունը։

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Հայաստանում գիտական գործունեություն վարելը, որպես կանոն, նշանակել է, որ առավոտյան պետք է գնալ շենք, որի ճակատին գրված է ԳՀԻ, որտեղ օրվա առաջին կեսին կարելի է սուրճ խմել եւ արդեն վերադառնալ տուն։ Միանգամայն բնական է, որ նման գործունեություն վարող մարդկանց այդ հարմարավետությունից դուրս բերելու փորձերը առաջ են բերում որոշակի խնդիրներ։ Բայց մենք կգնանք հենց այդ ճանապարհով»։

Նշենք, որ բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքի սկանդալային նախագիծը նախատեսում է ակադեմիական գիտության փաստացի վերացում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: