Հայերեն   English   Русский  

ԱԺ փոխնախագահը լսումներ հրավիրել չի կարողանա. Կառավարությունը մերժեց ընդդիմադիր խմբակցության ներկայացրած նախագիծը


  
դիտումներ: 677

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որը թույլ կտա խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառել նաեւ ԱԺ փոխնախագահներին:

Բացի այդ, օրինագծով առաջարկվում է նաեւ խմբակցության կողմից յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում հրավիրվի ոչ թե մեկ, այլ երկու լսում:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԺ-ում հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ, քանզի ԱԺ-ում կառավարող ուժը՝ հանձինս Ազգային ժողովի նախագահի եւ երկու տեղակալների, Ազգային ժողովի նախագահի որոշման հիման վրա կարող է նախաձեռնել խորհրդարանական լսումներ, մինչդեռ ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրված տեղակալը նման հնարավորությամբ օժտված չէ:

Իսկ երկու լսում հրավիրելու անհրաժեշտությունը պայմանավորված է խմբակցությունների կողմից կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունների արդյունքում բացահայտվող հասրարակական հնչեղություն և կարեւորություն ունեցող բազմաթիվ խնդիրներով, որոնք հիմք են հանդիսանում հանրային լայնամաշտաբ քննարկման եւ արդյունքում նաեւ օրենսդրական բարեփոխումների իրականացման համար:

Նշենք, որ գործող կարգավորումներով Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել ԱԺ նախագահը, մշտական հանձնաժողովները, խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԺ փոխնախագահին խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասության վերապահումը չի բխում Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված Ազգային ժողովի նախագահի տեղակալի կարգավիճակից, ինչպես նաեւ վերջիններիս վերապահված գործառույթների եւ լիազորությունների շրջանակից:

Հարկ է նաեւ նշել, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից, իսկ խմբակցության կազմում ընդգրկված ցանկացած պատգամավորի, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալի կողմից առաջադրած նախագծին վերաբերող հարցով խմբակցությունը կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ:

Կառավարությաունը նաեւ նշում է, որ կարելի է քննարկել խմբակցությունների կողմից խորհրդարանական լսումներ իրականացնելու հարցերի շրջանակը ընդլայնելու հնարավորությունը:

Հակառակ պարագայում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նախագծի հեղինակի կողմից վկայակոչված հավասարակշռության ապահովումը կհանգեցնի անհավասարակշռության մյուս ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ նախագծով նախատեսված կարգավորման պարագայում խորհրդարանական լսումներ իրականացնելու լիազորություն կվերապահվի միայն այն ընդդիմադիր խմբակցությանը, որի կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրվել է Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի նախագահի տվյալ տեղակալը:

Ելնելով վերոգրյալից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ բարձ-րացված խնդիրների համատեքստում նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման եւ լրամշակման կարիք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: